Ինչո՞ւ է աղմկում Ադրբեջանը. Բաքվին անհանգստացրել է Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու որոշումը

Լուրեր

14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
Բոլորը

Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունները թևակոխում են նոր՝ վճռորոշ փուլ։ ՀՀ Կառավարությունը վերջին նիստում որոշեց դեսպանատուն բացել Իսրայելում, որը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը, նոր հնարավորություններ կստեղծի համագործակցության բազմաթիվ ոլորտներում։

Հայաստանի ու Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են դեռևս 1992 թվականին, սակայն երկու երկրները ռեզիդենտ դեսպաններ չունեն։ Հաշվի առնելով հայկական հոգևոր, մշակութային մեծ ներկայությունն Իսրայելում՝ վաղուց էր խոսվում քաղաքական ներկայության մեծացման ու դեսպանատուն բացելու անհրաժեշտության մասին, որն արդեն իրականություն է դառնում։

Իսրայելական կողմն իր հերթին ողջունել է հայկական կողմի դեսպանատուն բացելու որոշումը։

«Այս որոշումն արտացոլում է վերջին մեկ տարվա ընթացքում պետական հարաբերությունների զգալի առաջընթացը: Դեսպանատան բացումը երկկողմ հարաբերությունների նոր և կարևոր գլուխ է, և մենք վստահ ենք, որ սա է՛լ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների միջև բարեկամությունը և կխթանի երկրների միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում», – ասել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը։

Հայ-իսրայելական հարաբերությունների ջերմացումը, սակայն, պաշտոնական Բաքվի սրտով չէ։ Ադրբեջանում մտահոգված են Հայաստանի նման որոշումից: Այստեղ կարծում են, որ Ադրբեջանի ու Իսրայելի միջև «հատուկ ու բացառիկ» հարաբերությունները կարող են խաթարվել՝ պնդելով, որ ժամանակն է դիմել պատասխան քայլի ու դեսպանություն բացել Իսրայելում։

Մասնավորապես, քաղաքագետ Իլգար Վելիզադեն ադրբեջանական  լրատավամիջոցներից մեկի հետ հարցազրույցում նշել է, որ Հայաստանի այս քայլին Ադրբեջանի կողմից պիտի լինի որոշակի արձագանք ու համարժեք քայլեր:

«Ադրբեջանը չի կարող գործել առանց իսլամական աշխարհի պետություններին նայելու: Մյուս կողմից՝ մենք լավ հարաբերություններ ունենք Իսրայելի հետ և Հայաստանի նման քայլը կբարելավի նրանց հարաբերությունները: Չպետք է թույլ տալ, որ նախաձեռնությունն անցնի հայերին։ Ադրբեջանն այդ փաստն արհամարհել չի կարող, դրա համար պետք է աշխատի Իսրայելում հյուպատոսություն կամ դեսպանություն բացելու ուղղությամբ»,- ասել է քաղաքագետը։

Մեկ այլ քաղաքագետ Էլհան Շաինօղլուն էլ նշել է, որ Իսրայելում դեսպանություն բացելով՝ Հայաստանն այդ երկրում կուժեղացնի իր հակաադրբեջանական քարոզչությունը:

«Եթե Ադրբեջանի ու Իսրայելի միջև կան դիվանագիտական հարաբերություններ, եթե նրանք մեզ զենք են վաճառում, մենք էլ նրանց՝ նավթ, ինչո՞ւ դեսպանություն չբացել այնտեղ: Եթե վերցնենք Իրանի գործոնը, ապա Իրանը Հայաստանի հետ ավելի լավ հարաբերություններ ունի, ուրեմն թող նրա վրա ճնշում գործադրի: Կարծում եմ՝  Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացումից հետո այդ հարցն ավելի ակտուալ կդառնա։ Հակառակ դեպքում՝ Հայաստանն Իսրայելում կուժեղացնի իր հակաադրբեջանական քարոզչությունը»,- ասել է նա:

Ադրբեջանական կողմի բարձրացրած աղմուկին հստակ պատասխան են տվել հենց իսրայելցիները՝ անուղղակի կոչ անելով չխառնվել Իսրայելի գործերին:

«Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է մահմեդական աշխարհում, ինչը, կարծում եմ, ընդունում և հասկանում են ինչպես Իսրայելում, այնպես էլ Ադրբեջանում։ Սակայն պիտի ընդգծել, որ Իսրայելը բազմավեկտոր քաղաքականություն է վարում՝ առաջին հերթին ուղղված իր ազգային շահերի լուծմանը: Մենք չենք միջամտում մեր բարեկամ երկրների գործերին՝ հասկանալով, որ շատերը գտնվում են աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում։ Դրա համար էլ չենք բարձրացնում նրանց կողմից մեր երկրում դեսպանություն բացելու հարցը»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է իսրայելցի փորձագետ Յուրի Բոչարովը՝ ակնարկելով, որ չնայած Ադրբեջանի ու Իսրայելի միջև ռազմավարական գործընկերությանը՝ պաշտոնական Բաքուն չի շտապում Իսրայելում դեսպանատուն բացել։

Բոչարովը նաև հստակ մեսիջ է հղել ադրբեջանական կողմին՝ չփորձել քարոզչական նպատակներով օգտագործել Ադրբեջանի հրեական համայնքի ներկայացուցիչներին, հակառակ դեպքում՝ դրան կհետևեն պատասխան կոշտ քայլեր։

«Չի կարելի նաև մոռանալ այն, որ չնայած մեզանից շատերը ծագումով Ադրբեջանից են և սիրում են իրենց փոքր հայրենիքը, բայց մենք Իսրայելի քաղաքացիներ ենք, սիրում ու պաշտպանում ենք մեր երկիրը։ Դրա համար տարօրինակ կլիներ, եթե մենք դեմ դուրս գայինք մեր կառավարության՝ միջազգային պաշտոնական կապերը զարգացնելու ցանկությանը։ Մեր մտքով նույնիսկ չի էլ անցել դիմել, օրինակ, Ադրբեջանի հրեական համայնքին՝ պահանջելով փակել Բաքվում Իրանի դեսպանատունը»,- ասել է իսրայելցի փորձագետը։

Իսրայելը հանուն Ադրբեջանի չի փոխի իր օրակարգը։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանն իր պատկերացումներն ունի, թե ինչպես պետք է դասավորվեն հայ-իսրայելական և ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները, և ձգտելու է գործել հենց այդ տրամաբանության մեջ։

«Թե ինչպիսին պիտի լինեն հայ-իսրայելական հարաբերությունները, որոշում են Հայաստանն ու Իսրայելը, և Ադրբեջանն այնտեղ որևէ դերակատարություն չունի և չի կարող ունենալ, ինչպես ցանկացած այլ երրորդ երկիր»,- ասաց Մեհրաբյանը:

Նա,այնուամենայնիվ, կարծում է, որ Ադրբեջանը քայլեր կձեռնարկի՝ թույլ չտալու հայ-իսրայելական հարաբերությունների խորացումը:

«Ադրբեջանը մոբիլիզացնելու է իր ռեսուրսը, որպեսզի թույլ չտա հայ-իսրայելական հարաբերությունների ընդլայնում ու խորացում, որովհետև Ադրբեջանն այն ընկալումն ունի, թե դա կլինի Ադրբեջանի հաշվին։ Մինչդեռ այդպես չէ։ Բայց, ինչպես ցանկացած այլ երկկողմ հարաբերություններում, հայ-իսրայելական հարաբերություններում կա կարմիր գիծ, այն է՝ Իսրայելի կողմից այնպիսի զինատեսակների մատակարարումն Ադրբեջանին, որը կարող է սպառնալ Հայաստանին: Դրա մասին հայկական կողմը միշտ բացեիբաց խոսել է, ինչն Ադրբեջանի սրտով չէ, բայց դա արդեն իրենց պրոբլեմն է»,- ասաց քաղաքագետը։

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով էլ՝ Ադրբեջանը կշարունակի իր հակահայկական քաղաքականությունն Իսրայելում, բայց այստեղ շատ կարևոր են հայկական կողմի պատասխան քայլերը։

«Նրանք բավական ակտիվ հակահայկական քաղաքականություն են վարում Իսրայելում: Նախ՝ բավական մեծ համայնք ունեն, շատ ֆինանսական միջոցներ են ներդնում: Նրանց հիմնական հակահայկական խոսափողներից մեկը «Jerusalem post»-ն է, որտեղ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն նյութեր են տպագրում։ Վերջերս էլ Հայաստանի դեսպանատուն բացելու կապակցությամբ ահագին նյութեր տպեցին»,- նշեց Արման Նավասարդյանը՝ հավելելով. «Մենք պետք է պարզ պատկերացնենք, որ Ադրբեջանն ամեն ինչ կանի՝ ջուրը պղտորելու համար, ինչը մինչև հիմա է արել։ Հիմա կարող ավելի ակտիվացնի, հետո կհանգստանա»:

Ըստ Արման Նավասարդյանի՝ ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես կաշխատենք Իսրայելում, ինչ պատասխան կտանք այդ ամենին և ինչպես կկարողանանք հայ-իսրայելական հարաբերությունները շարժել մեռյալ կետից:

«Մենք պետք է զգոն, ճկուն լինենք, պետք է ակտիվ լինենք։ Իսկ եթե Ադրբեջանն ուզում է դեսպանություն բացել, թող բացի»,- հավելեց դիվանագետը:

Էմմա Չոբանյան