ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին
Քաղաքականություն
11.06.2019 | 20:43ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հունիսի 11-ին հանդիպել են Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն ընդգծել է երկկողմ հարաբերությունների հետեւողական ամրապնդման կարեւորությունը եւ միջխորհրդարանական դիվանագիտության դերն այդ գործընթացում:
2019 թվականի մայիսին ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խումբն աշխատանքային այցով Նուր-Սուլթանում էր: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ արդյունավետ աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու համար, Վաղարշակ Հակոբյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի վերջին նախատեսվում է Ղազախստանի խորհրդարանական բարեկամական խմբի այցը Հայաստան: Նրա խոսքով` Ղազախստանի դեսպանությունը մեր երկրում նախատեսել է հիմնել հյուպատոսություններ. ըստ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների` դրանք կբացվեն Վայոց Ձորի եւ Կոտայքի մարզերում:
Արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները, վստահեցրել է, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: Դեսպանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հունիսի 10-ին կազմակերպված խորհրդարանական լսումներին եւ բարձր գնահատել ԵԱՏՄ խնդիրների ու ներուժի բացահայտմանը նվիրված քննարկումները:
Թիմուր Ուրազաեւը հայ խորհրդարանականներին ներկայացրել է մանրամասներ Ղազախստանում անցկացված նախագահական ընտրություններից: Նա շնորհակալություն է հայտնել ընտրություններին մասնակցող Հայաստանը ներկայացնող դիտորդական խմբի անդամներին եւ զանգվածային լրատվամիջոցներին՝ արդյունավետ աշխատանք ծավալելու համար: