Կոռումպացված և ծախու պաշտոնյան տեղ չունի Արամ Մանուկյանի հայրենիքում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախագահ Արմեն Սարգսյանի, Հանրապետության բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը:

Վարչապետը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Այնուհետև բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, պետական քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հուշակոթող: Վեց մետր բարձրությամբ կարմիր տուֆից կերտված հուշակոթողը հեղինակել են ճարտարապետ Հայկ Ասատրյանը և քանդակագործ Արտակ Համբարձումյանը:

Այնուհետև վարչապետը միջոցառման մասնակիցների հետ Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում դիտել է «Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորումը և մայիսյան հերոսամարտերի պատմությունը» խորագրով ցուցահանդեսը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Վեհափառ Տեր Ամենայն Հայոց կաթողիկոս,
Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի պատգամավորներ,
Հայաստանում հավատարմագրված հարգելի դեսպաններ,
Պարոնայք սպաներ, գեներալներ, պետական այրեր, սիրելի ժողովուրդ,

Այսօր մենք տոնում ենք մեր հազարամյա պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը: 1918 թվականի մայիսի 28-ին Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերից հետո հռչակվեց Հայաստանի անկախ Առաջին Հանրապետությունը: Դա տեղի ուենցավ մի ժամանակաշրջանում, երբ թվում էր՝ հայ ժողովրդի պատմությունը հասել է իր ավարտական փուլին: Կիլիկյան Հայաստանի անկումից ուղիղ 500 տարի անց պետականություն չունեցող հայ ժողովուրդը ենթարկվել էր ծանրագույն մի աղետի՝ ցեղասպանության: 1.5 մլն հայ սրի էր քաշվել, հարյուր հազարավորները դարձել էին փախստական և հայ լինելն ինքնին վտանգավոր էր կյանքի համար:

Եվ թվում էր, թե ստեղծված են բոլոր նախադրյալները, որ հայ ժողովուրդը հանձնվի իր պատմության առաջ, ճանաչի իր պարտությունը, կորցնի իր ինքնությունը, մոռանա իր պատմությունը և հրաժարվի ապագայի նկատմամբ ունեցած որևէ հավակնությունից: Բայց տեղի ունեցավ հակառակը, տեղի ունեցավ անսպասելին և հայ ժողովուրդը ձեռք բերեց այն, ինչ թվում է`կորցրել էր անդառնալիորեն, ձեռք բերեց պետականություն, ձեռք բերեց պետական դրոշ, ձեռք բերեց պետական զինանշան, ձեռք բերեց պետական օրհներգ, որն արտահայտում էր մահվան եզրին հասած մեր ժողովրդի պատմական վերածննդի ողբերգական, բայց միևնույն ժամանակ հրաշափառ պատմությունը:

Մեր հայրենիք թշվառ, անտեր
Յուր թշնամյաց ոտնակոխ,
Յուր որդիքը արդ կանչում է
Հանել յուր վրեժ քեն ու ոխ:

Մեր հայրենիք, շղթաներով
Այսքան տարի կապկպված
Յուր քաջ որդոց սուրբ արյունով
Պիտի լինի ազատված:

Մենք այսօր կանգնած են սուրբ հողի վրա, սիրելի հայրենակիցներ, որովհետև նաև այստեղ է հեղվել այն սուրբ արյունը, որով ապրելու և լինելու իրավունք է նվաճվել մեզ համար, մեր ժողովրդի ու նրա ինքնության համար։ Այստեղ հեղված սուրբ արյան վրա է կառուցվել մեր պատմության առաջին Հանրապետությունը և այստեղ հեղված սուրբ արյունն է ապացուցել, որ հայ ժողովուրդը կենսունակ ժողովուրդ է, ապրելու ժողովուրդ է և նրա պատմությանը վերջակետ դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:

Ահա սա է ամենակարևոր պատճառը, որ ամեն տարի մայիսի 28-ին մենք միասին հավաքվում ենք այստեղ, մենք գալիս ենք ասելու, որ գիտակցում ենք մեր պատմական պատասխանատվությունը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների առաջ, մենք գալիս ենք նաև բարձրաձայնելու, լուր տալու երեք ճակատամարտի հերոսներին, որ նրանց արյունը իզուր չի հեղվել, որ նրանց սերունդներն այսօր հպարտ քայլում են այն նույն հողի վրա, որտեղ հանգչում են իրենք, որին նոր իմաստ ու բովանդակություն են հաղորդել իրենք իրենց անասելի զոհողություններով ու սխրանքներով:

