Երբ սահմանում մարդիկ են զոհվում, ոչ մի խոսք՝ փոխզիջման մասին․ Հայաստանը ամրացնում է դիրքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը։ Հայաստանի արտգործնախարարության տեղեկացմամբ՝ հանդիպման առանցքային թեմաներից է եղել շփման գծում վերջին շրջանում արձանագրված լարվածությունը և դրա հաղթահարումը։ «Հայկական կողմն ընդգծել է հրադադարի ամրապնդման և լարվածության ռիսկերի նվազեցման միջոցների իրականացումը՝ միջադեպերի կանխարգելման և արագ արձագանքման համար: Վերահաստատվել են խաղաղ գործընթացում հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները և մոտեցումները»,- ասված է Արտգործնախարարության հաղորդագրությունում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի համատեղ հայտարարությունում ասվում է․ «Ափսոսանքով նշելով վերջին զոհերի մասին, համանախագահները կողմերին կոչ են արել հրատապ միջոցներ ձեռնարկել՝ խաղաղության և բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»։

Միջնորդները կողմերին կոչ են արել վերահաստատել հանձնառությունը՝ խստորեն պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որևէ սադրիչ գործողությունից, այդ թվում՝ դիպուկահարների կիրառումից և շփման գծի և միջազգային սահմանների երկայնքով ինժեներական աշխատանքներ կատարելուց։

Արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից երկու օր առաջ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ արտգործնախարար Մնացականյանը Վաշինգոնում բարձրացնելու է հետագա բանակցություններին խանգարող հանգամանքները։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ՝ արտգործնախարարների հանդիպումը նպատակ ունի փորձել վերսկսել բանակցությունները, ինչը հեշտ չի ստացվելու․ «Խնդիրները շատ են՝ սկսած բովանդակային հարցերում կողմերի տրամագծորեն հակառակ դիրքորոշումներից, վերջացրած բանակցությունների ընթացակարգային ու այլ տարաձայնություններով։ Դրանք բոլորը տասնամյակներով կուտակվել են և ակնհայտորեն փակուղիները շատ խորն են»։

Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու հարցն այսօր հայկական կողմի առաջ քաշած առանցքային գաղափարներից է, և ըստ վարչապետի՝ չկա հանդիպում, որ այս հարցը չքննարկվի։  Հիշենք, այդ օրակարգը ասպարեզ բերվեց մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի արդյունքում։

«Գլխավոր հարցը հետևյալն է՝ իսկ բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին կամ ինչպես որոշ դեպքերում ասվում է՝ Ղարաբաղի հայությանը: Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա»,- ասել էր վարչապետը։

Ինչպե՞ս են հայկական և ադրբեջանական կողմերը հասկանում տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները, և 6 տարրերը, ստեփանակերտյան ելույթում այսպիսի պարզաբանման կարիք էր տեսել վարչապետը՝ ընդգծելով, որ այս սկզբունքների ադրբեջանական մեկնաբանությունը մեզ համար անընդունելի է։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ որքան էլ ադրբեջանական կողմի դիրքորոշումը կարծր լինի, Հայաստանը առաջիկա հանդիպումներում պետք է առաջ տանի Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու գաղափարը։

«Հայկական կողմի դիրքերը այստեղ անվրեպ են, հայկական կողմը չի ասում որևէ ոչ իրատեսական բան, մնացածն ուղղակի դեմ է առնում ադրբեջանական կապրիզներին։ Սկզբունքորեն, այո, դրանք հաղթահարելի են, որովհետև այսպես չի կարող շարունակվել։ Բայց դժվար հաղթահարելի են, Ադրբեջանը պետք է իր ոտքը դնի իր երգի կոկորդին, որպեսզի վերադառնա իրականության դաշտ, սակայն դա արդեն իր խնդիրն է, որովհետև պետք չէր այդպիսի նշաձող սահմանել, որ հետո հնարավոր չլիներ թռչել»,- ասաց քաղաքագետը։

Ստեփանակերտում վարչապետի մատնանշած 3 սկզբունքները և 6 տարրերը դրված են Արցախի հարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքների հիմքում։ Այստեղ նախկին իշխանությունները ամրագրել են նաև տարածքային զիջումների տարրը։ Հատկանշական է, որ այս փաստաթղթի մասին հայկական կողմն այլևս չի խոսում, հակառակը, կան մեկնաբանություններ իշխանության բարձր օղակներից, որ ըստ էության, Հայաստանը հրաժարվել է Մադրիդյան փաստաթղթից։ Փոխզիջումների մասին խոսելիս էլ վարչապետ Փաշինյանը սեփական հարցադրումն է անում՝ նախ անհրաժեշտ է փոխզիջումների հարցը ուղղել Ադրբեջանին, հետո նոր՝ Հայաստանին։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Միքայել Զոլյանը և Անուշ Բեղլոյանը ընդգծում են՝ գործում է մի սկզբունք՝ ոչ մի բան պայմանավորված չէ, քանի դեռ ամեն ինչ պայմանավորված չէ։ Այսօր նախ մթնոլորտի կարգավորման խնդիր պետք է լուծվի։

«Այսինքն՝ չի կարող այնպես լինել, որ մի կողմից պահանջվում է՝ բարձրաձայնեք, թե ինչ զիջումների եք պատրաստ, մյուս կողմը զիջումների պատրաստ չէ։ Մենք ասում ենք, որ պետք չէ մեզնից պահանջել ինչ-որ զիջումներ, որոնք օդում են կախված։ Մենք երբեք չենք զիջելու ինչ-որ բան ոչ մի բանի դիմաց, դա երբեք չի լինելու։ Անգամ եթե նույնիսկ Հայաստանի որևէ կառավարություն պատրաստ լիներ նման քայլի գնալ, պարզ է, որ Հայաստանի ժողովուրդը դա չէր ընդունի։ Մենք ասում ենք, որ դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ ստեղծվի համապատասխան մթնոլորտ, երբ սահմանում մարդիկ են զոհվում, որևէ փոխզիջման մասին խոսելը անիմաստ է։ Եկեք սկզբից մթնոլորտը կարգավորենք, ստեղծենք խաղաղության մասին խոսելու մթնոլորտ և այդ ժամանակ ունենանք այդ քննարկումները»,- ասաց Միքայել Զոլյանը։

«Իմ քայլը» դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Անուշ Բեղլոյանը հավելում է․ «Մենք պատրաստ չենք բովանդակային բանակցությունների այնքան ժամանակ, մինչև մենք չտեսնենք կոնֆլիկտի կարգավորման պատրաստակամություն նաև Ադրբեջանի կողմից։ Այս պահին դա ակնհայտ չէ, և մեր նպատակն է այսօր լարվածության նվազումը, վստահության բարձրացումը, կառուցողական դաշտի ձևավորումը, որպեսզի որևէ բովանդակային խոսակցություն կարելի լինի իրականացնել։ Այս մասին որևէ մեկնաբանություն բանակցությունների բովանդակային մասի վերաբերյալ մեր կողմից սխալ կլինի անել և դա վաղ է անել։ Այս պահին կենտրոնացած ենք համագործակցության և կառուցողական մոտեցումների ձևավորման վրա»,- նշեց տիկին Բեղլոյանը։

Հատկանշական է, որ Արցախի հարցով բանակցությունների ավանդական վայրը՝ Ռուսաստանը, այս անգամ փոխվել էր։ Ընդ որում, արտգործնախարարների հանդիպմանը նախորդել էր ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությամբ, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ այսպիսով Միացյալ Նահանգները փորձում է զրկել Ադրբեջանին Արցախի խնդրի շարունակական չլուծման մեջ խոշոր տերություններին մեղադրելու հնարավորությունից։

«Բոլթոնը հասկացնում է Ադրբեջանին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել հակամարտության կարգավորման գործում։ Սա էական է այն առումով, որ զրկում է Ադրբեջանին Մինսկի խմբի համանախագահներին մեղադրելու հնարավորությունից և խնդիրը ուժային եղանակով լուծելու արդարացումից։ Բոլթոնի հայտարարությունը էական է՝ տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու և Ադրբեջանին պատերազմի գործիքից զրկելու տեսանկյունից»,- մեկնաբանեց Ստյոպա Սաֆարյանը։

Ի դեպ, Ջոն Բոլթոնի հետ Վաշինգտոնում հանդիպում է ունեցել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հայաստանցի պաշտոնյան ընդգծել է հրադադարի ամրապնդման և ռիսկերի նվազեցման միջոցների իրականացման անհրաժեշտությունը: Պետք է ընդգծել, որ արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումը կայացավ վերջին 1 ամսում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածության պայմաններում, եղան զոհեր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից։ Սա, թե՛ պաշտոնական, թե՛ փորձագիտական շրջանակները համարեցին 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հրադադարը պահպանելու և ամրապնդելու պայմանավորվածության ոտնահարում։ Հունիսի 1-ի հայտարարությունում Հայաստանի արտգործնախարարությունը նշել էր, որ միջադեպերն ընդգծում են սեղմ ժամկետներում ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմի ներդրման վերջնականացման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հրատապությունը, ինչի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո։ Այս առիթով Ռուբեն Մեհրաբյանն ասում է․ «Հիմա հայկական կողմը շատ պարզ ասում է՝ պետք են համալիր երաշխիքներ, որ Ադրբեջանն այլևս անպատիժ ձևով պատերազմ սկսելու հնարավորություն չի ունենալու, և նոր բանակցությունները կմտնեն կոնստրուկտիվ փուլ»։

Հավելենք, որ առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո շարունակելու են խորհրդակցությունները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան