Ապրիլի 23․Սերժ Սարգսյանից ազատ Հայաստանի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 11:25
Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները
12.12.2024 | 11:18
Անցած տարի ցեղասպանական գործողության ականատես եղանք. միջազգային հանրությունն այդ մասին խոսեց, երբ դա արդեն կայացած փաստ էր. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:11
Կառավարությունը դադարեցրեց Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները, կլինեն արտահերթ ընտրություններ
12.12.2024 | 11:09
Աշխարհում ցեղասպանությունների կրկնման վտանգը շարունակում է մնալ. ՀՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:52
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 12-ի դրությամբ
12.12.2024 | 10:40
ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ հնարավոր է համարել Իսրայելի հետ գործարքի հնարավորությունը. WSJ
12.12.2024 | 10:31
Նավթի գներն աճել են
12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
12.12.2024 | 09:46
Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
Բոլորը

Մեկ տարի առաջ ապրիլի 23-ի առավոտյան Հայաստանում կյանքը կաթվածահար էր, օդում վերջին 23 օրվա միակ նախադասությունն էր՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»։ Արդեն առավոտյան Բժշկական համալսարանի մոտ ոստիկանները ծեծում են մի քաղաքացու, որի մի աչքը վիրակապի մեջ է:

Ժողովուրդը կրկին փողոցներում է, ամբողջ քաղաքում ժողովրդական զանգվածների երթեր են, կաթվածահար է երթևեկությունը, մինչդեռ շարժման անդամներից ոչ մեկին հայտնի չէ, թե որտեղ է նախորդ օրը առևանգված և ձերբակալված իր առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը։ Դա չի խանգարում, որ զանգվածների երթին միանան գործող զինծառայողները խաղաղապահների զորամասից:

Պաշտպանության նախարարությունն անցնում է հակահարձակման իրեն հայտնի քարոզչական մեթոդով, հայտարարում է, որ սահմանին նկատվում է ադրբեջանական զինուժի աշխուժություն, ապացույցը տեսանյութն է:

Հընթացս ասուլիս է հրավիրում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, նա պատգամավորների ձերբակալության մեջ հակաօրինական ոչինչ չի տեսնում, բայց փողոցին կոչ է անում երկխոսել իշխանության հետ։ Ո՞վ պիտի երկխոսի, եթե առաջնորդը բանտում է:

««Ում հետ երկխոսել» հարցն ամենահեշտն է այս ամենում։ Նիկոլ Փաշինյանը մենակ չէ, ինչպես իրենց կարգախոսում է ասվում, կան բազմաթիվ մարդիկ, որոնք այդ նույն գաղափարների կրողներն են, նաև խորհրդարանի պատգամավորներ»,- ասում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Երևանի փողոցներում ձեռքից ձեռք է անցնում Սերժ Սարգսյանի խորհրդանշական դագաղը։ Այս կադրերում դագաղը Հանրապետականի գաղափարական խորհրդանիշ Գարեգին Նժդեհի անվան հրապարակում է:

Լրատվամիջոցները տեղեկություն են հրապարակում, որ քիչ հետո Բաղրամյան 26-ում Արմեն Սարգսյանը հանդիպելու է Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի և Բակո Սահակյանի հետ։ Ավելի ուշ հայտնի է դառնում հանդիպման նպատակը՝ հաջորդ օրը ապրիլի 24-ն է և ամբողջ աշխարհի աչքի առջև իշխանությունը կխայտառակվի, եթե զոհերին ոգեկոչելու փոխարեն ժողովուրդը բղավի՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»:

«Խնդրել եմ ձեր հանդիպումը, որպեսզի համաձայնվենք դիմել կոչով մեր բոլոր հայրենակիցներին աշխարհասփյուռ և հայրենիքում, որպեսզի մեր բոլոր տարբերությունները կարծիքները գոնե մեկ օրով մի կողմ դնենք, միավորված լինենք այդ սուրբ օրվա և մեր ազգային պայքարի շրջանակներում և՛ շուրջը, և՛ դրանից հետո գուցե նորից ամսի 25-ին անցնենք մեր խնդիրների լուծմանը»,- հույս ունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը համաձայն է։ Ի դեպ, սա նրա հրապարակային վերջին խոսքն է վարչապետի պաշտոնում․ «Ես կարծում եմ, որ ոչ միայն մեզնից յուրաքանչյուրը, այլև յուրաքանչյուր հայ ամեն ինչ պիտի անի, որպեսզի որևէ բիծ ապրիլի 24-ի օրվա վրա ոչ միայն վաղը, այլև ընդհանրապես չլինի»։

Համաձայն են նաև մյուսները։ Արա Բաբլոյանը նաև զեկուցում է, որ այս հավաքին է եկել առավոտյան Նիկոլ Փաշինյանին Էրեբունու ձերբակալվածների պահման վայրում հանդիպելուց հետո։

«Առաջարկեցի, որ այսօրվանից սկսած սկսենք մեր գործընթացը նստենք սեղանի շուրջ շատ մանրամասն բացատրելով իրական նպատակներն ու սպասելիքները ժողովրդի համար»,- պատմում է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Այս հանդիպումից հետո լրագրողների համար հայտարարություն ունի անելու միայն փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, վաղվա օրը չափազանց կարևոր է և փոխվարչապետն անում է իր քայլը, դիմում է գլխավոր դատախազին, որպեսզի պատգամավորների կալանավորման միջնորդությունը հետ վերցնի խորհրդարանից և գնում է հանդիպելու Փաշինյանի հետ։

«Վաղվա օրը չափազանց կարևոր օր է, և ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն և սթափություն կունենանք, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տանք, որ մենք՝ հայերս անկախ նրանից, թե ինչքան բարդ խնդիր կա, ինչքան նեղվածություն կա, ինչքան չլուծված հարցեր կան, կարող ենք նստել և տրամաբանական լուծում գտնել»,- առաջարկում է ՀՀ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը։

Հետագա դեպքերում արդեն հանգուցալուծում կա։ Օրվա երկրորդ կեսին Էրեբունիի ձերբակալվածների պահման վայրից ազատ են արձակվում Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ են նրանք խոսել Կարեն Կարապետյանի հետ։

«Մեր գործողությունների տրամաբանությունը որևէ կերպ չի փոխվել, և մենք հիմա մեր հայրենակիցներին հրավիրում ենք Հանրապետության հրապարակ»,- մեկուսարանից դուրս գալուց հետո ասում է Նիկոլ Փաշինյանը։

Մինչդեռ մարզերում դեռ անհանգիստ են, Արագածոտնի բնակիչները ծեծի են ենթարկում իրենց համայնքի Հանրապետական պատգամավորին, որը խոչընդոտում է նրանց երթը Երևան։

Քաղաքում թևածում է Սերժ Սարգսյանի հրաժարականի սպասումը, գրեթե ոչ ոք չի կասկածում, որ դա ժամերի հարց է։ Ժամը 16 անց 10 համաժողովրդական շարժմանը միանում է Գագիկ Ծառուկյանը և իշխանություններին կոչ անում անհապաղ քայլեր կատարել, որոնք կնպաստեն լարվածության հանգուցալուծմանը։

Ուղիղ 7 րոպե հետո Հայաստանում կրկնակի թափով են հնչում ոգևորության ճիչերը, մեքենաների ազդանշաններն արդեն չեն լռում, պայթում են շամպայնի շշերը՝ հրաժարական է տվել Սերժ Սարգսյանը։ Նա այլևս Հայաստանի ղեկավար չէ։ Այդպես էլ Հայաստանի քաղաքացու հետ երբևէ շփման մեջ չմտած այդ մարդը հրաժարական է տալիս ոչ ուղիղ եթերում, պարզապես գրավոր տեքստով, որտեղ նշում է, որ դիմում է նաև ուղիղ եթերի առաջ գամվածներին։ Տեքստում պարոն Սարգսյանն ասում է խորհրդավոր բառեր՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։

Երևանը ցնծում է, փողոցներում մարդիկ ողջագուրվում են, ոստիկաններն առաջին անգամ վերջին 20 տարում փողոցները փակած մարդկանց հանգիստ են թողնում, նրանց նույնպես շնորհավորում են մարդիկ։ Փողոցներից մեկում առանց երաժշտության պարում են հայկական «Բերդը»։ Քաղաքում օրը ցերեկով հրավառություն է։

Սերժ Սարգսյանի հրաժարականից մոտ մեկ ժամ հետո կառավարության արտահերթ նիստ է հրավիրում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։ Թե ինչ հարցեր են քննարկվում այդ նիստում, հայտնի չէ։ Մայրաքաղաքում դա ոչ մեկին հետաքրքիր չէ, քաղաքը տոնում է Սերժ Սարգսյանից ազատ առաջին ժամերը։ Խանութներում շամպայնի սուր դեֆիցիտ է, մարդիկ այն պատվիրել են նախապես:

Ժողովուրդը հավաքվում է Հանրապետության հրապարակում։ Նիկոլ Փաշինյանն այստեղ է, մարդիկ բղավում են՝ հաղթանակ։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը զեկուցում է վերջին 24 ժամվա իր արկածների մասին․ «Վերջին 24 ժամը ես եղել եմ կատարյալ մեկուսացման մեջ։ Այսինքն, ես հիմա չգիտեմ բազմաթիվ ինֆորմացիաներ»։

Երեկոյան գրեթե ամբողջ Հայաստանն է հավաքվում Հանրապետության հրապարակում։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր մանրամասներ ունի հայտնելու վերջին 24 ժամվա մասին, երբ իրեն այցելել են գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները։

«Այսօր առավոտյան ինձ առաջարկում էին համաձայնվել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին։ Երկու ժամից ինձ առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա մի ամսից։ Ավելի ուշ ինձ առաջարկեցին, էդ երրորդ առաջարկն էր, հրաժարական տա ապրիլի 25-ին։ Ես լսեցի նրանց բոլոր առաջարկները և արեցի իմը՝ ես ասեցի՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա երկու ժամվա ընթացքում, և նա երկու ժամվա ընթացքում հրաժարական տվեց»,- ի լուր հրապարակի բղավում է Նիկոլ Փաշինյանը։

Նա ասում է, որ սա թավշյա հեղափոխության առաջին հաղթանակն է, բայց օրակարգում մի քանի հարց կա՝ Ազգային ժողովը վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին և դա պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում։ Դրանից հետո ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, այնուհետև ամենասեղմ ժամկետում Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ «Մենք պատրաստվում ենք չորեքշաբթի օրը առավոտյան ժամը 11-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում շարունակել բանակցությունները իշխանության անցնցում փոխանցման օրակարգի շուրջ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։ Ես հույս ունեմ, որ ՀՀԿ վերնախավը միանշանակ և անվերապահ կճանաչի ժողովրդական թավշյա ոչ բռնի հեղափոխության հաղթանակը»։

Երջանիկ է Հայաստանը։ Առջևում առանց Սերժ Սարգսյանի առաջին գիշերն է, վաղը բացվելու է սգո պայծառ լուսաբացը՝ ապրիլի 24-ն է, Եղեռնի զոհերի հիշատակի օրը։

Մհեր Արշակյան