Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա խնամակալության համար երևանաբնակ մի կին է դիմել. հարազատները հրաժարվել են երեխայից

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Նախօրեին կայացել է Գյումրիի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի նիստը, որում քննարկել է դաժան ծեծի ենթարկված գյումրեցի 13-ամյա աղջնակի հարցը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը։ Օրակարգում երկու հարց է եղել:

«Առաջինը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառում իրականացնելն է: Կառավարության որոշմամբ՝ խնամակալության, հոգաբարձության մարմինները, երբ նման իրավիճակ է ստեղծվում, երկկողմանի ծնողազուրկներին հաշվառելու իրավունք են բացում»,- ասաց Էդուարդ Բաղրամյանը։

Օրակարգային երկրորդ հարցով քննարկել են օրեր առաջ դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա խնամակալության հարցը:

«Մի քաղաքացի՝ Երևան քաղաքից Նվարդ Մանասյանը, դիմել էր՝ խնամակալության իրավունք ստանալու համար։ Խնդիրն այն է, որ նախ՝ երեխան մենակ չէ, ունի նաև եղբայր, որն այս պահին Գյումրիում է։ Այսինքն՝ մեկի նկատմամբ խնամակալություն, իսկ մյուսի նկատմամբ՝ հոգաբարձություն պիտի սահմանվի։ Մինչև 14 տարեկանը խնամակալ է նշանակվում, 14-18 տարեկանը՝ հոգաբարձու»,- մանրամասնեց հանձնաժողովի նախագահը։

Հավելենք, որ 13-ամյա աղջկա եղբայրը նույնպես անչափահաս է, նրա 18 տարին լրանում է սեպտեմբերին: Հնարավոր է՝ աղջնակի հետագա խնամքը ստանձի հենց նա, եթե, իհարկե, նման ցանկություն հայտնի։ Իսկ մինչ այդ ո՛չ հայրական, ո՛չ էլ մայրական կողմի հարազատները երեխաների խնամակալությունը ստանձնելու ցանկություն չեն հայտնել։ Հանձնաժողովը, սակայն, դեռ չի շտապում խնամակալությունը հանձնել երևանաբնակ կնոջը, ամեն ինչ դեռ պետք է մանրամասն ուսումնասիրել:

«Օրենքով նախատեսված է, որ եթե խնամակալ չես նշանակում, խնամակալի պարտականությունն իրականացնում է խնամակալության ու հոգաբարձության մարմինը՝ ի դեմս քաղաքապետարանի: Հիմա այդ իրավունքը տրվել է համայնքին։ Մենք շտապելու բան չունենք, որովհետև, ամենակարևորը, Նազելին դեռ վատառողջ է, պիտի վերականգնվի: Դրանից հետո ո՞վ կարող է ասել՝ նա Երևանում է մնալու, Գյումրիում է մնալու, միգուցե արտասահման է գնում, դրա համար շտապողականություն չենք ցուցաբերում: Այդ կնոջ դիմումը ողջունելի է, կքննարկենք և հետագայում որոշում կկայացնենք»,- ասաց Էդուարդ Բաղրամյանը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 15:40-ին հիվանդանոցից Գյումրիի Ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դին՝ բռնության հետքերով: Երեխան տեղափոխվել էր «Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական» հիվանդանոց։

Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ու կալանավորվել 28-ամյա մի տղամարդ։ Նա խոստովանել է, որ ինքն է ծեծի ենթարկել 42-ամյա կնոջը և նրա անչափահաս դստերը: Ըստ տեղեկությունների՝ տղամարդը եղել է մահացած կնոջ ընկերը, կենցաղային հողի վրա էլ  դաժան ծեծի է ենթարկել կնոջն ու երեխային: Արդյունքում կինը մահացել է, աղջիկը՝ ծանր վնասվածքներ ստացել:

Դեպքի առթիվ 2020 թվականի մարտի 5-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով։

Նշենք, որ 13-ամյա աղջիկն արդեն գիտակցության է եկել, չնայած վիճակը շարունակում է մնալ ծանր, քանի որ տարբեր վնասվածքներ ունի։

Ի դեպ՝ այսօր 43-ամյա կնոջ հուղարկավորությունն է: Քանի որ հարազատներից որևէ մեկը ցանկություն չի հայտնել կազմակերպել հուղարկավորությունը, դրանով զբաղվել է Գյումրու քաղաքապետարանը։

Էմմա Չոբանյան