Հանրահավաք և դժգոհություններ՝ Արցախում․ ի՞նչ է կատարվում վճռական քվեարկությունից առաջ

Լուրեր

11.12.2024 | 15:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 163 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված
11.12.2024 | 15:22
Հունգարիան վետո կդնի Վրաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վրա
11.12.2024 | 15:15
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
11.12.2024 | 15:10
Փաշինյանի աշխատակազմը 44 մլն դրամանոց նոր «պադավատ» է ստացել մեկ ամիս առաջ․ կրճատել են 16 տարի առաջ ձեռբերված երեք մեքենա
11.12.2024 | 15:00
Հակոբ Ասլանյանի սկանդալային հայտարարությունն ու արձագանքը, Մոսկվան Ասադին Հաագային չի հանձնի․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 14:57
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 14:52
Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են
11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
11.12.2024 | 14:19
Նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ
11.12.2024 | 14:09
Սահմանազատման հաջորդ փուլը ո՞ր հատվածից է սկսվելու․ ԱԳՆ-ի արձագանքը
11.12.2024 | 14:00
Ինչ իրավիճակ է Գյումրիի շուկայում․ դժգոհ են, թե՛ առևտրականները, թե՛ գնորդները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 13:56
Բաքուն հայտնում է զինծառայողի մահվան մասին
11.12.2024 | 13:45
Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում է
11.12.2024 | 13:33
Մոսկվան անվտանգ ապաստան է ապահովել Ասադի համար․ ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Սիրիայի նախկին նախագահին Հաագայի դատարանին հանձնելու մասին
Բոլորը

Մարտի 31-ի նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո Արցախում հասարակական և քաղաքական ուժերի տրամադրությունները միանշանակ չեն։ Եթե Արայիկ Հարությունյանի կողմնակիցները, որոնք ձայների հաշվարկը դեռ չավարտված հրավառությամբ տոնում էին իրենց թեկնածուի հաղթանակը, արդեն պատրաստվում են երկրորդ փուլին, ապա մրցակից թեկնածու Մասիս Մայիլյանը կոչ է արել արցախցիներին նոր կորոնավիրուսի համավարակի ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել առաջիկա քվեարկությանը:

«Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը և հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները»,- նշել է Մասիս Մայիլյանը։ Նրա տողերում լուռ դժգոհություն է նշմարվում։ Ըստ քաղաքագետների, Հայաստանում հեղափոխությունից և ընտրական մշակույթի էական բարելավումից հետո Արցախում ևս սպասում էին առանց խախտումների, ընտրողի ազատ կամարտահայտմամբ քվեարկություն։ ՀՀ կառավարության առաջարկով արցախյան ընտրությունները դիտարկած դիտորդական երկու առաքելությունները խախտումների մասին փաստեր էին բերել։ Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց էր, թե տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ։

 

Արթուր Օսիպյան «Արայիկ Հարությունյանի կողմից իշխանության զավթման ու սահմանադրական կարգի տապալման փորձ է տեղի ունեցել»

 

Ապրիլի 14-ի քվեարկությանն ընդառաջ հետընտրական փողոցային զարգացումներ կան Արցախում։ Ստեփանակերտում «Արցախի հեղափոխական կուսակցությունը» անցկացրել է մի քանի հարյուր մարդու մասնակցությամբ հանրահավաք։ Շարժման ղեկավար Արթուր Օսիպյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հավաքին մասնակցել են ոչ միայն հասարակական սեկտորի, այլև՝ քաղաքական կուսակցությունների ղեկավարներ։ Ընդդիմադիր այս ուժը, որ պահանջում է նախագահ Բակո Սահակյանի, ոստիկանապետ Լևոն Մնացականյանի, ԱԽՔ Արշավիր Ղարամյանի հրաժարականը, չի ճանաչում առաջին փուլի արդյունքները և պահանջում է չեղարկել այն՝ պնդելով, թե Արայիկ Հարությունյանը ոչ օրինական միջոցներով՝ կաշառքով ու վարչական ռեսուրսների կիրառմամբ է հավաքել քվեները։

