Հրդեհից տուժած արմավիրցիները դեռ փոխհատուցման գումարները չեն ստացել

Լուրեր

16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
Բոլորը

Հոկտեմբերի 22-ին Արմավիրի Սիլիկյան 9 շենքում բռնկված հրդեհից տուժածներին կառավարությունը որոշել էր պահուստային ֆոնդից գումարներ հատկացրել, օգնել նրանց բնակարաններ վարձակալելու հարցում։ Փողոցում հայտնված 11 ընտանիքներից յուրաքանչյուրին գործադիրը խոստացել էր 240 հազար դրամ տրամադրել որպես 4 ամսվա բնակվարձ։ Մինչ օրս հրդեհից տուժածները փոխհատուցում չեն ստացել։ Այսօր բոլորին կանչել էին մարզպետարան, պայմանագրեր ստորագրելու։ Մարդիկ, սակայն, գոհ չեն։

«Մեզ ասեցին, մենք չգիտենք, 6 ամսվա համար ենք տալու, թե 4 ամսվա։ Սկզբում մեզ խոստանում էին, որ 6 ամսով են մեզ գումար տալու ու ամիսը 35 հազար էլ կոմունալի համար։ Բայց հիմա կոմունալը ասել են՝ չենք տալու, վարձն էլ սեղմեցին, 6 ամիսը դարձրին 4 ամիս ու փողը չեն տալիս», – գանգատվում է Արմավիրի բնակիչ Անուշ Մկրտչյանը, ում բնակարանը ողջ գույքի հետ կրակի ճարակ է դարձել։

Նա ընտանիքով բնակվում է մի դատարկ բնակարանում, որի համար ամիսը 30 հազար դրամ է վճարում։ «Այդ տանը ոչինչ չկա։ Փայտ էլ չունեմ, որ վառարան վառեմ։ Հիվանդացել եմ, հազս չի անցնում», – ասում է կինը՝ հազից շնչահեղձ լինելով։

Ի՞նչ է լինելու 4 ամիս հետո, բնակիչները չգիտեն։ «Ամբողջ հարցն էլ դա է։ Ասել են, օգնությունը շարունակական է լինելու, բայց մենք ներկան չգիտենք, ինչ է լինելու, փողերը երբ են տալու, էդ «շարունակականին» ո՞նց հավատանք», – ասում է վրդովված կինը։

Նրա հարևանուհին էլ՝ Անուշ Բաղդասարյանը, Factor.am-ին հայտնեց, որ նույնպես չի ստացել իր հասանելիք գումարը մարզպետարանից․««Նիսյա»-ով ենք տուն վարձել, չգիտենք, փողը երբ են տալու»։

Նախկինում, շենքի մյուս բնակիչների հետ նա ապրում էր մեծ վրանում, որը արմավիրցիները շաբաթը 40 հազար դրամով վերցրել էին հարակից գյուղերից մեկի բնակչից։ «Մի շաբաթ կարողացանք փողը տալ։ Մի շաբաթ էլ տերը իր հաշվին տվեց։ Հետո էլ փող չունեինք, քանդեցինք վրանը, տվեցինք տիրոջը»,- պատմեց նա։

Հրդեհից տուժածները՝ ով ինչպես կարողացել, տեղավորվել է. ով տնակ է դրել այրված շենքի մոտ, ով վարձով տանը, ով էլ բարեկամի ողորմածության հույսին է մնացել, աղքատ ազգականի կարգավիճակում։

«Քաղաքապետարանը յուրաքանչյուր ընտանիքին ցուցակով 60 հազարական գումար է հանձնել, միանվագ։ Դա եղել է հրդեհից մի քանի օր անց։ Թե ինչ է եղել հետո, մենք տեղյակ չենք», – ի պատասխան մեր հարցի՝ պատասխանեցին Արմավիրի քաղաքապետարանի քարտուղարությունից։

Իսկ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունից հավատացրեցին, որ դրսում մնացած արմավիրցիների գումարները նրանց կհանձնվեն մյուս շաբաթվա կեսերին։ Այս վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը մեզ հայտնեց, որ այսօր 11 ընտանիքներից 9-ի հետ պայմանագրեր են կնքվել։ Նրա ներկայացմամբ՝ մյուս երկուսը դեռ բանկային հաշվեհամար չունեին, և առաջիկայում բոլոր տեխնիկական հարցերը լուծելուն պես՝ նրանք էլ կստանան իրենց փոխհատուցումը։

«Իրենց ասված էր, որ բանկային հաշվեհամարներ բերեին, երկու հոգի են եղել, որ չեն ունեցել բանկային հաշվեհամար։ Մեկի մոր անունն էր որոշման մեջ, բայց որդին էր եկել, մյուսի տղան հանրապետությունից բացակայում է, թող տղան ուղարկի լիազորագիր, որ մայրը կարող է իր փոխարեն ստանալ։ Երկուշաբթի օրը կվավերացվեն պայմանագրերը, կմուտքագրվեն էլեկտրոնային համակարգ»,- նշեց պաշտոնյան։

Վարազդատ Մկրտչյանը նաև հավաստիացրեց, որ մեծ ուշացում գումարների հատկացման հարցում չի եղել: «Կառավարության որոշման հրապարակումից 10 օր պետք է անցներ, որ ուժի մեջ մտներ։ Բացի դա, արմավիրցիներին օգնել է քաղաքապետարանը, իսկ «Լույս» հիմնադրամը յուրաքանչյուրի համար 100 հազարական օգնություն է փոխանցել «Արմավիր դար 21» հիմնադրամի միջոցով։ Թող այդ գումարներն օգտագործեին, մինչև որ գումարները տեղ հասնեին», – ասաց ֆինանսական հարցերի պատասխանատուն։

Սյուզան Սիմոնյան