Եթե մեր գյուղը չլինի, հակառակորդը գալու է հասնի Վայք ու փակի Սյունիք գնացող ճանապարհը․ Խնձորուտ գյուղի բնակիչ Խաչիկ Բարսեղյան

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Վայոց ձորի սահմանամերձ գյուղերից Խնձորուտը բազում խնդիրներ ունի, բայց անբարեկարգ ճանապարհը ամենից հրատապն է և լրջագույնը։ Խնձորուտցի Խաչիկ Բարսեղյանը Factor.am-ին պատմեց՝ Զառիթափից Խնձորուտ ընկած 13 կիլոմետրանոց ճանապարհահատվածն անցնելը տևում է մեկուկես ժամ։

«Լինի թանկանոց, թե էժանանոց ավտոմեքենա, ճամփեքին չի դիմանում, շարքից դուրս են գալիս՝ ամորտիզատոր, խադավո․․․ ոչ մի բան չի դիմանում, ջարդվում են։ Պատկերացնո՞ւմ եք, 15-20 սանտիմետրանոց փոսի մեջ ավտոն ամեն անգամ ընկնի, ու տենց շարունակ, սաղ փոսեր են, ու որ կողմ էլ ղեկը պտտես, փոսից չես խուսափի։ Եթե անգամ ավտոն կամաց քշես, կապ չունի, ավտոն շատ լուրջ խնդիրների առաջ ա կանգնում»,- պատմեց 29-ամյա երիտասարդը։

Ինքն էլ, համագյուղացիների պես, անբարեկարգ ճանապարհի երեսից փոխել է մի քանի ավտոմեքենա․ «Առաջ «05» էի քշում, չդիմացավ, հիմա Նիսան եմ առել, որ մի քիչ երկար քշեմ, բայց սա էլ շուտով շարքից դուրս կգա»։

Խաչիկ Բարսեղյանը պնդում է, որ Խնձորուտ տանող ճանապարհը 36 տարի կլինի՝ չի նորոգվել․ «Միշտ ասել են՝ փոսալցումներ կանենք, համբերեք ժողովուրդ ջան, էս տարի հենց ամառն եկավ, սկսում ենք գործը։ Ամառն եկել ա, մի երկու փոս լցրել են ու ասել են՝ սպասեք, տեսնենք, թե ինչ կլինի ու տենց սպասում ենք։ Տարվա մեջ մեկ անգամ փոսալցումներ են արել, թող կոպիտ չհնչի՝ Խնձորուտ համայնքի ժողովրդին լռեցնելու համար, որ ժողովուրդ ջան տեսեք՝ աշխատում ենք, հնարավորինս շուտ էդ հարցը կլուծվի»։

Խաչիկը հիշում է, որ Հայաստանի նախորդ իշխանություններից որոշները գնացել են իրենց գյուղ ու խոսք տվել, որ ճանապարհը կբարեկարգվի․ «Ասել են՝ ընտրեք մեզ, ամեն ինչ լավ կլինի, բայց ընտրել ենք, ոչ մի բան էլ չի եղել»։ Արդեն նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին ու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին Խաչիկն անձամբ է տեսել գյուղում, ու նրանցից լսել խոստումներ։ 2018 թվականի սկզբին Խնձորուտում եղել է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Գյուղացիները նրան էլ խնդրել էին զբաղվել ճանապարհի խնդրով․․․

Խնձորուտը ադրբեջանական կրակակետերի տակ ծվարած գյուղ է։ Վերջին տունը ադրբեջանցիների դիրքերից հեռու է մոտ 400 մետր։ Սահմանակից է Վայոց ձորի մարզի Նոր Ազնաբերդ, Մարտիրոս, Գնիշիկ գյուղերին և Ադրբեջանի կազմի մեջ մտնող Նախիջևանի Հանրապետությանը։

Ըստ Վայոց ձորի մարզպետարանի կայքի՝ Խնձորուտը հարևան գյուղերից կտրված է շուրջ 20 կիլոմետրով և Նախիջևանի դեմ հանդիման ունի շուրջ 25 կիլոմետր սահման։ Գյուղում առկա բնակչության թիվը 532 է, դպրոցում սովորում է 105 աշակերտ։ Քանդուքարափ ճանապարհի պատճառով խնձորուտցիները լքում են սահմանամերձ գյուղը:

«Ինձ համար շատ հարազատ մարդիկ ենք գնացել Խնձորուտից։ Վերջերս մեր հարևանի 7 հոգանոց ընտանիքը գյուղից դուրս եկավ։ Հիմնական պատճառը նշեցին, որ ճանապարհն ա, ու կառավարության կողմից անտեսված լինելը, նաև՝ ֆինանսապես չհասցնելը։ Ինչքան գումար որ վաստակում են, ամբողջը գնում ա ճանապարհի վրա։ Գյուղ տրանսպորտ չի մտնում, նույնիսկ տաքսի չի գալիս։ Եթե մեր գյուղը չլինի, հակառակորդը գալու է հասնի Վայք ու փակի Սյունիք գնացող ճանապարհը»,- գյուղի կարևորությունը շեշտադրելու նպատակով ասաց Խաչիկը։ Երիտասարդը հույսը չի կտրում, որ վարչապետ Փաշինյանի կառավարությունը հայացքը կուղղի իրենց սահմանամերձ բնակավայրի ուղղությամբ: «Հուսով եմ՝ կնկատեն մեր գյուղն էլ, ու չեն թողնի, որ այն դատարկվի»,- ասում է Խաչիկը և ընդգծում, որ Խնձորուտում կան մեծաթիվ պայմանագրային զինծառայողներ։

Խնձորուտը մտնում է Զառիթափ խոշորացված համայնքի կազմի մեջ։ Factor.am-ը կապ հաստատեց Զառիթափի համայնքապետ Սիմոն Բաբայանի հետ։ Տեղեկանալով, որ իր հետ խոսողը լրագրող է և Խնձորուտ համայնքին վերաբերող խնդրով ենք զանգահարել, պարոն Բաբայանն իսկույն գուշակեց․ «Ճանապարհի հետ կապված եք զանգել»։ Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են անում ճանապարհի հարցով, երբևէ դիմե՞լ են Կառավարությանը ու ի՞նչ պատասխաններ են ստացել։ Համայնքապետը պատասխանեց՝ Հայաստանի թե՛ նոր կառավարությունը, թե հինը տեղյակ են Խնձորուտի անբարեկարգ ճանապարհներից:

«Բոլորը գիտեն էդ ճանապարհի մասին։ Դա մի մանեթի խնդիր չի, մոտ երկու միլիոն դոլար ա պետք, որ կառուցվի։ Բոլոր մարզպետներն էլ տեղյակ են եղել, կառավարությունն էլ գիտի։ Երեք օր առաջ էլի ասել եմ, պատասխանում են, որ մեծ ծախսերի հետ կապված խնդիր ա՝ փոսալցում չի, որ մի օրում արվի, 13 կիլոմետր ճանապարհ սարքելն էսօր լուրջ ծախս ա պահանջում»,- նկատեց համայնքապետ Սիմոն Բաբայանը։

Նա նաև տեղեկացրեց, որ 2-3 անգամ դեպի Խնձորուտ տանող ճանապարհը փոսալցվել է, բայց դա միայն ժամանակավոր լուծում է՝ անձրևները քշում-տանում են։

Խնձորուտի ճանապարհի հարցով Factor.am-ը զրուցեց նաև Վայոց ձորի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանի հետ։ Մարզպետարանի պաշտոնյան տեղեկացրեց, որ Խնձորուտի ճանապարհները նորոգելու ծրագիր մարզպետարանում վաղուցվանից կար, սակայն գումարների սակավության պատճառով հնարավոր է եղել նորոգել միայն Հերհեր համայնքի ճանապարհը․ «Էս տարվա ծրագրերի մեջ Խնձորուտի ճանապարհի նորոգում նախատեսված չէ։ Խնդիրը գումարային է, փոքր գործ չի, դա 1 միլիարդ դրամի գործ ա։ Դա մեր միջնաժամկետ ծախսային ծրագրերում գրվում է։ Եթե նախատեսում ենք միջնաժամկետ ծրագրով, նշանակում է՝ 2019, 2020, 2021 թվականների համար, եթե 2019-ին չի լինում, նախատեսում ենք, որ 2020-ին կլինի, բայց դեռ կոնկրետ բան չկա»։ Մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետն ասաց, որ Վայոց ձորի մարզպետարանն այս տարի ճանապարհաշինարարական երկու ծրագիր ունի՝ այլ համայնքների մասով, ոչ՝ Խնձորուտի։

Թե երբ ի վերջո սահմանամերձ Խնձորուտի ճանապարհը կբարեկարգվի, չգիտի ո՛չ Զառիթափ խոշորացված համայնքի համայնքապետը, ո՛չ մարզպետարանի պաշտոնյան։ Չգիտեն նաև խնձորուտցիները, սակայն ասում են՝ հույսով դեռ կսպասեն․․․

 

Ռոբերտ Անանյան