«Արայիկ Հարությունյանի կողմից իշխանության զավթման ու սահմանադրական կարգի տապալման փորձ է տեղի ունեցել։ Նա հանցագործ է, ում իշխանությունները փորձել են դարձնել նախագահ՝ փողեր բաժանելով, վարչական ռեսուրսները օգտագործելով, բայց առաջին փուլով չի ստացվել, հիմա գնում են երկրորդ փուլի։ Մենք կրկնակի ընտրություններ ենք պահանջում, որովհետև սա խայտառակ ու անընդունելի ընտրություն էր։ Բոլորիս ինքնասիրության հետ փորձել են խաղալ՝ ընտրություններում հաղթելով, բայց չեն հաղթել, չեն էլ հաղթելու»,- հայտարարում է Արթուր Օսիպյանը։ Ընդդիմադիր ուժի ղեկավարը շեշտում է՝ միակ բանը, որ կկանխի իրենց հետագա փողոցային գործողությունները, արտակարգ դրություն հայտարարելն է, բայց հավաստիացնում է՝ այդ դեպքում էլ պայքար կտանեն այլ մեթոդներով։

Երեկվա ստեփանակերտյան հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը պահանջել է բացել փողոցը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ Ավելի ուշ Արցախի ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ հորդորելով գործել օրենքի շրջանակներում, հակաիրավական քայլեր չձեռնարկել ու պահպանել սահմանադրական կարգը՝ հավաստիացնելով, որ կանխելու են բոլոր այն իրավախախտումները, որոնք միտված կլինեն խաթարելու հասարակության խաղաղ և անվտանգ կենսագործունեությունը, իսկ իրավախախտների նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության ու հարկադրանքի միջոցներ։ Մինչդեռ, Արթուր Օսիպյանն ասաց, թե իշխանությունը փորձում է պրովոկացիաներ կազմակերպել․ «Ընդամենը երկու ոստիկան էր եկել կարգը հսկելու, որ պրովոկացիաներին տրվեինք, արձանագրեին ու մեր վրա քրեական գործեր բացեին։ Սա Լևոն Մնացականյանի ձեռքի գործն է»։

Անդրադառնալով Մասիս Մայիլյանի՝ երկրորդ փուլի քվեարկությանը չմասնակցելու կոչին, Արթուր Օսիպյանը ասաց, որ իրենք իրականում Մասիս Մայիլյանից սպասում էին, որ կպայքարի առաջին փուլի արդյունքների չեղարկման համար․ «Մասիս Մայիլյանն էդ ճանապարհով չգնաց, ինչը ոչ դրական է ընդունվել ժողովրդի ու իր աջակիցների կողմից։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ երկրորդ փուլը տեղի չունենա և առաջին փուլը չեղյալ համարեն, բայց եթե նույնիսկ տեղի ունենա քվեարկություն, Արայիկ Հարությունյանը միևնույնն է, պարտված է»։

 

 

Արայիկ Հարությունյան «Մի քանի հարյուր հոգու դժգոհությունները չեն նշանակում, որ հանրությունը կիսում է դա»

 

Արցախի նախագահի ընտրությունների առաջին փուլում առաջին տեղն զբաղեցրած Արայիկ Հարությունյանը բնական է համարում, որ ընտրություններից հետո կան դժգոհ քաղաքացիներ։ «Լուրերի» հետ զրույցում այսօր Հարությունյանն ասել է՝ իդեալական չէին ընտրությունները, սակայն մրցակցային պայքար էր․ «Կան դեպքեր, երբ մարդիկ փորձում են կասկածի տակ դնել, ասում են՝ քաղաքացիներից ոմանք նկարել են քվեաթերթիկը, և չնայած այդպիսի բան անելու արգելք ու խոչընդոտ չկա, բայց դա դարձնել կասկածանքի թեմա: Ես համարում եմ պատրվակ՝ արդարացնելու ձախողումները այդ քաղաքական ուժերի»։

Հիշեցնենք, որ բացահայտված գրեթե բոլոր դեպքերում քաղաքացիները քվեաթերթիկները նկարել էին՝ ընտրած լինելով Արայիկ Հարությունյանին ու նրա ղեկավարած «Ազատ հայրենիք կուսակցությանը։ Ակնարկելով Ստեփանակերտում տեղի ունեցող ընդդիմության հրավիրած հանրահավաքի փաստը, Հարությունյանն ասում է, թե մի քանի հարյուր հոգու դժգոհությունները չեն նշանակում, որ հանրությունը կիսում է դա․ «Մեր հանդիպումներին հազարավոր մարդիկ են եկել։ Եթե փորձում են մեզ մեղադրել, թող հետևեն մեր հանդիպումների բազմամարդությանը։ Ես սթափության կոչ եմ անում իմ հայրենակիցներին՝ սպասվող մարտահրավերներին ընդառաջ ավելի միասնական պետք է լինենք։ Ես պատրաստ եմ համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ»։ Մեկնաբանելով այն գնահատականները, թե Արցախում ընտրությունները գործարք էին Բակո Սահակյանի, Նիկոլ Փաշինյանի ու իր միջև, Հարությունյանը պատասխանում է, թե ինքը երբևէ գործարքի մեջ չի մտել․ «Այսինքն ի՞նչ գործարք պետք է մենք անենք Հայաստանի իշխանությունների հետ, մենք կիսելու երկիր չունենք։ Ես երբեք գործարքի չեմ գնա»։

Նախագահական ընտրության երկրորդ փուլի քարոզչությունը Արայիկ Հարությունյանն իրականացնելու է ֆեյսբուքով՝ ուղիղ եթերների միջոցով և լրատվամիջոցներով։ Իսկ թե քաղաքական ինչպիսի դասավորություններ կլինեն Արցախի կառավարությունում ու պառլամենտում, Արայիկ Հարությունյանը խոստացավ հայտել ապրիլի 14-ից հետո։

 

 

Հրաչյա Արզումանյան «Հասարակությունը չի ընդունում այս ընտրությունների արդյունքները»

 

«Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ Արայիկ Հարությունյանը կանգնած է ապալեգիտիմացման փաստի առաջ։ Մասիս Մայիլյանի՝ երկրորդ փուլին չմասնակցելու կոչ-հայտարարությունից հետո Հարությունյանը միայնակ է մնացել․ «Լեգիտիմ բառն այստեղ պետք է հասկանալ ո՛չ միայն իրավական իմաստով, այլև՝ հասարակության կողմից ընդունված ընտրությունների անցկացման։ Դու կարող ես անցկացնել ընտրություններ, բայց հասարակությունը չաջակցի դրան, լինեն ոչ լեգիտիմ։ Փաստորեն մենք տեսնում ենք, որ ո՛չ միայն Արցախի հայությունը չի ընդունում, այլ՝ ՀՀ-ի։ Դրա համար մենք ստանում ենք թույլ իշխանություն որը լեգիտիմ չի որոշումներ ընդունելու, այդ իշխանությունը երկար կյանք չի ունենալու»։

Հրաչյա Արզումանյանն այսօր Արցախում ստեղծված քաղաքական իրավիճակը նմանեցնում է 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ-ի խորհրդարանական ընտրությունից հետո ստեղծված դրությանը․ «Ապրիլյան պատերազմի մեկ տարին էր լրացել, ու իրենք պայթուցիկներ էին խփում, Արցախում մարդիկ կարողացան թույլ չտալ, որ պայթուցիկ խփեն՝ ժողովուրդը կարողացավ պրոցեսը տանել երկրորդ փուլի և մի քիչ ժամանակ շահել։ Նման իշխանությունը, ինչպիսին 2017-ին ՀՀ-ում էր, միշտ լինելու է խոցելի»։ Արցախում ընդդիմադիր հատվածի կազմակերպած ցույցերն ու նրա մասնակիցների քանակը, ըստ քաղաքագետի, ցույց է տալիս, որ հասարակությունը չի ընդունում այս ընտրությունները, քանի որ տեսել են, թե ինչ խախտումներ են տեղի ունեցել․ «Եվ ժողովուրդը պատրաստվում է դուրս գալ փողոց, բայց կորոնավիրուսի համաճարակը փակում է հնարավորությունները։ Շատ դժվար է ժողովրդին կանչել հրապարակ, երբ գիտես ինչ վտանգ կա»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե բարձր որակի ընտրություններ են կայացել, ըստ քաղաքագետի «շատ վատ» է ընդունվել հասարակության մի մասի կողմից, բայց և մյուս կողմից ասաց՝ հասկանալի է՝ նա այսօր ղեկավարում է ճգնաժամում գտնվող երկիր։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը, ըստ Հրաչյա Արզումանյանի, Հայաստանի Հանրապետությանը Արցախի միացման գործընթացի արագացումն է՝ ֆեդերացիայի ձևաչափով։

 

 

Դավիթ Բաբայան «Անթուլատրելի են քաոսն ու անարխիան, անթույլատրելի է նաև բռնապետությունը»

 

