Իրանը գործնական քայլեր է անում դեպի ԵՏՄ. «Արաս» ազատ տնտեսական գոտին սպասում է հայ գործարարների առաջարկներին

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Որքան կտրուկ է հարևան Ադրբեջանը խզել կապերը Հայաստանի հետ, նույնքան հաստատակամ է հարևան Իրանի Ատրպատական՝ Արևելյան Ադրբեջան նահանգը ձգտում կապեր հաստատել Հայաստանի հետ: Սա դուք կզգաք Իրանի այդ հատվածի թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական շփումներում: Ընդ որում, այս հատվածում ապրողներն իրենց ազերի են անվանում:

Պատճառը, թերևս ոչ միայն հայ-իրանական դարավոր համագործակցությունն ու համատեղ պատմությունն է, այլև ամերիկյան պատժամիջոցները, որոնք շատ ճանապարհներ փակել են Իրանի առաջ: Ուստի Իրանը դրանք շրջանցելու տարբերակներ է որոնում ու այդ ճանապարհներից է համարում Հայաստանն ու ԵՏՄ-ն:

Այնուամենայնիվ, առաջինը, ինչ կտեսնեք Մեղրու հատվածի Հայաստան-Իրան  սահմանը հատելիս՝ բեռնավորված հայ մանրածախ առևտրականների հսկայական հերթերն են մաքսատանը: Շատ ապրանքներ՝ այդ թվում սնունդ ու տնտեսական իրեր, Իրանում ավելի էժան են, ուստի մանրածախ առևտրականների համար ձեռնտու է Իրանից ապրանք բերելը:

Անգամ Իրանի վերջին արյունալի ցույցերը չէին ազդել մանրածախ առևտրի ոլորտում համագործակցության վրա: Իրանի այդ հատվածում՝ Նախիջևանին հարևան Ջուլֆա քաղաքում,  ընդհանրապես ցույցեր չկային: Մեր այցելության ժամանակ երկրում ինտերնետն անջատված էր, այնպես որ համարյա տեղեկություն չկար, թե ինչ արյունալի իրադարձություններ են կատարվում Իրանի կենտրոնական մասերում:

Ինչպես հայտնի է, այս տարվա սկզբից ուժի մեջ մտան ԵՏՄ կանոնները, համաձայն որոնց մեկ ուղևորը չի կարող ցամաքային ճանապարհով 25 կգ-ից ավելի ապրանք  ներմուծել՝  նախկին 50 կգ-ի փոխարեն: Սակայն հայկական կողմը  է՛լ ավելի է սահմանափակել մանրածախ առևտրականների մուտքը Իրան. ըստ այդմ, մեկ մարդը Մեղրու անցակետից Իրան կարող է մտնել ոչ ավելի, քան շաբաթը մեկ անգամ:

«Մենք ազատ պայմաններ ենք ստեղծել, ՀՀ-ն է, որ սահմանափակումներ է դրել»,- Իրանի Ջուլֆա քաղաքում հայ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արաս» ազատ տնտեսական գոտու տնօրեն Մոհսեն Նարիմանը՝ շարունակելով. «Դա 5 ամիս է՝ արվել է  Հայաստանի ներքին արտադրողներին պաշտպանելու համար, քանի որ պարսկական ապրանքն ավելի էժան է»:

Չնայած սրան,  Իրանը մեծ ծրագրեր ունի Հայաստանի միջոցով ուղիղ կապ հաստատելու ԵՏՄ-ի հետ ու մտնելու ԵՏՄ շուկա: Այդ առթիվ այս տարի ԵՏՄ-ի, Հայաստանի ու Իրանի միջև համաձայնություն է կնքվել, որով 860 ապրանքատեսակների մաքսային արտոնյալ պայմաններ ու զեղչեր են տրամադրվել:

«Մենք գիտակցում ենք, որ Հայաստանը մեծ դերակատարում ունեցող խաղացող է ԵՏՄ-ում: Իրանը ԵՏՄ-ի հետ կապող օղակն է»,- Ջուլֆայում հայ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արաս» ազատ տնտեսական գոտու տնօրեն Մոհսեն Նարիմանը՝ շարունակելով. «Համաձայնագիրը մեծ ապագա ունի և վստահ եմ, որ հաջողելու է մոտ ապագայում: Արդեն իսկ հետաքրքրվածության աստիճանը հուշում է, որ հաջողություն ունենալու է»:

Ըստ այդմ՝ Իրանը մոտ 300 ապրանքատեսակի դեպքում ցածր մաքսատուրք է սահմանել, իսկ մոտ 500-ի համար՝ ԵՏՄ-ն՝ ներառյալ Հայաստանը։ «Ակնկալում ենք, որ հայ ներդրողները լավ կճանաչեն իրանական շուկան, նրա ունեցած պոտենցիալը, իսկ ճանաչելուց հետո, վստահ եմ, որ համագործակցության եզրեր կգտնենք, և ցանկություն կառաջանա մեր շուկայում գործունեություն ծավալելու համար»,-հավաստիացրեց Մոհսեն Նարիմանը՝ ընդգծելով, որ չնայած  պատժամիջոցներին, Իրանը կարողացել է ձեռք բերել վստահություն և ԵՏՄ-ի հետ փոխադարձ համաձայնությամբ 860 ապրանքատեսակի համար սահմանել արտոնյալ պայմաններ: Իրանական կողմը լիահույս է, որ ԵՏՄ-ի հետ համագործակցությունը մեծ ապագա ունի և առաջիկայում կերևան համագործակցության առաջին պտուղները։

Հայաստանցի գործարարներն առայժմ չեն օգտվել 2013-ին ստեղծված ու հայ-իրանական սահմանն ընդգրկող «Արազ» ազատ առևտրի և արդյունաբերական գոտու ընձեռած հնարավորություններից: Իրանական կողմը հայտարարեց, որ սպասում են հայ գործարարների առաջարկներին: «Արաս»-ն առաջարկում է հայ գործարարներին համատեղ արտադրություն հիմնել, որպեսզի Իրանում ու Հայաստանում արտադրված ապրանքները «Արտադրված է Հայաստանում» պիտակով մտնեն նաև եվրոպական շուկաներ: Ուստի իրանական կողմն առաջարկում է ազատ տնտեսական գոտում արտոնյալ պայմաններով կազմակերպել ինչպես ներկրում և արտահանում, այնպես էլ արտադրություն, տարանցում կամ վերաարտահանում:

52 հազար հա տարածք ընդգրկող սահմանամերձ «Արաս» ազատ տնտեսական գոտին ամենամեծն է Իրանում ստեղծված նմանատիպ գոտիների մեջ․այն ձգվում է Թուրքիայի սահմանից մինչև Ադրբեջանի սահման: Երևանից հեռու է 380 կմ: Բոլոր օտարերկրյա քաղաքացիները կարող են այդ ազատ առևտրի գոտում 24 ժամվա ընթացքում 100 տոկոս օտարերկրյա կապիտալով առևտրային կամ արտադրական ընկերություն հիմնել: Ընկերությունը 25 տարով կազատվի ցանկացած տեսակի հարկերից և տուրքերից: «Արաս» տնտեսական գոտում ներդրում է արել 15 երկիր: Ամենամեծ ներկայությունն ունի Թուրքիան, հետո Ադրբեջանն ու Ռուսաստանն են:

Իրանի Արտպատական նահանգում հույս ունեն նաև առաջիկայում իրագործված տեսնել Իրան -Հայաստան երկաթգծի ծրագիրը, որի մասին խոսվում է տասնամյակներով: «Արաս» տնտեսաարդյունաբերական ազատ գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը հայ լրագրողներին ասաց, որ հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու համար իրանական կողմն ուսումնասիրում է միաժամանակ երկու ծրագիր։  Ըստ նրա՝ գործնական առաջարկ է դրվել սեղանին, որով եթե Հայաստանի հատվածի երկաթգծի կառուցման 30 տոկոսը ստանձնի Հայաստանը, մնացած ծախսը կանի Իրանը:

«Վստահ ենք, որ այս ծրագրի իրագործումը տնտեսական առումով մեծ հեղափոխություն կառաջացնի, այս փուլում մենք դեռևս ուսումնասիրում ենք ծրագիրը, այն գործնական ուսումնասիրության փուլում է, վստահ ենք, որ դրանից հետո անցնելու ենք գործնական քայլերի։ Այս ամենի լավագույն ապացույն այն է, որ վերջերս մեր ճանապարհաշինության նախարարը հանդիպել է իր հայ գործընկերոջը և քննարկել այս ծրագիրը»,- նշեց Մոհսեն Նարիմանը։

Ըստ նրա՝ Հայաստանն այդպիսով հնարավորություն կստանա, շրջանցելով  հարևան երկու երկրների հետ ունեցած բոլոր քաղաքական խնդիրները, Իրանի միջոցով դուրս գալ Պարսից ծոց։ Իսկ Իրանը հնարավորություն կստանա դուրս գալ եվրոպական երկրներ և ԵՏՄ:

Նախիջևանից Իրանի Արևելյան Ադրբեջանի Ջուլֆա քաղաքը բաժանում է Արաքս գետն ու պետական սահմանը: Ջուլֆայում ու հարակից տարածքներում այժմ հայեր չկան, չնայած ժամանակին շատ են եղել: Այստեղ հայերի դարավոր ներկայության մասին են վկայում պատմական հուշարձանները: Ավելին, որոշ հայկական հուշարձաններ Ջուլֆայի հիմնական հուշարձաններն են ու զբոսաշրջային վայրերը: Այստեղ հայկական եկեղեցիները ոչ միայն չեն քանդել, այլև վերանորոգել են: Օրինակ՝ Ջուլֆա քաղաքի հյուրանոցներում ու տարբեր տեղերում կարող եք տեսնել հայկական սուրբ Ստեփանոս եկեղեցական համալիրի գովազդը: Սա հաճելիորեն զարմացրեց մեր պատվիրակությանը:

Սուրբ Ստեփանոսը 9-րդ դարում կառուցված վանական մեծ համալիր է, որի վերանորոգմանը պետական միջոցներից հատկացվել է  ավելի քան կես մլն դոլար: Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում: Սուրբ Ստեփանոսում նաև ժամանակ առ ժամանակ եկեղեցական ծեսեր են լինում: Տարեկան մոտ 300 հազար միայն օտարերկրյա զբոսաշրջիկ է այցելում համալիր: Ի դեպ՝ համալիրի մուտքը վճարովի է:

Ատրպատականի նահանգը նաև զբոսաջրջային ծրագրեր ունի Հայաստանի հետ: Մեր այցելության  ժամանակ հուշագիր ստորագրվեց ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի  ու ՀՀ տուրիզմի ֆեդերացիայի հետ: Իրանական կողմն առաջարկում է Վրաստան, Հայաստան, Իրան համատեղ տուրեր կազմակերպել և, այսպես ասած, փոխանակվել տուրիստներով, որ մեկ տուրիստը միանգամից այցելի երեք երկիր: Հայակական կողմը իրագործելի է համարում առաջարկը:

Ի դեպ, Ջուլֆայում հյուրանոցները բավական մատչելի են՝ համեմատած Հայաստանի հետ: Սրան գումարած՝ Իրանի զբոսաշրջության պետական կոմիտեից հավաստիացրեցին, որ պատրաստ են հյուրանոցների գների 40 տոկոս զեղչ տրամադրել Հայաստանի տուրօպերատորներին:

Նշենք, որ նոյեմբերի 16-20-ը Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի համագործակցությամբ կազմակերպած հայ լրագրողների ու տուրօպերատորների այցելության նպատակը Հայաստանի ու Իրանի Ատրպատական նահանգի՝ Արևելյան Ադրբեջանի միջև զբոսաշրջության զարգացումն էր, ինչպես նաև «Արաս» ազատ տնտեսական գոտու հնարավորություններին ծանոթանալը։

 

Մարինե Խառատյան