Եվրոպայից արդեն 2.8 անգամ թանկ. ռուսական գազի գնի պատմությունը

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը

Ապրիլի սկզբին «Գազպրոմ-Արմենիան» դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի բաշխման սակագները վերանայելու խնդրանքով: Մասնավորապես, առաջարկվում էր միջին սակագինը բարձրացնել 11 տոկոսով և ներկայիս՝ 1 խմ-ի դիմաց 122 դրամի փոխարեն սահմանել 136 դրամ:

Նշված հայտի լույսի ներքո և հաշվի առնելով Եվրոպայում ռուսական գազի աննախադեպ արժեզրկումը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց հրապարակել «գազային» համաձայնագրերի կնքումից հետո գազի գնի դինամիկայի որոշ ցուցանիշներ՝ համեմատելով Եվրոպա մատակարարվող ռուսական գազի գնի հետ:

Պայմանագրային բազան

2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեցին հայտնի «գազային» համաձայնագրերը, որոնք ունեին 2 բաղադրիչ՝ «ՀայՌուսԳազԱրդի» բաժնետոմսերի վաճառքի ու գործունեության պայմանների և գազի գների ձևավորման կարգի մասին:

Առաջին համաձայնագրով «Գազպրոմին» փոխանցվեց «ՀայՌուսԳազԱրդի» բաժնետոմսերի վերջին՝ 20 տոկոս բաժնեմասը, և փաստացի երաշխավորվեց, որ մինչև 2043 թվականը հայկական կողմը գազը գնելու է «Գազպրոմից», իսկ «Գազպրոմ-Արմենիան» ստացավ նույնիսկ էլեկտրաէներգիա արտահանելու արտոնություններ:

Երկրորդ համաձայնագրով ամրագրվեց Հայաստան առաքվող գազի գինը սահմանին՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Սկզբում դա 1000 խորանարդ մետրի դիմաց 190 ԱՄՆ դոլար էր, հետո դարձավ 165, իսկ հետո նվազեց մինչև 150 (այդ նվազումների համար հայկական կողմը նորանոր արտոնություններ էր տալիս «Գազպրոմ-Արմենիային»):

Գինը սահմանին

2013 թվականի երկրորդ համաձայնագիրը կնքված էր 5 տարով և դադարեց գործել 2019 թվականի հունվարի 1-ից: Այդ օրվանից, բանակցությունների արդյունքում, սահմանին գազի գինը ժամանակավորապես (և առ այսօր) ֆիքսվեց 165 դոլար 1000 խմ-ի դիմաց:

Սակայն եթե 2014 թվականին 190 դոլարը միջազգային շուկայում շահավետ գին էր, ապա ժամանակի ընթացքում եվրոպական շուկայում ռուսական գազն էապես արժեզրկվեց և շատ արագ Հայաստանը («Գազպրոմ-Արմենիան») սկսեց գազը ձեռք բերել ավելի թանկ, քան նույն գազը, որն առաքվում էր Եվրոպա:

2020 թվականի 1-րդ եռամսյակում Եվրոպա առաքվող ռուսական գազի միջին գինը (մուտքի սահմանին) մոտ 87 դոլար է, իսկ Հայաստանի սահմանին, ինչպես նշեցինք, 165 կամ Եվրոպայից համարյա երկու անգամ թանկ:

Ընդ որում, Եվրոպայում ռուսական գազի գնանկումը սկսել է դեռևս կորոնավիրուսի պանդեմիայից առաջ: 2019 թվականի 3-րդ եռամսյակում այն արդեն ավելի էժան էր, քան Հայաստանում, իսկ 2020 թվականի ապրիլին Եվրոպայում ռուսաստանյան գազի գինը կազմեց մոտ 59 դոլար 1000 խմ-ի դիմաց:

Բաշխման արժեքը

Սրանք, սակայն, գներն էին, որոնցով «Գազպրոմ-Արմենիան» գազը ձեռք է բերում «Գազպրոմից»: «Գազպրոմ-Արմենիան», իր հերթին, գազը վաճառում է ՀԾԿՀ սահմանած սակագներով: 2014 թվականից ի վեր, դրամային արտահայտմամբ, բնակիչ-բաժանորդների համար գազի գինը միմիայն պակասել է, իսկ ամսական 10 հազար խորհանարդ մետրից ավել սպառողների համար նախ՝ աճել (պայմանավորված դրամի արժեզրկմամբ) և ապա՝ նվազել:

Ընդ որում, 2017 թվականից գյուղատնտեսական որոշ ուղղությունների և տարեկան 600 խմ-ից քիչ սպառող բաժանորդների համար սահմանվեցին արտոնյալ գներ, որոնք գծապատկերում նշված են կետագծով:

ՀԾԿՀ սահմանած սակագները, համաձայն 2013 թվականին 30 տարով ստորագրված համաձայնագրի, պետք է լինեն այնպիսին, որ «Գազպրոմ-Արմենիան» ծածկի սահմանին գազի գնման ու գազաբաշխման հետ կապված իր ծախսերը (այդ թվում՝ «ետ բերի» կատարված ներդրումները) և ունենա տարեկան միջինում 9 տոկոս շահութաբերություն:

Այսինքն՝ եթե 2014 թվականին «Գազպրոմ-Արմենիային» 1 խմ գազի բաշխման համար մնում էր 36 դրամ խոշոր սպառողներից և 79 դրամ բնակիչ-բաժանորդներից, ապա այժմ այդ թվերը կազմում են 37 դրամ խոշոր սպառողների համար (գյուղատնտեսության որոշ ճյուղերում՝ 23 դրամ) և 60 դրամ (շատ քիչ սպառողների մասով՝ 21 դրամ):

Եթե այժմ միջինում 1 խմ կապույտ վառելիքի բաշխումից «Գազպրոմ-Արմենիան» ունի միջինում 43 դրամ մարժա, ապա հայտով առաջարկվում է այդ թիվն ավելացնել 14 դրամով (կամ 32 տոկոսով) և հասցնել մոտ 57 դրամի: Այս թիվը, սակայն, է՛լ ավելի բարձր է, քան «գազային» համաձայնագրերի ստորագրմանը հաջորդած՝ 2014 թվականին գազի բաշխման մարժայից:

Այսպիսով

Գազի մարժայի ռեկորդային ցածր ցուցանիշը, հնարավոր է, բավարար չէ 2013 թվականին ստորագրված պայմանագրով ամրագրված 9 տոկոսանոց շահութաբերության ապահովման համար, և հենց սա է պատճառը, որ «Գազպրոմ-Արմենիան» դիմել է սակագնի վերանայման համար: Թեև, չի բացառվում, որ գազաբաշխման ծախսերի հիմնավորվածության քննարկման սահմաններում հնարավոր լինի նվազեցնել «Գազպրոմ-Արմենիայի» ծախսերը և եղած՝ ցածր մարժայի սահմաններում ունենալ 9 տոկոսանոց շահութաբերություն (կամ ավելացնել մարժան ոչ թե առաջարկվող 14 դրամով, այլ ավելի քիչ):

Սակայն բերված թվերը հիմնավորում են, որ ի տարբերություն 2014 թվականի, այժմ Հայաստանում վերջնական սպառողի մոտ գազի գնի (և դրա հնարավոր բարձրացման) մեջ գերակշռապես ներդրում է ունենում սահմանին գազի անհասկանալիորեն բարձր գինը:

2013 թվականին ստորագրված համաձայնագրերն ու դրանցով «Գազպրոմին» տրված մենաշնորհներն իրապես պակասեցնում են սահմանին գազի գնի վրա ազդելու Հայաստանի կառավարության հնարավորությունները ու հարցը դարձնում հայ-ռուսական քաղաքական երկխոսության առարկա:

Դանիել Իոաննիսյան, Սևադա Ղազարյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»