Արցախի նախագահի խորհրդական-խոսնակ Դավիթ Բաբայանի ղեկավարած ուժը՝ «Պահպանողական կուսակցությունը», ևս չանցավ խորհրդարան, իսկ որպես նախագահի թեկնածու, նա հաջողություն չգրանցեց։ Անդրադառնալով Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին, Բաբայանը Factor.am-ին ասաց՝ քաղաքական ամեն ուժ ազատ է որոշել իր մարտավարությունը, սակայն բոլորը պետք է պահպանեն օրենքը։ Չհամաձայնեց ընտրությունների արդյունքները չեղարկելու ընդդիմադիրների պահանջների հետ, նշելով, որ քվեարկությունը նորմալ է անցել, թեև իրենք էլ գոհ չեն արդյունքներից․

«Ժողովուրդը, եթե էս ա ուզում, էդ իր կամքն ա, լավ ա, վատ ա, էս ա։ Այլ հարց է, որ մենք մինչ այդ էլ էինք բարձրաձայնում, որ գաղափարախոսությունը ընտրական պրոցեսներում հետին պլան է մղվել, ինչը բերելու է լուրջ խնդիրների։ Որևէ մեկը չի պարտադրել ժողովրդին այս կամ այն որոշումը կայացնելու»։ Ընդդիմադիրների հայտարարությանը, թե ընտրողների ազատ կամքի վրա ոչ օրինական միջամտություններ ու ազդեցություններ են կիրառվել՝ վարչական ռեսուրս, գումար է բաժանվել ու պետք է չեղարկել արդյունքները, Բաբայանը արձագանքեց․ «Այսինքն՝ ի՞նչ է նշանակում վարչական ռեսուրս։ Տարբեր ուժեր տարբեր ռեսուրսներ են օգտագործել։ Որևէ մեկը որևէ բան չի պարտադրել։ Այո, մեր հասարակության մեջ կան լուրջ խնդիրներ, բայց որևէ մեկը որոշում չի պարտադրել։ Մարդիկ իրենք են գնացել դրան։ Իհարկե, հետո ունենալու ենք տարբեր խնդիրներ, որովհետև Արցախը միշտ պետք է լինի գաղափարախոսական, բայց դա չի նշանակում, որ որևէ մեկը պարտադրել է, ո՛չ, դա նշանակում է՝ լուրջ գործ կա անելու, բժիշկների կարիք ունի այս հասարակությունը՝ լավ իմաստով»։

Իսկ կյանքի իրավունք ունե՞ն այն կանխատեսումները, որ հնարավո՞ր է՝ ինչ-ինչ պրոցեսների արդյունքում վերահսկողությունից դուրս գա իրավիճակը, հարցրինք Դավիթ Բաբայանին, Արցախի նախագահի խորհրդականը կրկին օրինականության կոչ է անում․ «Որևէ մեկը իրավունք չունի պետությունը դարձնել խաղալիքի առարկա՝ ուզում է լինի իրեն ընդդիմություն հռչակած ուժը, թե իշխանությունը, օրենքը պետք է լինի գերակշռող, սխալ ես անում, պիտի պատժվես։ Անթուլատրելի է քաոսն ու անարխիան, անթույլատրելի է նաև բռնապետությունը։ Դրա համար պետք է լինի օրենքի գերակայություն»։ Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն գնահատականը, որ բարձր որակի ընտրություն է տեղի ունեցել, Բաբայանն ասաց՝ բուն քվեարկությունն իրոք նորմալ է անցել, իսկ ընտրատեղամասից դուրս, կրկնեց՝ խնդիրներ կան մարդկանց արժեհամակարգի հետ․ «Բայց դա չի նշանակում, որ ընտրությունները պետք է չեղարկվեն ու ինչ-որ մեկն իր կամքը պարտադրի։ Ժողովուրդն արժանի է իր ընտրությանը։ Ժողովուրդը թող գնա վայելի այն, ինչ ստեղծել է։ Արցախն այսօր կարիք ունի իշխանությունից մեկ գլուխ բարձր ընդդիմության, որը ոչ թե կբղավի, այլ կառաջարկի այլընտրանքային գաղափարներ»։

Մասիս Մայիլյանի՝ բոյկոտի կոչից խոսելով, Բաբայանը ասաց՝ ինքը կողմնակից է մինչև վերջ պրոցեսները տանելուն, և նույնիսկ նրա բացակայությամբ երկրորդ փուլի քվեարկությունը պետք է տեղի ունենա։

 

 

Ալեքսանդր Քանանյան «Նիկոլ Փաշինյանը հատել է ռուբիկոնը»

 

