Ինչո՞վ են վտանգավոր Սերժ Սարգսյանի կադրերը Նիկոլ Փաշինյանի իշխանության համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 13:33
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական քարոզարշավը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 13:31
«Ականատեսը» անօրինական է համարում Արթուր Օսիպյանի կալանավորման միջնորդություն
20.05.2026 | 13:25
Պորտուգալիայի հավաքականի կազմն ու Ռոնալդուի 6-րդ Մունդիալը
20.05.2026 | 13:16
Հուշել եմ՝ միլիոնավոր դոլարների է հասնում, մանրամասնել չեմ կարող․ Հայրապետյանը՝ զենքի արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 13:07
Ինչ պատիժ կարող է սպառնալ Նարեկ Կարապետյանին, եթե ապացուցվի՝ դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը
20.05.2026 | 12:56
Սևանի ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է 119 ապօրինի շինություն
20.05.2026 | 12:47
Պուտինը և Սի Ցզինպինը գործընկերության ամրապնդման մասին հայտարարություն են ստորագրել
20.05.2026 | 12:39
Արսեն Վենգերն արձագանքել է «Արսենալի» չեմպիոնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 12:30
Թրամփը հույս ունի «շատ արագ» ավարտել Իրանում հակամարտությունը
20.05.2026 | 12:27
«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 12:21
Պնդում եմ՝ Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է․ Գոհար Մելոյան
20.05.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը՝ ըստ ՔԿ-ի // ԱՄՆ-ը կարող է հարվածել Իրանին․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 12:04
«RISE 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսին նվիրված ասուլիս՝ Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:55
Նարեկ Կարապետյանը շարունակում է լինել պատգամավորի թեկնածու. ԿԸՀ
20.05.2026 | 11:45
Առանց ռուսաստանյան ներմուծողի փաստաթղթի և QR-կոդի՝ ապրանքը չի կարող ներկրվել ՌԴ տարածք․ հունիսի 1-ից կգործի մատակարարման  նոր համակարգ․ ՊԵԿ
Բոլորը

Պետական կառավարման համակարգում սպասվում են կադրային փոփոխություններ, խոստանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով, որ Սերժ Սարգսյանի իշխանությունից մնացած պաշտոնյաներ չարաշահել են իշխանության թավշյա վերաբերմունքը և պետք է դուրս նետվեն վերին էշելոններից։

«Եկել է ժամանակը, որ իշխանության մեջ տեղի ունենան կադրային զտումներ և դա կադրային ջարդ չի լինելու, դա կլինի՝ մարդը օգտագործել է իրեն տրված շանսը, թե՝ չէ, եթե չի օգտագործել, չարաշահել է թավիշը, պետք է դուրս շպրտվի, դեն նետվի։ Վենդետաներ ու կադրային ջարդ չի լինելու, բայց պետական կառավարման համակարգը Սերժի մնացորդներից պիտի մաքրվի, էդ միանշանակ է: Երկու տարի իրենք շանսը ունեին, ու ոչ մեկ մեզ չի կարող մեղադրել»,- ասել է վարչապետը։

Ըստ նրա՝ նախկին իշխանության ներկայացուցիչներն իրավապահ համակարգում ունեն իրենց մարդկանց, և փորձ է արվում խուսափել քրեական պատասխանատվությունից, պետության թալանված ունեցվածքը չվերադարձնել պետբյուջե։ Նիկոլ Փաշինյանը անուններ չի տվել, այլ նշել՝ հեռանալու ենթակաների թվում են նաև, իր ձևակերպմամբ, «վնգստացող դատավորները» և «կորոնավիրուսային» Սահմանադրական դատարանի անդամները։ Արձագանքելով՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ Փաշինյանի հայտարարությունները մնում են անհետևանք: Ինքը՝ Մարուքյանը, դեռ մեկ տարի առաջ էր կոչ արել ազատվել Սերժ Սարգսյանի երրորդ էշելոնի կադրերից, ինչը տեղի չի ունեցել, ավելին՝ հիշեցրեց, որ իրենք անվստահություն էին հայտնել նախարարներ Ատոմ Ջանջուղազյանին ու Էրիկ Գրիգորյանին, սակայն իշխող քաղաքական թիմը պաշտպանեց նրանց։

«Մեր ժողովրդի արգանդը ծնել է բազմաթիվ խելացի, հմուտ, լավ մարդկանց, ովքեր կարող է՝ չեն քայլել, բայց լավ մասնագետներ են, էս մարդկանց ներգրավեք։ Եկել են մի երկու հոգու փոխել, Սերժ Սարգսյանի երկրորդ էշելոնի կադրերին առաջ են քաշել դարձրել նախարարներ ու էս երկու տարի ա՝ աշխատում են, արդյունքն էն ա, ինչ ունենք, ու ամեն օր բողոքում են Սերժ Սարգսյանից, ժողովուրդ ջան, ազատեք էդ կադրերին, ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհում է իր իշխանության անդամների աշխատանքից։ Հայտնի են նրա մի շարք հայտարարություններ՝ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքը կջարդի այդ դիմադրությունը, իրավապահ համակարգի բարձր պաշտոններում կան դավաճաններ և այլն։

