Վիտալի Բալասանյանը Արցախում արտակարգ դրություն է պահանջում․ քաղաքական ուժերը՝ ընտրությունները հետաձգելու մասին

Լուրեր

11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
11.12.2024 | 19:24
Սիրիացի ապստամբները քանդել ու այրել են Ասադի հոր գերեզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:11
ՔՊ-ական պատգամավորը կիսատ թողեց հարցազրույցը` լսելով Աղազարյանի անունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:02
ՔՊ-ն բաժանվում է խմբերի․ Հակոբ Ասլանյանի պահանջը կարևոր է՝ իմանալու, թե ի՞նչ է կատարվել Աղազարյանի հեռացման շուրջ. Էդգար Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:52
«Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել»․ ԲՏԱՆ խոսնակը՝ աղմկահարույց նամակագրության մասին
11.12.2024 | 18:44
Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է՝ միակ ՀԷԿ-ի աշխատանքի դադարեցման պատճառով
11.12.2024 | 18:32
Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել, հետո ջնջել դրանցից մեկը
11.12.2024 | 18:19
ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg
11.12.2024 | 18:18
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն  ուղարկվել է դատարան
11.12.2024 | 18:15
Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
11.12.2024 | 18:08
Հնարավորություն են տվել, որ գնանք, կարդանք Աղազարյանի նամակագրությունը. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:00
ԱԳՆ-ն՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին, ԵՄ-ն կքննարկի վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 17:52
Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից
11.12.2024 | 17:45
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է  ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 17:41
Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել
Բոլորը

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը Հայաստանում այս պահին 235 է։ Արցախից ստացված վերջին տեղեկություններով, մահացու այս հիվանդությունը այնտեղ չի հասել։ Մեկ շաբաթից՝ մարտի 31-ին, Արցախի նախագահի և խորհրդարանի ընտրություններ են նշանակված՝ պայքարն ընթանում է 14 թեկնածուի ու ԱԺ-ում հայտնվելու հավակնող 12 քաղաքական ուժերի միջև։ Կորոնավիրուսի տարածման վտանգն աչքի առաջ ունենալով, Արցախի քաղաքական ուժերը նվազեցրել են շփումն ընտրողների հետ, փոխարենն առավել ակտիվ են համացանցում և հեռուստատեսությամբ։ Իսկ հանդիպումները քաղաքացիների հետ հիմնականում անցկացվում են բացօթյա։

«Արդարություն» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն Արցախում արտակարգ դրություն հայտարարելու կարիք է տեսնում, ինչը, ըստ նրա, կկանխի կորոնավիրուսով պայմանավորված աղետը։ Վիտալի Բալասանյանն ասել է նաև, որ հրաժարվում է ընտրողների հետ անմիջական շփումների ձևաչափից և ամջողջությամբ տեղափոխվում  է առցանց հեռարձակումների ֆորմատի։ Բակո Սահակյանի իշխանությունում մինչև վերջերս Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն զբաղեցրած Բալասանյանը արտակարգ միջոցառումներ անցկացնելու հարցով դիմել է նաև նախագահին, սակայն պատասխան չի ստացվել․

«Արցախը և Հայաստանն իրարից մեկուսացված տարածքներ չեն: Այո, այսօր սահմանին վերահսկողություն իրականացվում է, բայց ուշադրություն են դարձնում միայն ակնհայտ ախտանիշներ ունեցող մարդկանց, սակայն վիրուսի ինկուբացիոն ժամանակահատվածը 14 օր է: Մարդը կարող է լինել վարակակիր, վիրուսի փոխանցող` չիմանալով իր՝ հիվանդ լինելու մասին: Ցավոք, այսօր մենք չենք կարող բացարձակ համոզվածությամբ պնդել, որ Արցախում չկա կորոնավիրուս: Սակայն, եթե նույնիսկ դա դեռ այդպես է, մենք պետք է հրատապ միջոցներ ձեռնարկենք վարակի ներթափանցումը կանխելու և համաճարակ թույլ չտալու համար»,- ասում է Վիտալի Բալասանյանը։

Արտակարգ դրություն հայտարարելուց զատ, Վիտալի Բալասանյանը անհրաժեշտ է համարում փակել սահմանները, չեղարկել զանգվածային միջոցառումներն ու խստորեն պահպանել կարանտինի պահանջները։ Արդյոք կորոնավիրուսի վտանգն իսկապես այնքան մեծ է, որ ընտրություններն Արցախում պետք է հետաձգվեն, հայտարարվի արտակարգ դրություն։

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած «Նոր Արցախ» դաշինքից պատգամավորության թեկնածու առաջադրված Տիգրան Պետրոսյանը Factor.am-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում՝ ելնելով հանգամանքից, որ Արցախում կորոնավիրոսով վարակված անձ այս պահին չկա, անգամ մեկուսացվածներ չկան, ընտրությունները հետաձգելու հարկ չկա։ Առավել ևս, որ եթե կորոնավիրուսը թափանցի Արցախ, հայտնի չէ, թե ինչքան ժամանակից կնահաջնի, ըստ այդմ՝ անորոշ կլինի ընտրությունների ճակատագիրը։ Մասիս Մայիլյանի թիմակիցը համոզմունք է հայտնում՝ Արցախում նախագահի որոշ թեկնածուների իսկապես ձեռնտու է հետաձգումը, և ահա թե ինչու․ «Մերժված Սերժի խմբակը հիմա լոբբինգ է անում ընտրությունների հետաձգման, որովհետև իրենք չեն հասցրել թափ առնել, իրենց հիմա ժամանակ է պետք, որ ֆեյքերով ստեր տարածելով ռեյտինգ հավաքեն։ Նույնիսկ հետաձգումը չի աշխատի մեր դեմ, հակառակը՝ պարոն Մայիլյանի ռեյտինգը ավելի կբարձրանա։ Վիտալի Բալասանյանը ընտրությունների հետաձգման շահագրգիռ ուժերից է, որովհետև Վիտալի Բալասանյանը հիմա ձայներ է փոխանցում, թե՛ նա, թե՛ Արայիկ Հարությունյանը շանս չունեն»։

Այս տեսակետի հետ կապված Factor.am-ը հավելյալ գրավոր մեկնաբանություն է խնդրել Վիտալի Բալասանյանի շտաբից, խոստացան սեղմ ժամկետում պատասխանել, ինչը կհրապարակենք ստանալուն պես։

Արցախի իշխող ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ևս դեմ է արտահայտվում կորոնավիրուսով պայմանավորված ընտրությունները հետաձգելու գաղափարին։ Հարությունյանը հիշեցնում է, որ նույնիսկ Ադրբեջանի դեմ պատերազմի տարիներին տեղի են ունեցել համապետական նշանակության ընտրություններ: «1991 թվականի դեկտեմբերին՝ Արցախի Պառլամենտի ընտրության օրը, Քարինտակում նույնիսկ զոհեր են եղել։ Պատերազմը մեզ չի խանգարել կառուցել պետություն։ Իհարկե կորոնավիրուսը բարդ համաճարակ է և իմ խնդրանքն է բնակչությանը՝ կատարել իշխանության տված բոլոր բժշկական ցուցումները։ Արցախում ձևավորված է օպերատիվ շտաբ, աշխատանքային խմբեր, և մենք հաղթահարելու ենք»,- կարծում է նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։

Ի դեպ, նշենք՝ Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարեց, որ կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման վտանգով պայմանավորված դադարեցնում է նախընտրական հանդիպումները։ Ավելի վաղ հրաժարվել էին փակ տարածքներում հանդիպումներից։

«Կորոնավիրուսի թեման Արցախի իշխանություններն օգտագործում են, որ ընդդիմադիրներին ճնշեն ու խոչընդոտեն»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Արցախի հեղափոխական կուսակցության» ներկայացուցիչ Արթուր Օսիպյանը։ Նրա քաղաքական ուժը Ստեփանակերտում վրան է տեղադրել և պահանջում է հետաձգել ընտրությունները, պատճառներից առաջինը անարդար ընթացող ընտրարշավն է, երկրորդը կորոնավիրուսի տարածման վտանգն  է․ «Արտակարգ դրությունը փաստացի կա՝ մարդիկ աշխատանքի չեն գնում, ուսումնական հաստատություններ են փակվում, Արցախ այլ երկրների քաղաքացիների մուտքն է արգելված»։ Սակայն նա գտնում է, որ ժամանակն աշխատում է ի վնաս Արցախի իշխանության շահերի, և դա է պատճառը, որ կորոնավիրուսի վտանգի պայմաններում չեն հետաձգվում ընտրությունները:

«Իրենք սատարում են Արայիկ Հարությունյանին, որը օրինակ՝ քարոզարշավն անց է կացնում որևէ դպրոցում, հետո բռնում են փակում, թե բա՝ վիրուսի վտանգ կա։ Եթե իրոք էնպիսի վտանգ կա, որ գործը հասել է մուտքը Արցախ սահամանփակելուն, դպրոցներն ու եկեղեցիները փակելուն, այսինքն՝ եթե վտանգ կա, հետաձգեք, մտցրեք արտակարգ դրություն, եթե այդ վտանգը չկա, ուրեմն թողեք մնացած թեկնածուներն անեն իրենց քարոզարշավը։ Կորոնավիրուսի անվան տակ իրենց քաղաքական շահերն են հետապնդում, ուրիշ ոչինչ»,- ասաց Օսիպյանը։

Օրերս Մարտունիի քաղաքապետը փակել էր «Արցախի հեղափոխական կուսակցության» անդամների ճանապարհը քաղաք՝ թույլ չտալով քարոզարշավ իրականացնել, ավելի վաղ նրանք ոստիկանություն էին բերման ենթարկվել։ Արթուր Օսիպյանի խոսքով՝ Արցախում ընտրությունները մինչև հիմա Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են կազմակերպում, իսկ Բակո Սահակյանը գործում է այդ գծի մեջ, և նրանց թեկնածուն Արայիկ Հարությունյանն է։ Ու թերևս սա է պատառը, որ ընդդիմադիր ուժը պահանջում է Բակո Սահակյանի, ԱԽՔ Արշավիր Ղարամյանի ու Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանի հրաժարականը: «Եթե այստեղ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վերարտադրվեն, սա ամբողջ ազգի հարցն է դառնալու»,- Factor.am-ին ասաց Արթուր Օսիպյանը։

Չնայած Արցախը միջազգայնորեն դեռ չի ստացել ճանաչում, այդուհանդերձ, համապետական նախորդ ընտրությունների ընթացքին հետևել են միջազգային դիտորդներ։ Օրինակ՝ 2015 թվականին Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցել են 100-ից ավելի միջազգային դիտորդներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Հայաստանից, անգամ Զիմբաբվեից և 110 տեղական դիտորդներ: Այս տարի Հայաստանի կառավարության առաջարկով ընտրությունների ընթացքը դիտարկելու են հայաստանյան երկու կազմակերպություններ։ Միջազգային դիտորդների մասնակցությունը հատկապես կարևորվում է Արցախի միջազգային դրական իմիջի ձևավորման իմաստով։ Կորոնավիրուսը, սակայն, կարող է կասկածի տակ դնել միջազգային դիտորդների ներկայությունը։

«Նոր Արցախ» դաշինքից պատգամավորի թեկնածու Տիգրան Պետրոսյանը միջազգային դիտորդների ներկայությանը մեծ կարևորություն չի տալիս՝ հիշելով նախկինի փորձը: «Նրանց աշխատանքը ձևական բնույթ էր կրում։ Գալիս էին հաց ու խորոված ուտում, ասում էին շատ լավ ա, նրանք որևէ կերպ չեն հետևում ընտրություններին»։ Փոխարենը Պետրոսյանն ընդգծեց հայաստանյան դիտորդական կազմակերպությունների աշխատանքի կարևորությունը․ «Մենք կարիք ունենք հայաստանյան դիտորդների, որոնք լավ պատրաստություն են անցել և հստակ հետևում են գործընթացին։ Կարծում եմ՝ լավ կլինի դիտորդները ներկա լինեն, որովհետև փորձելու են կեղծել ընտրությունները։ Սրանք ամեն քայլի ընդունակ են»,- վստահ է Տիգրան Պետրոսյանը։

Այսպիսով, Արցախում սպասվող նախագահի և խորհրդարանի ընտրությունների հետաձգումը հավանական չի թվում։ Ոչ միայն այն պատճառով, որ կորոնավիրուսի հաստատված դեպք չկա, այլև՝ դրան հիմնականում դեմ է արտահայտվում քաղաքական ուժերի մեծ մասը։

 

Ռոբերտ Անանյան