Գրիչը, Թովմասյանը, Վանեցյանն ու Փաշինյանը. ի՞նչ են թաքցնում պաշտոնյաները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
27.01.2020 | 20:00Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հեռակա բանավեճը եզրափակվեց նրանով, որ Թովմասյանը որոշեց Փաշինյանին դատի տալ՝ իրեն զրպարտելու համար։
Նախքան հայցադիմումին անդրադառնալը, նախ վերհիշենք, թե ինչից սկսվեց հրապարակային հակամարտությունը։
2019 թվականի դեկտեմբերի 27-ին, երբ պարզ դարձավ, որ Հրայր Թովմասյանին լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել, Թովմասյանը դուրս եկավ և լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ իրեն զգուշացրել էին, որ եթե հրաժարական չտա, քրեական գործ է հարուցվելու: «Ինձ վեց ամիս առաջ դրա համար զգուշացրել էին, որ եթե X,Y Z քայլերը չանես՝ մեղադրանք կառաջադրվի։ Թե ով էր ասել, այդ մասին հետո կհայտարարեմ, իսկ X,Y, Z քայլերը հրաժարական տալն էր»,- հայտարարեց Թովմասյանը։
Բոլորովին վերջերս էլ, երբ ՀՔԾ քննիչները խուզարկում էին Թովմասյանի բնակարանը, կրկին լրագրողների հետ զրույցում Թովմասյանը մեկ այլ հայտարարություն արեց, այս անգամ իշխանություններին մեղադրելով ամեն գնով իրենից ազատվելու փորձերի համար․ «Օրվա իշխանությունը խնդիր ունի ինձանից ազատվելու և այդ ամբողջն արվում է շատ կոպիտ, շատ ակնհայտ, դրա մասին տեղյակ է, ոչ միայն մեր, այլև միջազգային հանրությունը։ Ես դրա համար շատ ցավ եմ ապրում, որովհետև Հրայր Թովմասյան անձը չէ այս պարագայում ինձ համար կարևոր, այլ երկրի հեղինակությունն ու երկրի վաղվա օրը»։
Այս տարվա հունվարի 25-ի վարչապետն իր ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Թովմասյանի այս պնդումներին, աղմկահարույց հայտարարություն արեց, ասելով․ «2018 թվականից սկսած, մայիսից սկսած սկզբից ամենօրյա, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն ինձ իր ծառայություններ է առաջարկել, ասելով, քանի որ ես եմ Սահմանադրության էս տեքստի հեղինակը, ես ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր, ինչեր, ինչեր, և նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ո՛չ ունեցել եմ, ո՛չ ունեմ, ո՛չ էլ կունենամ»։
Փաշինյանի այս հայտարարությունը անհետևանք չմնաց։ Հրայր Թովմասյանի պաշտպանները հայտարարեցին՝ Փաշինյանին 20 օր ժամանակ են տալիս, կամ իր այս խոսքերը ապացուցող փաստ է ներկայացնում, կամ իրենք հայց են ներկայացնում նրա դեմ։ Սրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի գրառումն այն մասին, որ Երևան հասնելուն պես կհրապարակի իր խոսքերն ապացուցող փաստը, նա նշել էր, սակայն, որ դրանից հետո իրեն չպետք է մեղադրեն անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Հաջորդ օրը, սակայն, պարզվեց, որ անհամաչափ հակահարվածը կապված էր մի գրիչի պատմության հետ։
Ըստ Նիկոլ Փաշինյանի հրապարակման՝ այն իրեն էր նվիրել Հրայր Թովմասյանը, որը, ըստ վարչապետի, քծնանքի վառ ապացույց էր։ Մեջբերենք վարչապետի գրառումից. «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե՝ ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն: Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած: Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր: Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձևերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչև հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով»,- գրել էր Փաշինյանը:
Վարչապետը տեղեկացրել էր, թե Թովմասյանը բազմիցս դիմել է իրեն հանդիպման ակնկալիքով․ «Հետո սկսեցին ինձ մոտ ընդունելության գալու հայտերը: Չընդունեցի: Հետո մոտենում էր հուլիսի 5-ը: Սկսվեցին «մեսիջ-խնդրանքներ», որ այդ օրը մասնակցեմ ՍԴ-ում կայանալիք ընդունելությանը: Մերժեցի, ընդ որում՝ մի քանի անգամ, որովհետև հասկանում էի, որ ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռք բերել: Հետո հանդիպեցինք 2019թ. սուրբծննդյան պատարագին: Սկսեց Աննային քծնել, թե բա շնորհակալ եմ, որ դստերս կրթաթոշակ եք տվել: Որ տեսա շողոքորթության չափն անցնում է, ասացի՝ չեն իմացել ով է: Չնայած՝ պարզվեց, իրոք չեն իմացել»։
Վարչապետի այս հրապարակումից հետո Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմը հայտարարեց՝ Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել պատրաստել հայցադիմումը։
Ի դեպ, Հրայր Թովմասյանի կողմից ստացած գրիչի մասին վարչապետը հետագայում գրեց, որ արժեքն իմանալով շոկի մեջ է հայտնվել, ըստ որոշ հրապարակումների գրիչն արժե 530 եվրո, մինչդեռ Հրայր Թովմասյանի քույրն իր էջում գրել էր, որ գրիչի արժեքը 160 դոլար է։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ գրիչը չի կարելի դիտարկել որպես փաստ, ասաց այն մանրուք է, բայց ինչպես վարչապետն է պնդում՝ սատանան մանրուքների մեջ է։ Սաֆարյանը կարծում է, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին տեղեկությանը տիրապետող վարչապետի նշած երեք անձինք Հրայր Թովմասյանը, Արթուր Վանեցյանն ու Նիկոլ Փաշինյանն են։ Բայց նշում է, որն այն ինֆորմացիան, որին տիրապետում է Արթուր Վանեցյանը ձեռնտու չէ առաջին հերթին հենց իր համար։
Վարչապետն այսօր նաև հայտարարեց, թե ՍԴ նախագահը դարձել է ընդդիմադիր գործիչ: Այս պնդմանը հակադարձեց Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ասելով, որ եթե Թովմասյանի որոշումները իշխանությանը ձեռնտու չեն, դա դեռ չի նշանակում, որ քաղաքական են: Հարությունյանը ներկա իշխանություններին կոչ է անում հանգիստ թողնել Հրայր Թովմասյանին, ասում է եթե փոփոխություն են ուզում, ապա կարող են սկսել Սահմանադրությունից․ դատելով ներկա զարգացումներից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյան հեռակա բանավեճը դեռ երկար է շարունակվելու։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լիլիթ Շաբոյան