2534 նոր դեպք և 25 մահ՝ առանց կարանտինի 2 շաբաթում․ ի՞նչ սպասել առաջիկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Այսօր Հայաստանի առողջապահության նախարարը հայտարարեց․ մի քանի օրից կորոնավիրուսով ախտորոշված, սակայն թեթև ախտանշաններով քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում և հիվանդանոցներում։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ հիվանդների տնային հսկողությունն ընկնելու է քաղաքացիների ուսերին։

Հայաստանում, որտեղ կորոնավիրուսի դեպքերն արդեն գերազանցել են 5000-ը, արդեն 2 շաբաթ է կարանտին չկա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած չափանիշներով՝ երկրները, որտեղ կարանտինը վերացնելու որոշում է կայացվել, պետք է որոշակի կետերի համապատասխանեն։

Դիտարկենք դրանցից մի քանիսը և փորձենք հասկանալ՝ որքանով էր Հայաստանը պատրաստ նման կարևոր քայլի և ինչ արդյունք է գրանցվել կարանտինի վերացումից 2 շաբաթ անց։ Այսպես, կարանտինը վերացրած երկրներում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը պետք է նվազի, իսկ վարակի տարածումը վերահսկվի։ Կարանտինային ռեժիմի թուլացման առաջին օրվանից՝ մայիսի 4-ից ի վեր, Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կրկնապատկվել է՝ ավելանալով 2534-ով։ Ստացվում է, որ 2 շաբաթում ավելի շատ նոր դեպք է գրանցվել, քան 2 ամսում, այսինքն՝ մարտի 1-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում։ Ընդհանուր դեպքերի կտրուկ ավելացմանը զուգահեռ, մեծացել է նաև օրական գրանցվող նոր դեպքերի աճի տեմպը։ Մինչև ապրիլի 29-ը Հայաստանում 24 ժամում գրանցվող նոր դեպքերի առավելագույն թիվը եղել է 92։ Կարանտինի վերացումից ընդամենը մի քանի օր առաջ աճի տեմպը սկսել է կտրուկ բարձրանալ՝ օրական հասնելով 100-ից ավելիի։

Կարանտինի վերացումից հետո արդեն՝ այդ տեմպը կայունացել է և, արդյունքում, 1 օրում գրանցվող նոր դեպքերը, բացառությամբ մայիսի 10-ի, 100-ից պակաս չեն եղել։ Ամենամեծ թիվը՝ 1 օրում 351 դեպքը, գրանցվել է մայիսի 18-ին․ հենց այն օրը, երբ կարանտինի վերացմանը զուգահեռ՝ նաև հանրային տրանսպորտն է վերսկսել աշխատանքը։

Կարանտինի վերացումից հետո Հայաստանում աճել է նաև մահվան դեպքերի թիվը։ Եթե մարտի 1-ից մինչև մայիսի 4-ը հանրապետությունում մահացել էր կորոնավիրուսով վարակված 39 քաղաքացի, ապա մայիսի 4-19-ը՝ 25։ Այսինքն՝ 2 շաբաթում գրանցված մահերի թիվը 14-ով գերազանցում է 2 ամսում գրանցված մահերի թվին։ ԱՀԿ սահմանած չափանիշներով՝ երկրում, որտեղ կարանտինի վերացման են գնում, առողջապահական համակարգը պետք է ի վիճակի լինի թեստավորել, մեկուսացնել և բուժել քաղաքացիներին։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալներով՝ կարանտինի վերացումից՝ մայիսի 4-ից ի վեր, Հայաստանում իրականացվել է 18․099 թեստավորում։ Ստացվում է՝ վերջին 2 շաբաթում օրական միջինում 1206 թեստավորում է իրականացվել։ Եվ սա այն դեպքում, երբ թեստերի օրական քանակը 1000-ի հասցնելու անհրաժեշտության մասին վարչապետ Փաշինյանը խոսում էր դեռ 1․5 ամիս առաջ՝ խոստանալով շուտով թեստերի տեղական արտադրություն սկսել։

Factor.am-ը հետաքրքրվեց՝ ինչ փուլում է այս գործընթացը, սակայն Արսեն Առաքելյանը, որի ղեկավարած Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը պետք է թեստերի արտադրությամբ զբաղվի, մեր զանգերն անպատասխան թողեց։ Հայաստանի առողջապահության նախարարի կանխատեսած վատագույն սցենարով Հայաստանը շուտով կարող է մինչև կես միլիոն վարակակիր ունենալ։ Հենց նմանատիպ սցենարներ քննարկելով էլ, մոտ 2 ամիս առաջ Մարզահամերգային համալիրը վերածվեց այլընտրանքային հոսպիտալի՝ հարյուրավոր մահճակալներով։ Այսօր արդեն՝ ինչպես համացանցում տեղադրված լուսանկարներում է երևում, մահճակալներին նաև բարձեր ու ներքնակներ են ավելացել։ Այնուամենայնիվ, թեմային անդրադառնալով, նախորդ շաբաթ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց այդ ռեզերվային տարբերակից զերծ ենք մնացել։

Ճշտելու համար՝ արդյոք Ավինյանի այս հայտարարությունից օրեր անց էլ Մարզահամերգային համալիրը դեռ դատարկ է, կապ հաստատեցինք ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ։ Վերջինս նշեց, որ իրենց տեղեկություններով այժմ այնտեղ հիվանդներ չկան։ Այս տեղեկությունը հաստատեց նաև Հայաստանի փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը։

Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ հիվանդների համար մահճակալներ առայժմ միայն համալիրի նախասրահում են տեղադրված, ավելացումներ չեն եղել։ ԱՀԿ չափորոշիչների համաձայն՝ երկրում, որտեղ կարանտինը վերացվում է, նաև վարակի բերովի դեպքերի ռիսկերը պետք է վերահսկվեն։ Հայաստանի դեպքում այս կետը ևս խնդրահարույց է, քանի որ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի հաղորդմամբ՝ մայիսի 15-ից վերսկսել են ՌԴ-ից կանոնավոր չվերթները, իսկ արդեն հունիսից՝ չվերթները դեպի Եվրոպա և Կատար։

Կորոնավիրուսի պայմաններում ճամփորդողները, իհարկե, շատ չեն լինի, սակայն արդյոք Հայաստանի ենթակառուցվածքները բավարար կլինեն երկիր ժամանող յուրաքանչյուր ուղևորի համար առնվազն 14-օրյա մեկուսացում ապահովել՝ այն դեպքում, երբ նույնիսկ մարտին՝ կորոնավիրուսի բռնկման սկզբնական շրջանում, Հայաստան ժամանած հայտնի քաղաքացին չէր հետևել նախարարության ցուցմանը և չէր ինքնամեկուսացել։

Factor.am-ն ուսումնասիրեց նաև միջազգային փորձը՝ պարզելու համար, թե ինչպես է կարանտինային ռեժիմի թուլացումն ազդել այլ երկրների կորոնավիրուսային դրության վրա։

Այսպես, կորոնավիրուսի բռնկման օջախ համարվող Չինաստանում, որտեղ կարանտինը դեռ ապրիլի սկզբից էր թուլացվել, արդեն նոր՝ մասնակի կարանտին է հայտարարվել, քանի որ վարակման դեպքերը կրկին ակտիվացել են՝ միայն մեկ օրում հասնելով 34-ի։ Սա այն դեպքում, երբ վերջերս Չինաստանում կորոնավիրուսի օրական նոր դեպքերի թիվը գրեթե 10-ի էլ չէր հասնում, իսկ որոշակի օրերի՝ նոր դեպք չէր էլ գրանցվում։

Հարավային Կորեան, որը նույնպես կարանտինի վերացման որոշում էր կայացրել, ընդամենը մի քանի օր անց այն չեղարկել է, քանի օր նոր դեպքերի թիվը կրկին ավելացել է։ Երկրի նախագահը հայտարարել է, որ երկրում վարակի բռնկման 2-րդ ալիք կարող է սկսել։

Գերմանիան, որը կորոնավիրուսի դեմ պայքարում ամենաօրինակելի երկրներից է համարվում, մասամբ վերականգնել է կարանտինային ռեժիմն այն շրջաններում, որտեղ կարանտինի թուլացումից հետո վարակի աճի տեմպն արագացել է։ Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է․ «Միշտ պետք է գիտակցենք, որ դեռ պանդեմիայի սկզբնական շրջանում ենք»։

Լիբանանում, որտեղ սահմանափակումները հանվել էին, 4 օրով կրկին կարանտին է հայտարարվել։ Տարածաշրջանում կորոնավիրուսի բռնկման ամենամեծ օջախներից Իրանը, որտեղ ապրիլի 2-րդ կեսից կարանտինի թուլացումներ էին, այժմ շրջաններից մեկում կրկին ամբողջական կարանտին է հայտարարել, քանի որ վերջին օրերին մեկ օրում գրանցվող դեպքերը կրկին շատացել են՝ հասնելով մինչև 2000-ի։

Հավելենք, որ մայիսի 19-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5041 դեպք։ Մահվան դեպքերն արդեն 64-ն են։ Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն արդեն մոտենում է 5 միլիոնին։

Մանրամասները՝տեսանյութում։

Նելլի Մելքոնյան

 

 

Գլխավոր նկարում օգտագործվել է Ազատություն Ռ/Կ-ի լուսանկարը