«Եթե խիստ արտահերթ զարգացումներ չլինեն, Արայիկ Հարությունյանը կընտրվի և «կբազմի» Արցախի մարզպետի աթոռին, բայց դա կլինի իր կյանքի հավանաբար՝ ամենաողբերգական օրը»,- Factor.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնում քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։ Ստեփանակերտում տեղի ունեցող բողոքի գործողությունները Քանանյանը համարում է բնական և հասարակական տրամադրությունները արտահայտող, ինչի հիման վրա մոտ ապագայում Արցախում քաղաքական նոր կազմակերպություն կստեղծվի, որ առաջ կտանի ՀՀ-ին միանալու ռազմավարությունը։ Քվեարկությանը չմասնակցելու Մասիս Մայիլյանի հայտարարությունը, ասաց, քաղաքացիներն ի գիտություն են ընդունել, բայց և երկրորդ փուլի քվեարկությունից որևէ իրական պատկեր ակնկալել հնարավոր չէ։ Քանանյանի գնահատմամբ՝ «Հայաստանի իշխանությունն իր անգործությամբ  ու հանցակցությամբ» նախապայմաններ չի ստեղծել Արցախում ազատ և արդար ընտրություններ կազմակերպելու, ինչը բերել է հանրային դժգության․

«Բակո Սահակյանը, քրեական օլիգարխիան և քրեական օլիգարխիայի գլխավոր թեկնածու, տնտեսական հանցագործ Արայիկ Հարությունյանը ահռելի և երկու տարի տևած կաշառատվությամբ, ահաբեկումներով, քրեական տարրերի ներգրավմամբ, ընտրակեղծարարությամբ և խայտառակ խախտումներով կարողացել են արդյունք ձեռք բերել։ Այս ընտրությունները որևէ լեգիտիմություն չունեն և առ ոչինչ են։ Ինձ չի հետաքրքրում պատասխանատվության նրանց բաժինը, որովհետև գլխավոր և հիմնական պատասխանատուն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն առնչվելու է շատ ծանր քաղաքական հետևանքների հետ, որովհետև սա իր իսկ հռչակած և պետականակերտման սկզբունքների ամենաայլանդակ ոտնահարումն էր և սրբապղծումը։ Բարձր գնահատելով ընտրությունը, նա առաջնորդվել է խիստ ժամանակավոր, խիստ մարտավարական և տխմար հաշվարկներով, բայց նա հատել է ռուբիկոնը և առերեսվելու է քաղաքական լուրջ պատասխանատվության հետ»։

Քանանյանը կանխատեսում է, որ մինչև երկրորդ փուլ կորոնավիրուսով վարակվելու դեպքեր Արցախում ի հայտ չեն գա․ «Արցախում քրեական օլիգարխիան կունենա շատ կարճատև Պյուռոսյան հաղթանակը վայելելու դժբախտություն, որովհետև Պյուռոսյան հաղթանակին հաջորդելու է արցախաբնակ ՀՀ քաղաքացիների համախմբումը նոր որակի, տեսակի, կազմակերպչական հիմքերով ձևավորված կառույցի մեջ և բարձրացվելու է միացման, մեր՝ որպես ՀՀ քաղաքացիների ոտնահարված սահմանադրական իրավունքների վերականգնման դրոշը։ Սա լինելու է պայքար, որը չի լինելու միայն Արցախի վարչական սահմաններում, ջնջելու ենք բոլոր արհեստական և ապօրինի սահմանափակումները ՀՀ-ի և Արցախի միջև։ Մոտ ապագայում քրեական օլիգարխիայի մի շարք ներկայացուցիչներ Արցախում քրեական պատախանատվություն են կրելու, այդ թվում՝ այս կեղծ ընտրություններով պետական հեղաշրջում իրականացնելու համար, իսկ Հայաստանում լեգիտիմ իշխանությունը ամոթով ստիպված կլինի խոստովանել իր անզորությունը և քրեական օլիգարխիային պետական իշխանության մեջ պահելու ձգտման համար։ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի ամոթով և լռելյայն խոստովանել իր խայտառակությունը և հաշտվել այն բացարձակ հանգամանքի հետ, որ արցախաբնակ ՀՀ քաղաքացիները ոչնչով պակաս չեն ՀՀ-ի մնացյալ քաղաքացիներից՝ իրավունքների, ազատությունների, օրինականությանը ձգտելու հարցերում»,- ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

 

Ռոբերտ Անանյան