Փաստաբան Նորայր Նորիկյանն ասում է՝ վարչապետն ընդունում է կադրային սխալ քաղաքականության փաստը, սակայն հարց է՝ ինչո՞ւ չի շտկում դրությունը․ «Նիկոլ Փաշինյանը դիպուկ ձևակերպում օգտագործեց՝ Սերժի մնացորդներ ասելով, ինձ համար իսկապես անհասկանալի է, թե Սերժի մնացորդները ի՞նչ գործ ունեն Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունում։ Հիմա էս հաստատագրումների ժամանակն անցել է, եկել է կոնկրետ գործերով արդյունավետություն ապահովելու ժամանակը։ Սրա մասին է խոսքը, էդ մենք գիտենք, պարո՛ն վարչապետ, Դուք մեզ ցույց տվեք կոնկրետ գործերը, թե Դուք ի՞նչ եք անում, որ Սերժի մնացորդները այլևս չլինեն, որ մնացած մարդիկ պատասխանատվության ենթարկվեն։ Սրա մասին է խոսքը»։

Ծայրահեղ անհրաժեշտ է, որ նախկինում Բաղրամյան 26-ի ապօրինի հրահանգները կատարած դատավորները, դատախազները, քննիչները, իրավապահ համակարգի այլ աշխատողներ, երկիրը նախկինում հարստահարած պաշտոնյաներն ապաշխարեն, ներողություն հայցեն հանրությունից, վերականգնեն վնասը, պատասխանատվության կանչվեն, հետո նոր՝ շանս ստանան աշխատելու, կարծում է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Հակառակ դեպքում, ըստ նրա, մեկ օր՝ նախկին ռեժիմի տեսական վերադարձի պարագայում այսօր շանս ստացածները հլուհնազանդ կերպով ծառայելու են նրան, կատարեն նույն հանցանքները՝ ընդդեմ պետության ու ժողովրդի:

«Որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել իր այլանդակությունների համար։ Այդ մարդիկ շարունակում են պաշտոնավարել, հավանաբար, վարչապետը նրանց համարում է շանսը օգտագործած։ Ես տարակույս չունեմ, միլիմետր անգամ չեմ կասկածում՝ էգուց, եթե իրենց տերերը հետ գան, նույն Նիկոլին բռնելու են փակեն։ Վերադարձի դեպքում նոր գլխներին կտան, կասեն՝ արա՛, գելուգազանի գլխին կանգնած Ավետարան էինք կարդում, սեր ու հանդուրժողականություն։ Ո՞ւմ ես սեր կարդում, մարդուն ապօրինի մեղադրանք առաջադրած, բանտ նստեցրածի՞ն։ Քե՛զ, Նիկոլ Փաշինյան ջան, ապօրինի են դատել, նստեցրել, դու զանգվածային անկարգություն չես կազմակերպել, էդ դատավորներն ու քննիչները շարունակում են աշխատել, դու մտածում ես՝ էդ մարդկանց խաթրով-սիրով բացատրել, որ արդեն նամուսո՞վ աշխատեն, չի լինելու նման բան։ էսպիսի միամիտ հույս ունենալ, որ համակարգը սիրո և հանդուրժողականության կոչի տակ կինքնամաքրվի, ծայրահեղ միամտություն է»,- ասաց Լևոն Բարսեղյանը։

Պետական համակարգի անարդյունավետ աշխատանքի դրսևորում է ծանր հանցանքների մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաների հաջող փախուստը Հայաստանից, կարծում է Նորայր Նորիկյանը։ Տարատեսակ քրեական գործերով այսօր հետապնդման են ենթարկվում, սակայն իրավապահներից թաքնվում են Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, փեսա Միքայել Մինասյանն ու նրա հայրը՝ Արա Մինասյանը, նախկին իշխանության մաս կազմած մի շարք պաշտոնյաներ՝ երրորդ հանրապետության ամենախոշոր կոռուպցիոն սկանդալի հերոս, նախկին նախարար Արամ Հարությունյանը, ըստ ԱԱԾ-ի՝ 28 անշարժ գույք ապօրինի սեփականաշնորհած Գագիկ Բեգլարյանը, Միհրան Պողոսյանը, Սուրիկ Խաչատրյանը, Գևորգ Կոստանյանը և այլք, սակայն քրեական գործերով որևէ շոշափելի արդյունք չկա, հիշեցնում է Նորայր Նորիկյանը.

«Թալանված միլիոնների վերադարձի վերաբերյալ մենք շատ սակավ արդյունքներ ունենք, իսկ սա մի բան կարող է նշանակել՝ նախկինում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ավելի արդյունավետ են գործում, հասցնում են ճողոպրել, խուսափել քրեական պատասխանատվությունից։ Պետական համակարգը չի գործում այնքան արդյունավետ, որ հնարավոր լինի ապահովել բոլորի պատասխանատվությունը, այստեղ խնդիր ունի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»։

Իշխանությունը մեկ օր զգալու է արմատական բարեփոխումների ու համակարգը հանցագործներից ազատելու իրական կարիքը, ընդգծեցին բանախոսները, սակայն հապաղելու դեպքում պետությունն ու ժողովուրդը կարող են շատ թանկ գին վճարել, այն է՝ Հայաստանի ժողովրդավարացման կորսված հնարավորությունն ու պետության զարգացման խաթարումը։

Ի դեպ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, որը ևս Սերժ Սարգսյանի իշխանության կադրերից էր, վարչապետի մասնակցությամբ հայտնի տեսանյութի սկանդալից հետո ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։

Ռոբերտ Անանյան