Այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և իմ՝ անձամբ, ամենամեծ պարտությունը, որ մենք ունեցել ենք հեղափոխությունից հետո. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

12.12.2024 | 10:31
Նավթի գներն աճել են
12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
12.12.2024 | 09:46
Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը Ազգային ժողովում

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Սիրելի ժողովուրդ,

նախ ուզում եմ բոլորիս շնորհավորել Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ: Եվ ուզում եմ բոլորիս շնորհավորել 2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության դե յուրե հաղթանակի երկրորդ տարեդարձի կապակցությամբ:

Իմ եզրափակիչ ելույթը պիտի վերաբերեր տեղի ունեցած քննարկումներին և կառավարության ծրագրի ընթացքի և արդյունքների մասին զեկույցին, բայց չեմ կարող չանդրադառնալ այն ամենին, ինչ տեղի է ունենում և տեղի է ունեցել այս դահլիճում և այսօր առավոտյան տեղի ունեցավ մեր բոլորի աչքի առաջ: Ես ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը՝ ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ իր բոլոր դրսևորումներով: Ուզում եմ ընդգծել՝ բռնությունը իր բոլոր դրսևորումներով, որովհետև բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բռնությունը լինում է բարոյական, բռնությունը լինում է հոգեբանական: Եվ պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն 2 տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունը և այս կառավարությունը հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների: Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության պատգամավորներին՝ կին պատգամավորներին, սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ:

Եվ այս ամենն ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի և քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը: Եվ, այո՛, երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ինձ հրավիրել է սուրճ խմելու, և ես ընդունել եմ հրավերը: Ես ինքս իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում, և ես ուղիղ ասել եմ, որ, այո՛, պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր՝ կասկածելու, որ Դուք և Ձեր գործունեությունը, այդ ողջ հոգեբանական, բարոյական բռնությունները, ի վերջո, ֆիզիկական բռնություններ գործարկելու պլանի մի անբաժանելի մասն է:

Եվ ես, այսօր առավոտյան դիտելով տեղի ունեցածի տեսագրությունը, մի պարզ հարց եմ տալիս – կներեք, որ այսպիսի մանրամասների մեջ եմ մտնում, բայց ստիպված եմ – միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունեցել այնտեղ՝ ամբիոնից ներքև: Հարց՝ իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողն այնտեղ կանգնած, և երբ ամբիոնից իջնում էր և մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում: Ինչի՞ համար էր գնում: Քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ: Կամ որտեղի՞ց վստահությունը, եթե նույնիսկ Սասուն Միքայելյանը տեղից վեր էր կացել, եթե նույնիսկ շարժվել էր, որտեղի՞ց վստահությունը, որ նա, ուղղակի վրդովմունքն իր ձևով արտահայտելով, դուրս չէր գալու այս դահլիճից: Տեղի ունեցածն այլ կերպ, քան սադրանք՝ քստմնելի սադրանք, կներեք, ես չեմ կարող անվանել, մանավանդ այդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո:

Ես ուզում եմ ուղիղ ասել՝ բայց դատապարտում եմ նաև այն, որ մենք տրվում ենք սադրանքների: Իմ եղբորը, իմ ընկերոջը ես դատապարտում եմ, որովհետև մենք իրավունք չունենք տրվել սադրանքների: Որովհետև, այո՛, մեզ անընդհատ, ամեն օր ուզում են շեղել մեր արժեքներից: Այս ամբիոնից էր այդ նույն մարդն ասում՝ մեզ «պադյեզդներում» ծեծելո՞ւ եք: Նրանք ուզում են մեզ դարձնել իրենց «պադյեզդներում» ծեծողներ: Նրանք մեզ ուզում են հավասարեցնել «քիլլերների»: Նրանք մեզ ուզում են շեղել մեր արժեքներից: Նրանք մեզ ուզում են հանել հավասարակշռությունից: Եվ, այո՛, այսօր Հայաստանում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ: Ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից: Սա է ճշմարտությունը:

Եվ ես ուզում եմ խոսել նաև օրենքի և օրինականության տեսակետից: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կաշառքը համարվում է հանցագործություն, բայց նույնպիսի կամ նույնպիսի չէ, առանձին վերցրած հանցագործությունն էլ կա՝ կաշառքի սադրանքը: Սադրանքը նույնպիսի հանցագործություն է, ինչ դրա հետևանքները, և սա է իմ գնահատականն այսօր տեղի ունեցած միջադեպին: Եվ, այո՛, ես դատապարտում եմ մեզ, ես դատապարտում եմ ինձ, և այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և իմ՝ անձամբ, ամենամեծ պարտությունը, որ մենք ունեցել ենք հեղափոխությունից հետո: Բայց սա որևէ մեկին թող հուսավառ չանի, որովհետև, կներեք, «ես» եմ ասում, բայց «մենք» հասկանանք՝ ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս ու տեսել քմծիծաղը ստի – այսօր էլ ենք մենք տեսնում քմծիծաղը ստի – բայց իմ կամքը ամուր է քարից էլ, իմ ոգին հանձնվել չգիտի: Այո՛, այս ամեն ինչը կապ ունի «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի հետ, այս ամեն ինչը կապ ունի բազմաթիվ և բազմապիսի քրեական գործերի հետ: Որովհետև երբ այդ գողացված միջոցները վերադարձվեն, որտեղի՞ց են իրենց թուլափայն ստանալու թուլափայ ստացողները:

Եվ շատ կենսական հարց է լուծվում այսօր: Այսօր բռնության է ենթարկվում ոչ միայն իշխող մեծամասնությունը, բռնության, հոգեբանական բռնության է ենթարկվում հանրությունը, որովհետև նրանք ուզում են մեզ դնել ընտրության առաջ՝ կամ մենք պետք է դառնանք «պադյեզդներում» ծեծողներ, կամ մեր թիմակիցները պետք է վախենան «պադյեզդներ» մտնելիս: Թույլ չե՛նք տա: Այո՛, այդ շքամուտքերում ձեզ ասֆալտներին կպառկացնենք: Դուք չունեք հնարավորություն Հայաստանի ժողովրդից վերցնել այն իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին: Ես 100 անգամ ասել եմ այս մարդկանց, գնացեք, նայեք հարյուրավոր ելույթներ, գնացեք, տեսեք՝ ոնց է խոսել Էդմոն Մարուքյանը Հովիկ Աբրահամյանի հետ այս ամբիոնից, գնացեք, տեսեք՝ ոնց է խոսել Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանի հետ այս ամբիոնից և գնացեք, տեսեք, թե ոնց են նրանք խոսում ժողովրդի լեգիտիմ իշխանություն ունեցող մեծամասնության հետ՝ ասելով, որ «մի քանի վայրկյան խոսելու եմ, անդրադառնալու եմ ելույթին, բայց ափսոսում եմ այդ մի քանի վայրկյանը»:

Բռնությունը մեր իրականության մեջ տեղ չունի, և այդ միջադեպն այլևս երբեք չպետք է կրկնվի: Չպետք է կրկնվի: Երկրում տեղի է ունեցել մասշտաբային փոփոխություն, բայց այդ մասշտաբային փոփոխության ընթացքում այդպիսի միջադեպեր չեն եղել, բռնության դրսևորում որևէ մեկի նկատմամբ չի եղել, և էլի միակ բռնության դրսևորման հեղինակը մեր քաղաքական թիմից եղել է նույն մարդը՝ Սասուն Միքայելյանը՝ պլաստիկե շիշն ուղղորդելով դեպի տխրահռչակ Լևոն Երանոսյանը: Եթե Անդրանիկ Քոչարյանը չզինաթափեր Սասուն Միքայելյանին, թերևս այսօր դրանով էլ կավարտվեր միջադեպը: Բայց ես էլի ուզում եմ ասել՝ այո՛, ժողովուրդ, մենք պարտվեցինք: Ես դատապարտում եմ Ձեզ, հարգելի պարոն Միքայելյան, ես դատապարտում եմ ինձ, ես դատապարտում եմ մեզ, դատապարտում եմ ծառայության՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին, Արցախի ժողովրդին և այն արժեքներին, որոնք դարձել են 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության լոկոմոտիվ, տանող ուժ:

Ըստ էության՝ ես հարկ չեմ համարում զեկույցի մասին խոսել և նախորդ օրը իմ պլանավորած ելույթից ընդամենը վերջին նախադասությունը կօգտագործեմ՝ վերցնելով այն, ըստ էության, մարտահրավերը, որ այս ամբիոնից նետեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ խոսելով Հայաստանի քաղաքական դաշտի ֆլորայի և ֆաունայի մասին: Բայց ես այլաբանական խոսակցությունը կուզեմ տեղափոխել իրական խոսակցության և ասել՝ որպես կառավարության գործունեության արդյունք, չգիտեմ՝ ուղղակի արդյունք է դա, թե ոչ ուղղակի, մի մասով՝ ուղղակի, երկրորդ մասով՝ չգիտեմ ինչպիսի: 2019 թվականի ընթացքում Երրորդ հանրապետության պատմության մեջ եղել է նվազագույն ծառահատումը Հայաստանի Հանրապետության տարածքում, այդ թվում և Տավուշի մարզում: 2020 թվականի մայիսին արձանագրվել է, բայց դե ֆակտո դա տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերին՝ կովկասյան ընձառյուծը 1970 թվականից հետո առաջին անգամ երևացել է իմ հայրենի Տավուշի մարզում և իմ պապենական գյուղ Ենոքավանի տարածքում: Ես սա շատ լավ սիմվոլ եմ համարում և շատ ուրախալի իրադարձություն:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ ազատագրված Շուշին, և կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում, բռնությունից զերծ Հայաստանում: