ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավության 2019-2023 թթ․ ծրագրի վերաբերյալ ( տնտեսական քաղաքականություն, գյուղատնտեսություն)

Լուրեր

15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
Բոլորը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ:

Տնտեսական քաղաքականություն

 

  1. Անվիճելի է՝ տնտեսական հիմնարար վերափոխում (իշխող ուժի տերմինաբանությամբ՝ «հեղափոխություն») անհրաժեշտ է՝ հաշվի առնելով տնտեսական, սոցիալական և քաղաքական այն մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի առջև: Սակայն տնտեսական վերափոխումը հնարավոր է իրականացնել միայն արմատապես փոխելով Հայաստանի վերանկախացումից հետո` նեոլիբերալիզմի սկզբունքների համատեքստում իրականացվող տնտեսական քաղաքականությունը: Դատելով կառավարության ծրագրից, կառավարության վերջին ամիսների գործունեությունից և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հայտարարություններից՝ կառավարությունը շարունակելու է «փոքր կառավարության» քաղաքականությունը՝ նվազեցնելով պետական ծախսերը՝ հանրային ծառայությունները արտապատվիրակելով մասնավոր ընկերությունների: Արդեն իսկ այսօր Հայաստանում պետական ծախսեր/ՀՆԱ հարաբերությունը գրեթե կրկնակի փոքր է տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (ՏԶՀԿ) երկրների ցուցանիշից: Դատելով կառավարության հայտարարած քաղաքականությունից՝ այդ հարաբերությունը է՛լ ավելի է փոքրանալու: «Փոքր կառավարությունը» կարճաժամկետ կտրվածքով կարող է մեղմել հանրային ֆինանսների վրա ճնշումը, սակայն միջին և երկարաժամկետ կտրվածքով դանդաղեցնելու է տնտեսական աճը: Իրար հաջորդած կառավարությունները փոքրացրել են պետական ծախսերը՝ ակնկալելով, որ մասնավոր հատվածն իր վրա կվերցնի հանրային հատվածին հատուկ որոշակի գործառույթներ: Սակայն մասնավոր հատվածի ոչ բավարար զարգացածության աստիճանը չի նպաստել այդ գործառույթների պատշաճ իրականացման ապահովմանը: Միևնույն ժամանակ, նվազեցնելով պետական ծախսերի մակարդակը, պետությունը նվազեցրել է որոշակի ծառայությունների տրամադրման մակարդակը, ինչը, ծառայությունների որակի նկատմամբ հանրային պահանջի աճին զուգընթաց, մեծացրել է հանրության դժգոհությունը կառավարությունից և հանրային ծառայություններից՝ մեծացնելով այդ ծառայությունները բարելավելու հանրային ճնշումը: Այսպիսով՝ առաջացել է «կախարդված մի շրջան», երբ հանրային ծառայությունների որակի բարելավման հիմնավորմամբ որոշ հանրային ծառայություններ մասնավորեցվել կամ պատվիրակվել են մասնավոր հատվածին, սակայն հանրային հատվածի ձախողման պատճառով ծառայություններ կա՛մ ընդհանրապես չեն տրամադրվել, կա՛մ տրամադրվել են այնպիսի մակարդակով, որը չի համապատասխանել հանրության ակնկալիքներին։ Լրացուցիչ ճնշումը հանգեցրել է հանրային ծառայությունների արտապատվիրակման նոր գալարի՝ էլ ավելի մեծացնելով հանրային հատվածից հասարակության դժգոհությունը: Հանրագումարում նվազել է փոքր կառավարության կողմից իրականացվող հանրային քաղաքականության որակը, ինչը չէր կարող իր ազդեցությունը չունենալ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու կառավարության ունակության վրա:
  2. Իհարկե գովելի է, որ կառավարությունը տնտեսական աճ ապահովելու համար «կիրառելու է համապատասխան գործիքակազմ՝ տեխնոլոգիական վերազինման ուղղությամբ մասնավոր հատվածի ծրագրերը խթանելու համար», կամ խթանելու է «ֆինանսական ծառայությունների ավելացումը», «կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառումը», նվազեցնելու է «բանկային վարկա­վորման խոչընդոտները», նպաստելու է «մասնավոր հատվածում վարկերի ստացման հնարավորությունների ավելացմանը» կամ «որակավորման բարձրացման նպատակով վերապատրաստման ծրագրերին պետական աջակցություն» է ցուցաբերելու։ Այո, նշված գործողությունները տնտեսության խթանման «ստանդարտ հավաքածուի տարրեր են», որոնք որևէ մեկի կողմից չեն կարող կասկածի տակ դրվել, սակայն տնտեսական աճի խթանման այս կրավորական մոտեցումն ու ստանդարտ քայլերը ի զորու չեն տնտեսական անհրաժեշտ զարգացում ապահովել: Իրական տնտեսական հեղափոխություն իրականացնելու և ներառական աճ ապահովելու համար պետությունը պետք է առավել ակտիվ տնտեսական քաղաքականություն իրականացնի՝ վերացնելով «շուկայի ձախողումները» և, ըստ անհրաժեշտության, իր վրա վերցնելով տնտեսական զարգացման «շոգեքարշի» դերը:
  3. Կառավարության տնտեսական քաղաքականությունը կենտրոնացած է տնտեսական աճ ապահովելուն և որևէ կերպ չի անդրադառնում տնտեսական աճի արդյունքների բաշխման հիմնախնդրին: Չնայած կառավարության ծրագրում խոսվում է ներառական տնտեսական աճի և «տնտեսական արդյունքի առավել հավասարաչափ» բաշխման մասին, սակայն տնտեսական զարգացման առաջարկվող մոդելը չի կարող նպաստել աճի ներառականությանը և սոցիալական արդարությանը: Իհարկե «տնտեսության զարգացումը պետք է ստեղծի քաղաքացիներին արժանավայել աշխատանքով ապահովելու նոր հնարավորություններ», և «տնտեսական զարգացմանը պետք է մասնակցեն զգալիորեն ավելի մեծ թվով քաղաքացիներ», սակայն ներառական տնտեսական աճը, գոնե ըստ ՏԶՀԿ-ի և ՄԱԿ-ի, ենթադրում է տնտեսական աճի արդար բաշխում հասարակության անդամների միջև, ինչի մասին կառավարության ծրագրում խոսք չկա: Մինչդեռ հենց արդարացի բաշխումն է սոցիալական պետության տարբերակիչ հատկանիշը, իսկ Հայաստանի Հանրապետությունը, համաձայն ՀՀ Սահմանադրության, «ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»։
  4. Նախընթաց տարիներին, այդ թվում` 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, Հայաստանի տնտեսությունը շարունակական աճ է արձանագրել: Սրան զուգահեռ ավելացել է հասարակության տարբեր շերտերի միջև եկամուտների բևեռացումը. հարուստների և աղքատների միջև անդունդը գնալով խորանում է: Տնտեսական աճը բարեկեցության անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Որպեսզի ապահովվի անհատի և հասարակության բարեկեցությունը, անհրաժեշտ է, որ տնտեսական աճի արդյունքից օգտվի ամբողջ հասարակությունը, աճն իր վրա զգա ամեն անհատ, ամեն ընտանիք: Համախառն ներքին արդյունքի մեխանիկական աճը չի կարող և երբեք չի հանգեցրել համընդհանուր բարեկեցության աճի, քանի որ արդյունքն արդարացիորեն չի բաշխվել հասարակության անդամների միջև, ուստի կառավարությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի սոցիալական արդարության հաստատման ուղղությամբ: Սակայն իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը, ընդհակառակը, մեծացնում է հարուստների և աղքատների միջև անդունդը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է մեկ ընդհանուր տոկոսադրույքով եկամուտը հարկելուն և սպառման (անուղղակի) հարկերը բարձրացնելուն:
  5. Ողջունելի է կառավարության ձգտումը առաջիկա հինգ տարիներին՝ «Հայաստանի Հանրապետությունում կառուցել բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտա­հանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն»: Համակարծիք ենք, որ «տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձևավորվի ազատորեն, անաչառ մրցակցության և հովանավորչության բացառման պայմաններում», իսկ «տնտեսության զարգացումը պետք է ստեղծի քաղաքացիներին արժանավայել աշխատանքով ապահովելու նոր հնարավորություններ», և «զբաղվածությունը քաղաքացուն պետք է երաշխավորի արժանապատիվ եկամուտներ»։ Կարևոր են նաև կառավարության ջանքերը՝ ուղղված բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության խրախուսմանը, արտահանման խթանմանը և մասնավոր հատվածի մրցունակության և աշխատուժի արդյունավետության բարձրացմանը: Սակայն համադրելով այս նպատակները տնտեսական քաղաքականության գործում պետության մասնակցության ձևաչափի վերաբերյալ ներկայացված մոտեցումների հետ, դրանք դառնում են անհույս: Մասնավորապես, ընդունելի չէ կառավարության կրավորական կեցվածքը, որը կառավարության դերակատարությունը սահմանափակում է «համախառն ազգային արդյունքի ձևավորման գործում, տնտեսական գործունեության ոլորտում առավելագույն թվով մարդկանց ներգրավման համար» պայմաններ ստեղծելուն:
  6. Անբավարար է արդար մրցակցության ապահովմանը միտված կառավարության քաղաքականությունը և մենաշնորհների դեմ պայքարը: Ասել, թե «կառավարությունն ապահովելու է տնտեսական մրցակցության պաշտպանությունը՝ կարգավորիչ արդյունավետ մեխանիզմների գործարկման միջոցով», հավասարազոր է ոչ մի բան չասելուն, քանի որ տնտեսական մրցակցության մասին խոսում են աշխարհի բոլոր երկրների բոլոր կառավարությունները: Չնայած, համաձայն ՀՀ կառավարության հավաստիացումների, Հայաստանում այլևս օլիգարխներ չկան, այլ կան միայն խոշոր սեփականատերեր, տնտեսության օլիգարխիկ կառուցվածքը դեռևս չի կազմաքանդվել. քիչ թե շատ եկամտաբեր յուրաքանչյուր ոլորտում գերիշխում է մեկ կամ մի քանի խոշոր ընկերություն: Տարբեր ապրանքային շուկաներում կենտրոնացվածության աստիճանի նվազեցմանը և մրցակցության ինտենսիվության բարձրացմանը միտված կառավարության քայլերը նկարագրելու փոխարեն՝ կառավարությունը գերադասել է նկարագրել Համաշխարհային բանկի Doing Business–ի բաղկացուցիչ տարրերը, որոնք ազատորեն հասանելի են Համաշխարհային բանկի կայքում:
  7. Ներդրումային քաղաքականության սակավ մոտեցումներում որոշակիորեն շեշտադրում են օտարերկրյա ներդրումները, ինչն անշուշտ կարևոր է, սակայն խթանման կարիք ունեն նաև ներքին ներդրումները: Պետք է անցնել նախահարձակ ներդրումային քաղաքականության․ առավել կարևոր ոլորտներում սկսել ներքին ներդրումներից՝ ստեղծել այդ ոլորտի համար բարենպաստ միջավայր, գտնել գործընկերներ արտերկրից: Մասնավորապես, ներդրումային ծրագրերում ներգրավել ԵԱՏՄ-ից Իրան և ԵՄ և հակառակ ուղղություններում շահագրգիռ կողմերի՝ Հայաստանը դիտարկելով նաև որպես այս եռանկյունու համար համատեղ արտադրություններ կազմակերպելու և համատեղ ծրագրեր իրագործելու համար առավել նպաստավոր միջավայր, լայնորեն խթանել նաև այլընտրանքային ներդրումները: Ներդրումային քաղաքականության մեջ բացակայում են այնպիսի կարևորագույն ինստիտուտների դերը, ինչպիսիք են բիզնես օմբուցմենը, սուվերեն ներդրումային հիմնադրամը, ներդրումների ապահովագրական համակարգը և այլն:
  8. Անհասկանալի է կառավարության մոտեցումը փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Կառավարության ՓՄՁ խրախուսման ողջ քաղաքականությունը նկարագրված է ընդամենը 134 բառով և սահմանափակված է «ստանդարտ դեղատոմսով»: ՓՄՁ զարգացման հիմնական խոչընդոտներից են շուկաներում գերիշխող դիրքեր ունեցող խոշոր ընկերությունները, մինչդեռ այս խնդրին կառավարությունը չի անդրադարձել: Չնայած կառավարությունը հայտարարում է, որ փոքր և միջին ձեռնարկատիրությունն իր առաջնահերթություններից է, սակայն շրջանառության հարկի շեմի իջեցումը որևէ կերպ չի կարող նպաստել ՓՄ ձեռնարկությունների զարգացմանը: Միկրոձեռնարկությունների ներառումը ՓՄՁ գլխագրի ներքո նույնպես ընդունելի չէ, քանի որ միկրոձեռնարկությունները հիմնականում ինքնազբաղվածություն են ապահովում և, որպես այդպիսին, նույնիսկ ձեռնարկություններ չեն:
  9. Հիմնական մակրոգործոն է դիտվում արտահանման շեշտակի ավելացման ճանապարհով ՀՆԱ-ի աճի ապահովումը: Համարժեք կարևորված չեն ներքին տնտեսական ներուժի ոչ լիարժեք օգտագործումը և գործադրման առարկայական հնարավորությունները, այդ թվում՝ ներմուծման փոխարինումը (օրինակ՝ պետական գնումներում նախապատվությունը հայրենական արտադրանքին տալով), ներքին սպառողական պահանջարկի խթանումը (օրինակ՝ ցածր եկամուտները առաջանցիկ աճի ապահովման, պետական ներդրումների ավելացման, առանձին ոլորտներում արտադրական շրջափուլը ամբողջականացնելու, Արցախի հետ տնտեսական կոոպերացիոն կապերը խորացնելու և հնարավոր այլ ձևերով): Տնտեսական աճի այս մոդելը նախ ռիսկային է՝ պայմանավորված տնտեսական օբյեկտիվ մի շարք գործոններով․ արտաքին տնտեսական գործոններից՝ ներքին տնտեսության կախվածության ենթադրվող աճ, սոցիալ-քաղաքական այս իրավիճակում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունների որոշ սահմանափակումներ, տնտեսության ներքին պոտենցիալն առավելագույնս գործադրելու համար պետության անհրաժեշտ ուղղակի մասնակցության անորոշություն, տնտեսական ենթակառուցվածքների ոչ բավարար վիճակ և բարելավման բարձր ռիսկեր, այդ թվում՝ արտաքին աղբյուրներից մեծ ծավալի վարկավորման անհրաժեշտություն, բնական մենաշնորհներ ունեցող սուբյեկտների կողմից սեփական ենթակառուցվածքների զարգացման և ներդրումային վարքագծի անորոշություններ, գազի, էլեկտրական էներգիայի և ջրի սակագների բարձրացման անորոշություններ: Այս թեզի իրագործումը էական ռիսկեր է պարունակում նաև աշխարհաքաղաքական առկա մարտահրավերների տեսանկյունից․ ազգային հարցերում զիջումների պարտադրանք՝ նաև արտաքին տնտեսական ներազդմամբ, պատերազմական վիճակ և ռիսկեր, փակ սահմաններ, տարածաշրջանում լոկալ և գլոբալ շահերի կոնֆլիկտներ և կոմպլեմենտար քաղաքականության ռիսկեր:
  10. Հիմնական նպատակադրումները ներառում են հանրության բոլոր շերտերին հուզող սոցիալական խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ ներառական զարգացման ճանապարհով: Սակայն բարեփոխումների համար առաջարկվող հավաքական լուծումները հետևողականորեն ունեն ազատ շուկայական կարգավորման գաղափարական հենք, որոնց սկզբունքային անհամատեղելիությունը բազմիցս փաստված է համաշխարհային տնտեսության, ինչպես նաև անկախացումից հետո մեր երկրի զարգացման պատմությամբ:
  11. Հմտորեն քողարկված է սոցիալական և տնտեսական զարգացման գործում պետության ուղղակի մասնակցության և պարտավորությունների շրջանակը, հատկապես սոցիալական խորացող կոնկրետ խնդիրների լուծումների համատեքստում՝ խրոնիկ գործազրկություն և աղքատություն, ներառյալ՝ աշխատողների շրջանում աղքատության բարձր մակարդակ, տարածքային զարգացման անհամաչափություն, ժողովրդագրական ճգնաժամի հանգեցնող խնդիրներ:
  12. Հատկանշական է, որ կառավարությունը գերկենտրոնացված ապրանքային շուկաներում (շաքարավազ, ալյուր, ձու, ձեթ, կարագ, բենզին, դիզելային վառելիք և այլն) մրցակցային դաշտի բարելավումը բացառապես պայմանավորում է ազատ մրցակցային պայմանների առկայությամբ: Այսինքն՝ եթե թույլատրվի, որ բոլորը ապրանքներ բերեն, վաճառեն, ապա մրցակցային տնտեսություն կունենանք՝ մոռանալով, որ խոշոր տնտեսավարողների հետ փոքր և միջին բիզնեսը չի կարող մրցակցել հավասար պայմաններում:
  13. Կառավարության ծրագրում զբոսաշրջության զարգացումը հիմնականում հիմնված է «թավշյա հեղափոխության» ստեղծած իմիջի վրա, ինչը, անշուշտ, չի կարող նպաստել զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը և մատուցվող ծառայությունների մատչելիությանը:
  14. Ոչ մի թիվ, թե տարեկան կտրվածքով որքան է նախատեսվում զբոսաշրջիկների աճի տեմպը, և ինչ քայլեր են ձեռնարկում համապատասխան ենթակառուցվածքներ ու տուրիզմ խրախուսող քայլեր ապահովելու ուղղությամբ։
  15. Ռազմարդյունաբերության ոլորտից բացի, ամրագրված չեն պետության ուղղակի մասնակցային և պետական ներդրումների իրականացման պարտավորություններ սոցիալական ներառական զարգացման օբյեկտիվ ներուժ ու անհրաժեշտություն ունեցող առաջնային աճի մի շարք այլ բևեռներում և հատկապես այն բնակավայրերում, որտեղ դեռևս առկա տնտեսական բարձր ռիսկը և ցածր հետաքրքրությունները օբյեկտիվորեն չեն ապահովում մասնավոր ներդրումներ: Ասենք, օրինակ՝ ՓՄՁ ոլորտ, զբոսաշրջություն, աշխատաշուկայում ներառման առանձնահատուկ դժվարություններ ունեցող անձանց խմբերի և խոցելի առանձին բնակավայրերում սոցիալական ձեռնարկատիրություն, նաև՝ տնաշխատության հենք ունեցող վերամշակող արտադրություններ, տեքստիլ:
  16. Ամփոփելով «Իմ քայլը» դաշինքի կողմից ձևավորված, ըստ էության միակուսակցական կառավարության ծրագրում արտացոլված տնտեսական քաղաքականությունը՝ այն գնահատում ենք ժամանակի մարտահրավերներին ոչ համապատասխան: Նեոլիբերալ գաղափարախոսության տարրեր պարունակող կրավորական տնտեսական, ինչպես նաև հանրային ծառայությունների մասնավորեցման և արտապատվիրակման քաղաքականությունը չի կարող Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնել: Ազգային արդյունքի բաշխման և սոցիալական արդարության հիմնահարցի անտեսումը մեծացնելու է հասարակության բևեռացումը, խորացնելու է հարուստների և աղքատների միջև առաջացած անդունդը և վտանգելու է հասարակության համերաշխությունը:Գյուղատնտեսություն
    1. Արձանագրում ենք, որ ծրագրի այս մասը նախորդ կառավարության որդեգրած մոտեցումների շարունակությունն է. գյուղատնտեսության արդյունավետության բարձրացում, աջակցության տրամադրում գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտներին (մանավանդ՝ փոքր տնային տնտեսություններին և կոոպերատիվներին), սուբսիդավորման մեխանիզմների հասցեականության ավելացում և այլն: Կարևոր է, որ շարունակվեն գործուն քայլեր ձեռնարկվել անմշակ և ոչ նպատակային օգտագործվող հողերի մակերեսների նվազեցման ուղղությամբ: Դրական են կրթական, գիտահետազոտական, արդյունաբերական կլաստերների ստեղծմանը միտված մոտեցումները, գյուղատնտեսության և ագրարային ոլորտի կրթական, գիտական, գիտաարտադրական և խորհրդատվական կենտրոնների համագործակցության խորացումը, գյուղատնտեսական արտադրողների շրջանում գյուղատնտեսությանն առնչվող գիտելիքների և փորձի տարածման ու տեղեկատվության հասանելիության համակարգի ներդրումը:
    2. Գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հողերի խոշորացման և հողերի արդյունավետ շուկայի ձևավորման համար: Հայաստանում վարելահողերի միջին մակերեսը պակաս է 1.5 հեկտարից: Փոքր և կտրտված հողակտորների տնտեսական արդյունավետությունը ցածր է, երկրից իսպառ վերացել է ցանքաշրջանառությունը: Հողերի խոշորացման համար հողի սեփականության իրավունքի փոփոխությունը պարտադիր պայման չպետք է լինի: Հարկ է ստեղծել բավարար խթաններ, որպեսզի փոքր հողատերերը, կամավորության սկզբունքով, միավորեն իրենց հողատարածքները՝ մեծացնելով հողի արդյունավետությունը:
    3. Գյուղատնտեսական քաղաքականությունը նաև պետք է միտված լինի տարածքային անհամամասնությունները մեղմելուն: Գյուղատնտեսական և պետական աջակցության ծրագրերը պետք է իրականացվեն հիմնականում առավել խոցելի ու տնտեսապես թերզարգացած մարզերում և համայնքներում:
    4. Մարզերում անասնաբույժների, գյուղատնտեսների և բուսասանիտարների հիմնահարցի լուծումը կենսական անհրաժեշտություն ունի գյուղատնտեսության զարգացման համար: Ցավոք, տասնյակ համայնքներում այլևս չկան նշված մասնագիտություններին տիրապետող անձինք: Անասնաբույժների միջին տարիքը մոտենում է 60-ի:
    5. Հաշվի առնելով ամբողջ աշխարհում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի աճող պահանջարկը՝ կառավարությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի Հայաստանում օրգանական գյուղատնտեսության խթանման ուղղությամբ:
    6. Հայաստանի գյուղատնտեսական բյուջեն համադրելի չէ երկրում գյուղատնտեսության տնտեսական և քաղաքական նշանակության հետ, կազմում է ընդհանուր բյուջեի մոտ մեկ տոկոսը (առանց ոռոգման ջրի սուբսիդավորման գումարի)․ սա այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը գեներացնում է երկրի ՀՆԱ-ի առավել քան 15 տոկոսը, իսկ գյուղատնտեսության վերամշակումը՝ ևս 10 տոկոսը: Մինչդեռ գյուղատնտեսության ֆինանսավորման հիմնական ցուցանիշ համարվող հարաբերությունը, ամենացածրերից մեկն է ամբողջ աշխարհում և կազմում է մոտ 3.5 տոկոս: Համեմատության համար նշենք, որ Վրաստանում այն գերազանցում է 10 տոկոսը, Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում` 15 տոկոսը (գյուղատնտեսության բյուջեում ներառված է նաև ոռոգման ջրի սուբսիդավորման գումարը):
    7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական ուղղվածության ինդեքսը՝ գյուղատնտեսությանը հատկացվող ֆինանսավորման մեկ այլ հիմնական ցուցանիշ՝ , դարձյալ ամենացածրերից է և հավասար է մոտ 0.1-ի: Համեմատության համար՝ այդ հարաբերությունը Վրաստանում մոտ 0.4 է, իսկ Ադրբեջանում և Թուրքիայում գերազանցում է 0.4-ը:

    8.Համադրելի և ուղղակի մրցակից երկրների հետ համեմատությունը փաստում է, որ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման և կառավարության ծրագրում նախատեսված նպատակների իրականացման համար անհրաժեշտ է գյուղատնտեսական բյուջեն մեծացնել:

    1. Անընդունելի է գյուղատնտեսության նախարարության միավորումը ցանկացած այլ նախարարությանը: Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենամեծ ճյուղերից մեկն է: Այն ապահովում է հանրապետությունում ամենամեծ զբաղվածությունը և գյուղական համայնքներում եկամտի հիմնական, եթե ոչ միակ աղբյուրն է:
    2. Հաշվի առնելով գյուղի զարգացման և գյուղատնտեսության անքակտելիությունը, ինչպես նաև գյուղատնտեսական վերամշակման օրգանական կապը գյուղատնտեսական մթերքների արտադրության հետ, գյուղատնտեսության նախարարությունը պետք է առավել հզորացվի, և նրա գործառույթները պետք է ընդլայնվեն՝ ընդհանուր առմամբ ներառելով հետևյալ ոլորտները՝ 1. գյուղատնտեսական մթերքների արտադրություն, 2. գյուղատնտեսական մթերքների վերամշակում, 3. գյուղի զարգացում:
    3. Կառավարության ծրագրում արձանագրված նպատակներն իրագործելու համար անհրաժեշտ է հզոր, բանիմաց կադրերով համալրված, մարզերում էական ներկայություն ունեցող, նախաձեռնողական և իրական կարիքներով առաջնորդվող նախարարության առկայությունը: Պատահական չէ, որ աշխարհի համարյա բոլոր երկրներն ունեն գյուղատնտեսության նախարարություն: Նույնիսկ այն պարագայում, երբ համապատասխան գերատեսչության անվանումն ավելի ընդհանրական է, օրինակ՝ գյուղատնտեսության և պարենի, գյուղատնտեսության և առաջնային արդյունաբերության, գյուղատնտեսության և գյուղական տարածքների զարգացման, առաջնային գործառույթը գյուղատնտեսությունն է:

    Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում

    1. Դաշնակցությունը ողջունում է տարածքային կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը վերաբերող դրույթները, ինչպես նաև կառավարության՝ 2016-2017 թթ.-ից իրականացվող քաղաքականությունը շարունակելու իրողությունը:
    2. Միևնույն ժամանակ, առավել քան տարակուսելի է կառավարության մտադրությունը՝ 30%-ով կրճատել մարզպետարանների հաստիքները՝ առանց կառավարության ծրագրում հայտարարված «պետական կառավարման համակարգում մարզպետարանների դիրքի և մարզպետարանների կազմակերպական կառուցվածքների վերանայման»:

    Շարունակելի

     

Կարդացեք նաև՝

Մաս 1-ը

Մաս2-րդը