Դժվար թե  բովանդակային որևէ առաջընթաց գրանցվի հակամարտության կարգավորման գործում՝ Մոսկվան ու Վաշինգտոնն զբաղված են այլ հարցերով

Լուրեր

08.12.2025 | 17:30
Կճոյանը նորից դատարանի առաջ․ 49 տարով տրված հողամասը փորձում են վերադարձնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 17:22
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
08.12.2025 | 17:19
Վրաստանի տարածքով Հայաստան ադրբեջանական վառելիքի տարանցման հարցը հայկական և վրացական կողմերը քննարկել են
08.12.2025 | 17:09
Պետությունն ուժեղ է նաև ձեր վրձնահարվածով ձևավորված արժեհամակարգով․ նախարարի ուղերձը՝ Նկարիչների միջազգային օրվա կապակցությամբ
08.12.2025 | 17:06
Դեռևս զերծ ենք մնում խիստ միջոցների կիրառումից․ Մայր Աթոռը՝ Կճոյանին և մյուս բարձրաստիճան հոգևորականներին
08.12.2025 | 16:55
Վրաստանը կթույլատրի Ադրբեջանից Հայաստան վառելիքի մեկանգամյա անվճար փոխադրումը
08.12.2025 | 16:44
Արծաթափայլ եղևնիների գողության դեպք է բացահայտվել
08.12.2025 | 16:35
«Brave Heart»-ը եվրատեսիլյան մեծ բեմում․ կայացել է Ալբերտի առաջին բեմական փորձը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.12.2025 | 16:31
Անի Հովսեփյանը հաջորդ մենամարտում հաղթելու դեպքում կարող է մենամարտել գոտու համար
08.12.2025 | 16:24
Սիրիայի անցումային նախագահը կոչ է արել միավորել ջանքերը Ասադի տապալումից մեկ տարի անց
08.12.2025 | 16:15
Մեկնարկում է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը
08.12.2025 | 16:06
ԱՄՆ-ը նախատեսում է առաջիկա երկու տարիների ընթացքում Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական աջակցություն հատկացնել
08.12.2025 | 15:55
Վարդենիսում զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ
08.12.2025 | 15:51
Անթալիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 15:49
«Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիից քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց․ ըստ փաստաբանի՝ ծեծի են ենթարկել հանրային գործիչ Միհրան Հակոբյանին
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է Stratfor վերլուծական կենտրոնի Եվրասիայի հարցերով ավագ փորձագետ Եվգենի Չաուսովսկին:

-Ռուս-ամերիկյան լարվածությունը գնալով խորանում է: Մոսկվայի կողմից Դոնբասում խաղաղապահների տեղակայման առաջարկը կարո՞ղ է մեղմացնել ՌԴ-Արևմուտք լարվածությունը:

-Դոնբասում խաղաղապահ ուժեր տեղակայելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը միտված է հենց այդ նպատակին՝ նվազեցնել լարվածությունն Արևմուտքի հետ և մեղմել ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Մոսկվայի վրա գործադրվող ճնշումները: Այս առաջարկը, իհարկե, ՄԱԿ ԳԱ ընթացիկ նստաշրջանում բանակցությունների առանցքային թեմաներից է լինելու: Սակայն խաղաղապահ ուժերի մասին պատկերացումները բանակցող կողմերի մոտ խիստ տարբեր են՝ Ռուսաստանը նախընտրում է, որ խաղաղապահները ներկա լինեն միայն շփման գծում, իսկ Ուկրաինան ու նրան սատարող արևմտյան երկրները նախընտրում են առավել ընդգրկուն ներկայություն թե՛ Դոնբասում, թե՛ անջատողական ահաբեկիչների ու Ռուսաստանի միջև սահմանին: Այսպիսով, այդ առաջարկը դժվար թե կյանքի կոչվի մոտ ապագայում, թեպետ մյուս կողմից էլ այն կարող է նպաստել Մոսկվայի ու Արևմուտքի միջև լարվածության թուլացմանը և հնարավորություն ընձեռել խաղաղության շուրջ ըստ էության բանակցություններ սկսելու համար:

-Իսկ ռուս-ամերիկյան լարվածությունն ինչպե՞ս կարող է արտացոլվել Հարավային Կովկասում նրանց քաղաքականության վրա: Այս առումով Հ. Կովկասի երկրներին ի՞նչ է սպասվում:

-Հարավային Կովկասում ռուս-ամերիկյան լարվածությունը դրսևորվում է ճիշտ այն ձևով, ինչ ձևով դրսևորվում է նախկին Խորհրդային Միության մնացած տարածքում՝ Ռուսաստանը փորձում է մեծացնել իր ազդեցությունը, իսկ ԱՄՆ-ն փորձում է հնարավորինս զսպել այն: Այս ամենն ակնհայտ երևում է այն բանում, թե ինչպես է ԱՄՆ-ն աջակցում Վրաստանի՝ Արևմուտքին ինտեգրվելու գործընթացին, ինչին ի հակակշիռ՝ ռուսական կողմն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Աբխազիայում և Հարավային Օսիայում: Ռուսաստանը նաև ուժեղացրել է իր դիրքերը որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում գլխավոր արբիտր: Այնինչ ԱՄՆ-ն նախընտրել է բանակցություններ վարել բազմակողմ ձևաչափով և այդ ձևով թուլացնել ռուսական ազդեցությունը: Ռուս-ամերիկյան լարվածության աճին զուգահեռ տարածաշրջանում ավելացել են զորավարժությունները, ռազմական ներուժի մեծացմանը միտված գործողությունները: Ու դա այն դեպքում, երբ ներկայում թե Մոսկվային, թե Վաշինգտոնին Կովկասում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը ձեռնտու չէ:

-ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ եղել է այն հարթակը, որտեղ ՌԴ-ն և ԱՄՆ-ն նորմալ համագործակցել են: Լարվածության այս նոր փուլը կարո՞ղ է ազդել ԼՂ հակամարտության կարգավորման վրա:

-Այս պահին ԼՂ հակամարտությունը երկրորդական նշանակություն ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի համար: Ներկայում կողմերն ավելի մտահոգ են Ուկրաինայի, Սիրիայի ու Հյուսիսային Կորեայի խնդիրներով: Ուստի կանխելով քիչ թե շատ նշանակալի ցանկացած սրացում ԼՂ հակամարտության գոտում, դժվար թե որևէ բովանդակալի առաջընթաց գրանցվի հակամարտության կարգավորման գործում նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Մոսկվան ու Վաշինգոտնն զբաղված են այլ հարցերով:

-Վերջերս ՌԴ ԱԳՆ ղեկավար Ս. Լավրովը հայտարարել էր, որ եթե Արևմուտքը կատարեր ԵԱՀԿ հռչակագրերն ու ՆԱՏՕ-ՌԴ խորհրդի  որոշումները, ԼՂ-ի, Մերձդնեստրի հակամարտությունները վաղուց լուծված կլինեին: Արդյո՞ք Արևմուտքի դիրքորոշումն է այսքան ժամանակ խոչընդոտել մասնավորապես ԼՂ հարցի լուծմանը: Եվ արդյո՞ք ՌԴ-ն իսկապես շահագրգիռ է նույն ԼՂ հակամարտության կարգավորմամբ:

-Իրականությունն այն է, որ այդ հակամարտությունները չեն կարգավորվել այն պատճառով, որ Ռուսաստանի ու Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի ռազմավարական շահերը խիստ տարբեր են: Տարբեր են նաև հակամարտությունները լուծելու և դրանց հետ հարաբերվելու նախընտրելի մեթոդները: Քանի որ այդ հակամարտությունները գտնվում են Ռուսաստանի ու Արևմուտքի միջև վիճարկելի սահմանային գոտիներում, երկու կողմն էլ ավելի շահագրգիռ է դրանք պահպանելու և այդ տարածքներում սեփական ազդեցությունը մեծացնելու, քան թե ցանկացած գնով դրանք լուծելու հարցում: Օրինակ, ԼՂ հակամարտությունը Ռուսաստանին շնորհում է ազդեցության լծակներ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նկատմամբ, նաև՝ Արևմուտքն այդ երկու երկրներից հեռու պահելու հնարավորություն: Այնպես որ, նման հակամարտություններում առավել կարևոր են աշխարհաքաղաքական հրամայականները, քան թե ԵԱՀԿ-ի կամ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հռչակագրերը:

-Հարավային Կովկասը մշտապես եղել է նաև Թուրքիայի ուշադրության կենտրոնում: Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը, Թուրքիայի՝ Արևմուտքի հետ հարաբերությունների որոշակի լարվածությունը կարո՞ղ են փոխել Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում:

-Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը կարող է նպաստել Հարավային Կովկասում ավելի մեծ համագործակցությանը և պակաս առճակատումների: Բայց պետք է նկատի ունենալ, որ տարածաշրջանում այդ երկու երկրների ռազմավարական շահերը հաճախ բախվում են: Ի վերջո, Թուրքիան ու Ռուսաստանը բնական մրցակիցներ են, որոնց ազդեցության ոլորտները Հարավային Կովկասում խաչվում են: Այնպես որ նրանց միջև համագործակցությունը սահմանափակ է՝ ի հեճուկս հարաբերությունների ներկա ջերմացմանը:

-Թուրքիան Ռուսաստանից ձեռք է բերում С-400 համակարգեր: Իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում այդ գործարքը: Խոսակցություններ կան, որ համակարգերից մեկը տեղակայվելու է Հայաստանի հետ սահմանին:

-Ռուսաստանից С-400 համակարգերի ձեռքբերման գլխավոր պատճառը երկրի քաղաքական, ռազմական ու արդյունաբերական շրջանները, հատկապես Ստամբուլն ու Անկարան պաշտպանելն է: Կախված նրանից, թե քանի նման համակարգ ձեռք կբերի, որոշները Թուրքիան կարող է օգտագործել երկրի արևելյան սահմանը, այն է՝ Հայաստանի հետ սահմանը պաշտապնելու համար: Բայցևայնպես, գերակայությունը տրվելու է երկրի արևմտյան հատվածին: Իսկ Ռուսաստանի համար այդ գործարքն ունի տնտեսական նպատակներ, նաև՝ Թուրքիայի հետ անվտանգությանն առնչվող կապերն ուժեղացնելու նպատակ: Այդ ամենից զատ Մոսկվան ունի մեկ այլ հավելյալ շարժառիթ՝ սեպ խրել Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններում:

-Վերջին շրջանում ակտիվորեն խոսվում է այն մասին, որ Թուրքիան ցանկանում է ռազմաբազա ստեղծել Նախիջևանում: Դա որքանո՞վ է հավանական և ի՞նչ կարող է նշանակել, հաշվի առնելով թե տարածաշրջանային անվտանգությունն ընդհանրապես, թե մասնավորապես ԼՂ հարցը:

-Ներկայում դժվար է պատկերացնել, թե Թուրքիան ռազմաբազա կկառուցի Նախիջևանում, քանի որ այն ուղղակի մարտահրավեր կլինի հենց Ռուսաստանի համար: Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական ներկայությունն ու ակտիվացնում ռազմական գործողությունները Նախիջևանում: Միևնույն ժամանակ՝ Բաքուն և Անկարան ամրացնում են անվտանգության ոլորտում իրենց համագործակցությունը: Այս պայմաններում ռազմաբազայի ստեղծումը խստիվ կխորացնի թուրք-ադրբեջանական համագործակցությունը, նաև՝ կսպառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկմանը: Ուստի, թեև նման ռազմաբազայի ստեղծումը չի կարելի իսպառ բացառել, բայց նաև այդ հեռանկարը խիստ կասկածելի է:

 

Արփի Սահակյան