Ինչու Արգիշտի Քյարամյանը մեկ գիշերում դարձավ ԱԱԾ տնօրենի տեղակալ. Էդուարդ Մարտիրոսյանին չե՞ն վստահում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
05.05.2020 | 23:16Այսօր Հայաստանի պետական կառավարման համակարգում «ազատում-նշանակում» աննախադեպ օպերացիայի ականատես եղանք: Պետական վերահսկողական ծառայության պետի նախկին պաշտոնակատար Արգիշտի Քարամյանը 12 ժամվա ընթացքում մեկը մյուսին հաջորդող նախանձելի պաշտոնների նշանակվեց:
Երեկ նախ հայտնի դարձավ, որ նա վարչապետի որոշմամբ ազատվել է ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնից, և մեկ այլ որոշմամբ նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ այսօր արդեն՝ ազատվել ՔԿ պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Ընդ որում՝ ՔԿ նախագահի 5-րդ տեղակալի պաշտոնը ստեղծվել էր ապրիլի 30-ին և, մամուլի պնդումների համաձայն, հենց Քարամյանի համար:
Ինքը՝ Քարամյանն այս կապակցությամբ մեզ ասել էր․ «Չեմ կարծում որ որևէ մեկի համար հնարավոր է հաստիք կամ պաշտոն ստեղծել»։ Ուշագրավ է, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելուց 3 ժամ առաջ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի կարգավիճակում Factor.am-ի հետ զրույցում Քարամյանը խոստովանել էր, որ բացարձակ տեղյակ չէ, թե ինչով է զբաղվելու ՔԿ-ում։ Ավելին՝ նա նշել էր, որ դեռ ՊՎԾ-ում է. «Բացարձակ տեղեկություններ չունեմ: Ես դեռ ՊՎԾ-ում չեմ ավարտել, դեռ բավականին գործեր կան: ՊՎԾ-ն հանձնենք նոր, դա նորմալ է, ինչն է խնդիրը»։
Մերձիշխանական աղբյուրները փոխանցում են, որ Արգիշտի Քարամյանի համար մեկ օրով ՔԿ տեղակալի հաստիք բացելը պայմանավորված էր նրանով, որ նշանակվելուց նրան միանգամից շնորհվի նաև սպայի դասային բարձր կոչում։ Դա արվել էր այն նպատակով, որ ԱԱԾ տեղափոխվելիս Քարամյանը, բարձր պաշտոնի նշանակվելու համար, համապատասխան սպայական կոչում ունենա։ Բանն այն է, որ ըստ օրենքի, ԱԱԾ-ում սպայական կոչումներ ստանալու համար պետք է տարիներով աշխատել այդ համակարգում, մինչդեռ ՔԿ-ի պարագայում` կարելի է բարձր կոչում ստանալ առանց տարիներ կորցնելու:
Միևնույն ժամանակ նշենք, որ ՔԿ-ից այլ համակարգ տեղափոխվելու դեպքում այդ կոչումը պահպանվում է: Այս տեղեկությունների վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ վարչապետի խոսնակից: Նա, սակայն, նշեց, որ առաջիկայում պարզաբանում կներկայացնեն:
Քարամյանի կարիերայում տեղի ունեցած կայծակնային զարգացումները «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի մոտ տարակուսանք են առաջացնում: Նա ընդգծում է՝ որևէ անձի 12 ժամով նորմալ չէ որևէ պաշտոնի նշանակելը:
Հիշեցնենք՝ ԱԱԾ նախկին տնօրեն, Գեորգի Կուտոյանի դեպքում ևս նման հնարք կիրառվեց: Նա մի քանի օրով նշանակվեց դատախազի տեղակալ, ապա համապատասախան կոչում ստանալուց հետո՝ նշանակվեց ԱԱԾ տնօրեն։
«Ոչ միայն Կուտոյանի, կարելի է նաև զուգահեռներ տանել Արթուր Օսիկյանի հետ: Ես այս պահին չգիտեմ, թե Արգիշտի Քարամյանի ուսադիրներն ինչպես են փոխվել: Այս հանգամանքները հասկանալուց հետո նոր պարզ կլինի, թե այս վարկածը որքանով է տեղին»,- ասաց Իոաննիսյանը։