Մենք գալիս ենք ասելու Առաջին Հանրապետության պետական այրերին, որ ահա ձեր բարձրացրած դրոշը թանգարանային նմուշ չէ ամենևին, այլ ծածանվում է որպես Հայաստանի անկախ Հանրապետության թիվ մեկ խորհրդանիշ: Մենք գալիս ենք ասելու, որ նրանց գործը կենդանի է, նրանց երազանքն ապրում է և նրանց երազանքը պիտի իրագործվի:

Հանգչեք խաղաղությամբ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտը կերտած նահատակներ, հանգչեք խաղաղությամբ Առաջին Հանրապետության պետական այրեր, կառավարության անդամներ՝ գլխավորությամբ Առաջին Հանրապետության չորս վարչապետերի՝ Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Համո Օհանջանյան, Սիմոն Վրացյան: Հանգչեք խաղաղությամբ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտը կերտած հրամանատարներ, պետական այրեր՝ Արամ Մանուկյան, Թովմաս Նազարբեկյան, Դանիել Բեկ-Փիրումայն, Դրաստամատ Կանայան, Մովսես Սիլիկյան, Քրիստափոր Արարատյան, Պողոս Բեկ-Փիրումյան, որովհետև ձեր սխրանքը, ձեր գործը տեր ունի այսօր:

Ձեր սխրանքներով են ոգեշնչվել արցախյան ազատամարտի հերոսները՝ Վազգեն Սարգսյանից մինչև Մոնթե Մելքոնյան, Քրիստափոր Իվանյանից մինչև Լեոնիդ Ազգալդյան, ձեր սխրանքներով են ոգեշնչվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսները՝ Ռոբերտ Աբաջյանից մինչև Քյարամ Սլոյան, Արմենակ Ուրֆանյանից մինչ Ադամ Սահակյան: Ձեր սխրանքներով են ոգեշնչված հայոց բանակի այն շարքայիններն ու սպաները, սերժանտները, ենթասպաներն ու գեներալները, ովքեր ամեն օր անխոնջ կրում են հայրենիքի անվտանգության ծանր, բայց հպարտանալու պատասխանատվությունը:

Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն գյուղացիները, ովքեր ամուր կառչած են ձեր կողմից իրենց ժառանգած հողին և բուրաստան են դարձնում տափաստաններն ու ճահճուտները: Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն գործարարները, ովքեր իրենց ստեղծարար աշխատանքով ամեն օր նոր կերպար են հաղորդում մեր հայրենիքին, նրա ամեն քաղաքին, ամեն գյուղին, ամեն փողոցին և պարտաճանաչ հարկ են վճարում հանուն հայրենիքի բարօրության:

Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն դասախոսն ու ուսուցիչը, ովքեր իրենց գործը համարում են երիտասարդ սերնդին թռչելու թևերով օժտելը, ձեր սխրանքներով են ոգեշնչված այն մարզիկները, ովքեր ամեն օր բարձրացնում ու բարձրացնում են հայոց երկրի և պետականության և հայ ժողովրդի պատիվը՝ Լևոն Արոնյանից մինչև Արթուր Ալեքսանյան, Հենրիխ Մխիթարյանից մինչև Սիմոն Մարտիրոսյան:

Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն գիտնականն ու ինժեները, ով չի համակերպվում հնարավորի սահմանի գոյության հետ, ում առաքելությունն անհնարը հնարավոր և առօրեական դարձնելն է, այնպես, ինչպես դուք հնարավոր դարձրիք անհնարը:

Ձեր սխրանքներով է ոգեշնչված Հայաստանի Հանրապետության ազատ և հպարտ քաղաքացին, ով իր սեփական իշխանությունն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում, ով տեր է դարձել Հայաստանի Հանրապետությանը՝ ձեր հիմնած, ձեր ստեղծած հայրենիքին:

Ձեր սխրանքներով պիտի ոգեշնչված լինի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր պաշտոնյա, կառավարության անդամ, թե Ազգային ժողովի պատգամավոր, համայնքի ղեկավար, թե դատավոր և պետք է հասկանա, որ ասկետի կյանքով ապրած Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում տեղ չունի կոռումպացված ու ծախու պաշտոնյան: Յուրաքանչյուր այսպիսի պաշտոնյա դավաճանում է Սարդարապատի հերոսներին և Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների սխրանքներով ոգեշնչված՝ մենք մեր հայրենիքում հաստատում ենք արդարություն, իրավունքի գերակայություն և փոխադարձ հարգանքի ու օրինականության վրա հիմնված ազգային միասնություն:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները, կեցցե՛ն Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում։