Տեղեկանք՝ 2020 թ. առաջին եռամսյակում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերի մասին. ՀՔԱՎ

Լուրեր

14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2020 թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանի  և Արցախի Հանրապետությունների զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունը: Տվյալները հավաքագրվել են ԶԼՄ-ներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաև ՀՔԱՎ գրասենյակի կողմից Պաշտպանության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին ուղղված հարցումների պատասխաններից:

Ըստ այդմ՝ 2020 թ. 1-ին եռամսյակում գրանցվել է ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերի 16 զինծառայողի մահվան ելքով դեպք. 5-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով, 5-ը՝ առողջական խնդիրների, 4-ը՝ դժբախտ պատահարի, 1-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 1-ը՝ ավտովթարի։

Վերոնշյալ 16 դեպքերից պաշտոնական հաղորդագրություն տարածվել է միայն 12 դեպքերի մասին մյուս 4 դեպքում՝ ոչ: Հետագայում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության տրամադրած տեղեկությամբ դրանք համարվել են զինծառայության հետ կապ չունեցող:

Նշված 4 դեպքերից 3-ի մասին ՀՔԱՎ գրասենյակին հայտնի է դարձել ԶԼՄ-ներից, իսկ առողջական խնդրի հետևանքով արձանագրված 1 դեպքի մասին ո՛չ պաշտոնական աղբյուրներով,  ո՛չ էլ ԶԼՄ-ներով տեղեկություն չի տարածվել: Այդ դեպքերից յուրաքանչյուրի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկացել է պաշտոնական հարցմամբ:

2020 թ.-ին մահացության դեպքերն ավելացել են 3-ով՝ 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, երբ արձանագրվել էր 13 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 5-ը՝ ավտովթարի, 3-ը՝ առողջական խնդիրների, 3-ը՝ սպանության, 1-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու և 1-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով։

2019 և 2020 թթ. 1-ին եռամսյակի տվյալները համեմատելով՝ արձանագրում ենք՝

 

✅դժբախտ պատահարի հետևանքով մահացության դեպքերի աճ,

✅ինքնասպանության դեպքերի (5 դեպք հունվար-փետրվար ամիսներին) կտրուկ աճ՝ ի տարբերություն 2019 թ.-ի 1 դեպքի,

✅առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերի աճ. 2020թ.՝ 5 դեպք, 2019թ.-ին՝ 3 դեպք՝ հունվար-փետրվար ամիսներին:

2020 թ.-ի 1-ին եռամսյակում գրանցվել է  մահվան 1 դեպք մարտական պայմաններում` ի տարբերություն 2019 թ. առաջին եռամսյակի, երբ, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, զինծառայողների մահացության դեպքեր չէին արձանագրվել: Մահվան բոլոր դեպքերը գրանցվել էին ոչ մարտական պայմաններում: Ուշագրավ է, որ 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել են նաև սպանություն որակված դեպքերը: 2020 թ. առաջին եռամսյակում այդպիսիք ընդհանրապես չեն գրանցվել:

ՀՔԱՎ գրասենյակն արձանագրել է նաև հանրային մեծ դժգոհություն և վրդովմունք առաջացրած ինքնասպանության դեպքերի կտրուկ աճ 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին, որը համընկել էր Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունների  քարոզչական ժամանակահատվածի հետ:

Հարկ է նշել, որ  հանրային դժգոհությունների ֆոնին, ինքնասպանությունների դեպքերը մարտին կտրուկ վերացան:

Այսպիսով՝ 2020 թ. առաջին եռամսյակում գրանցված մահացության դեպքերի գերակշիռ մասը՝ շուրջ 94%-ը տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում. 31 %-ը՝ ինքնասպանության, 31%-ը՝ առողջական խնդիրների, 25%-ը՝ դժբախտ պատահարի, 6%-ը՝ ավտովթարի հետևանքով: Մարտական պայմաններում՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքերի թիվը կազմում է մահացության դեպքերի ընդհանուր թվի շուրջ 6 %-ը։

2020թ.-ի դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել հունվար  և փետրվար ամիսներին՝ համապատասխանաբար՝ 6 և 7 դեպք: Մարտին գրանցվել է 3 դեպք:  2019 թ.-ի հունվարին գրանցվել էին՝ 5, փետրվարին՝ 3, մարտին՝ 5 դեպքեր:

2020 թ.-ին մահացած 16 զինծառայողներից 5-ը պարտադիր ժամկետային զինծառայողներ են եղել, 7-ը՝ պայմանագրային ժամկետային, 4-ը` սպա։

2019 թ.-ին մահացած 13  զինծառայողներից 4 պարտադիր ժամկետային  զինծառայողներ  են, 6-ը՝ պայմանագրային, 2-ը` սպա, 1-ը՝ ենթասպա։

Մահվան դեպքերի պատճառների ու մահացած զինծառայողների կարգավիճակի դիտարկումները թույլ են տալիս ՀՔԱՎ գրասենյակին արձանագրելու, որ ժամկետային զինծառայողների շրջանում մահացության հիմնական պատճառներն են ինքնասպանությունը (3 դեպք) և առողջական խնդիրները (2 դեպք):

Պայմանագրային զինծառայողների մահացության հիմնական պատճառները դժբախտ պատահարներն են (4 դեպք), 1-ական դեպքեր էլ՝ առողջական խնդիրների, ինքնասպանության և հրադադարի ռեժիմի խախտման հետևանք:

Սպաների մահվան պատճառների մեջ առանձնացրել ենք առողջական խնդիրները՝ 2 դեպք, 1-ական ինքնասպանության և ավտովթարի հետևանքով դեպքերը:

ՀՔԱՎ գրասենյակն արձանագրում է, որ 2020թ. 1-ին եռամսյակում ինքնասպանության և առողջական խնդիրների հետևանքով մահացության դեպքեր արձանագրվել են թե՛ ժամկետային, թե՛ պայմանագրային զինծառայողների, թե՛ սպաների շրջանում:

Տեղեկանքում դասակարգել ենք նաև  2020 թ. առաջին եռամսյակում մահացության դեպքերը՝ զինվորական ծառայության հետ կապ ունեցող և չունեցող: Ի դեպ՝ պաշտոնական դասակարգումները միմյանցից տարբեր են: Ահավասիկ՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ «10 զինծառայող մահացել է ծառայության  հետ կապված հանգամանքներում, 6-ը՝ ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում»: Մինչդեռ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը գրասենյակին  տեղեկացրել է զինվորական ծառայության հետ կապ ունեցող 12  և չունեցող՝ 4 մահվան դեպքերի մասին:

Արձանագրում ենք, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից գրասենյակին տրամադրվել է նույն թվական տվյալը՝ զինծառայողների մահվան դեպքերի ընդհանուր թվի մասին, այդուհանդերձ, զինծառայության հետ կապ ունենալու կամ չունենալու մասին տվյալները տարբերվում են:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է նաև ԱՀ/ԼՂ՝ Ադրբեջանի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և կրակոցների վիճակագրությունը: Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունը հասանելի չէ, քանի որ այն չի հրապարակվում ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում: Հրադադարի ռեժիմի խախտման թվի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2019 թ.-ի ՀՀ ՊՆ-ին ուղղված հարցմանը վերջինս մերժել է տեղեկություն տրամադրել՝ պատճառաբանելով «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» N9 հրամանի 17-րդ գլխի 42-րդ կետը:

Նշենք, որ 2019 թ. առաջին եռամսյակի համեմատ՝ 2020 թ. նույն ժամանակահատվածում  ԱՀ/ԼՂ-ում 585-ով նվազել են  հրադադարի ռեժիմի խախտումները, 8.100-ով էլ՝ կրակոցները:

Հարկ ենք համարում անդրադառնալ նաև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին՝ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում՝ համեմատատելով Ադրբեջանի ԶՈւ վարքագծի փոփոխությունը սահմանին՝ հայտարարված արտակարգ դրության 21-օրյա և մինչ այդ 21-օրյա ժամանակահատվածում:

Այսպես, 2020 թ. մարտի 16-ին ՀՀ Կառավարությունը կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման դեպքերով պայմանավորված՝ երկրում արտակարգ դրություն հայտարարեց: Դրան հաջորդեցին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ակտիվացումը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի շփման գծում:

Մասնավորապես՝ մարտի 30-ին՝ երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել էին 2 հայ պայմանագրային զինծառայողներ: Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեվան գյուղերի թիրախավորվման արդյունքում էլ՝ վիրավորվել էր Ոսկեվան գյուղի մի երեխա:

Չնայած ՀՀ ՊՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման քանակն ու հաճախականությունը չի հրապարակվում, արձակված կրակոցների և  դիվերսիոն ներթափանցումների հետևանքով վիրավորումների կամ զոհերի մասին տեղեկություն, այնուամենայնիվ, տարածվում է: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ փաստում ենք, որ հայտարարված արտակարգ դրության ընթացքում ադրբեջանական կողմը փորձել է սրել իրավիճակը, քանի որ մինչ արտակարգ դրություն հայտարարելն ընկած 21-օրյա ընթացքում, նման դեպքեր չեն արձանագրվել:

Այսպիսով, չնայած արձակված կրակոցները 100-ով քիչ են՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվն աճել է 25-ով: Արտակարգ դրության ժամանակ, հատկապես՝ 2020 թ. փետրվարի 23-ից մինչև մարտի 14-ը, հրադադարի ռեժիմը խախտվել է 545 անգամ, որի ընթացքում արձակվել 4.500 կրակոց, 2020 թ. մարտի 15-ից  մինչև ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 570 դեպք՝ 4.400 կրակոցով:

Տեղեկանքում անդրադարձել ենք նաև 2020 թ.առաջին եռամսյակում զինծառայողների մահվան փաստերով հարուցված քրեական գործերին: Ըստ պաշտոնապես և ԶԼՄ-ներով տարածված տվյալների՝ 2020 թ. առաջին եռամսյակում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում մահացության 16 դեպքերից 13-ի փաստով հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ ՔՕ –ի տարբեր հոդվածներով: 13 դեպքերով հարուցված քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում։ Դրանցից 12-ը կապ ունեն զինծառայության հետ, 1-ը՝ չունի: 3 դեպքով հայտնի չէ քրեական գործերի հարուցման մասին:

Ամփոփելով՝ առանձնակի մտահոգիչ ենք համարում մահացության թվի մեջ սպաների մահվան դեպքերի աճը, նաև վերահաստատում, որ առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերի աճը վկայում է մինչ զինծառայության անցելն ու զինծառայության ընթացքում պատշաճ բուժզննության, հսկողության և օգնության տրամադրման հետ կապված դեռևս գոյություն ունեցող խնդիրների մասին:

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