Այնուհանդերձ, նա խնդիրներ է տեսնում Արգիշտի Քարամյանի մինչ այս՝ ՊՎԾ -ում պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքում․ «Արգիշտի Քարամյանը, գործունեության հրապարակայնության առումով, հանրային լավագույն պաշտոնյան չի եղել: ՊՎԾ-ում, կարծես, լուրջ կիքսեր չի ունեցել, բայց վստահ էլ չեմ»։
Դանիել Իոաննիսյանը չի բացառում, որ Արգիշտի Քարամյանին ԱԱԾ տեղափոխելն ունի նաև քաղաքական ենթատեքստ: Իրավապաշտպանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ԱԱԾ գործող տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն իր կարիերան արել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ միասին, որն այժմ իշխանությունների գլխավոր ընդդիմադիրներից է: Ուստի Իոնաննիսյանը կարծում է, որ Փաշինյանին ԱԱԾ-ում վստահելի անձ էր անհրաժեշտ:
Հիշեցնենք, որ ընդամենը երեկ ԱԱԾ-ի անգործության արդյունքում կոռուպցիայի մեջ մեղադրվող գործարար Գուրգեն Խաչատրյանն անարգել հեռացավ երկրից։
«Չեմ բացառում, որ Էդուարդ Մարտիրոսյանի նկատմամբ որոշակի վստահության դեֆիցիտ կա, քանի որ Քարամյանը վստահելի կադր է ընկալվում վարչապետի կողմից: Նշանակվել է, որպեսզի, որոշակի առումով, վերահսկի իրավիճակն ԱԱԾ ղեկավար կազմում»,- ասում է Իոաննիսյանը։
Իսկ ահա իշխանական գործիչները շատերի համար այս տարակուսելի նշանակման մեջ արտառոց ոչինչ չեն տեսնում:
«Իմ քայլից» պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն ասում է, որ սա վարչապետի որոշելիք հարցն է. «Վարչապետը նպատակահարմար է համարել այդպիսի նշանակում կատարելը և արել է: Ոչ մի խնդիր չկա, վարչապետն այսպիսի նպատակահարմարություն է տեսել»։
Թե աշխատանքի ինչ արդյունավետություն կգրանցի Արգիշտի Քարամյանն ԱԱԾ-ում, ցույց կտա ժամանակը։ Սակայն, նկատենք, որ նրա պաշտոնավարման օրոք, գոնե հրապարակավ, վարչապետ Փաշինյանը ՊՎԾ-ից դժգոհություններ չի հայտնել:
Ի դեպ, Քարամյանի անունը կապվում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Տեղեկություններ կան, որ նրա հայրը Վլադիմիր Գասպարյանի որդու քավորն է:
Հիշեցնենք՝ Արգիշտի Քարամյանը հանրությանը հայտնի դարձավ հեղափոխական պաշտոնյայի համար իր աննախադեպ հայտարարությամբ։ Նա հենց կառավարությունում, Factor.am-ի հարցերին ի պատասխան, հրաժարվեց պարզաբանել, թե իր և կնոջ հայտարարագրում առկա միլիոններն ինչպես են ձևավորվել։ Եվ մինչ վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ բոլոր պաշտոնյաների ունեցվածքի ծագումնաբանությունը պետք է հասանելի լինի հանրությանը, Քարամյանը Փաշինյանի խոսքերի համատեքստում մեզ համոզում էր, որ ունեցվածքի մասին հարցերն էթիկայից դուրս են։
Ի դեպ, հիշեցնենք, որ ՊՎԾ պետի պաշտոնը դե յուրե շարունակում է զբաղեցնել Դավիթ Սանասարյանը։ Նրա լիազորություններն այս պահին դադարեցված են՝ մինչ քրեական գործի ավարտը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան