Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
Քաղաքականություն
30.10.2026 | 16:48
Նոյեմբերի 29-ին Նոյեմբերյան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Մխիթար Խաչիկյանն է։ Այս մասին հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Նա նաև ներկայացրել է վերջին տարիներին համայնքում իրականացված պետական և սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման տվյալները։ Ղալումյանի փոխանցմամբ՝ բացառապես պետական բյուջեի միջոցներով իրականացվել են 11,2 մլրդ դրամի ծրագրեր, իսկ սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4,18 մլրդ դրամ։ Բացի այդ, բնակապահովման պետական աջակցության 912 ծրագրի համար հատկացվել է շուրջ 15,2 մլրդ դրամ։
Հայկ Ղալումյանի գրառումը՝ ստորև․
«Մխիթար Խաչիկյանը նոյեմբերի 29-ին Նոյեմբերյան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն է։
ՏԻՄ ընտրությունները ժողովրդավարության կարևորագույն դրսևորումներից են։ Դրանց միջոցով յուրաքանչյուր քաղաքացի ազատ և գիտակցված ընտրությամբ մասնակցում է համայնքի կառավարման մարմինների ձևավորմանը, ազդում համայնքի զարգացման հետագա ուղղությունների վրա և իր ներդրումն ունենում տեղական ինքնակառավարման ամրապնդման գործում։
Վերջին տարիներին Նոյեմբերյան համայնքում պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվել են մի շարք աշխատանքներ՝ համայնքային ենթակառուցվածքները բարելավելու, բնակավայրերը զարգացնելու և բնակիչներին հուզող խնդիրներին լուծումներ տալու նպատակով։
Իրականացված ծրագրերի ֆինանսական պատկերը հետևյալն է.
🔹Բացառապես պետական բյուջեի միջոցներով իրականացված ծրագրեր՝ 11 մլրդ 186 մլն դրամ,
🔹Սուբվենցիոն ծրագրեր՝ ընդհանուր 4 մլրդ 180 մլն դրամ,
🔹Պետական բյուջեի մասնակցություն (66,5%) – 2 մլրդ 780 մլն դրամ,
🔹Համայնքի մասնակցություն (33,5%) – 1 մլրդ 400 մլն դրամ,
🔹Պետական դոտացիաների ավելացում՝ վերջին երեք տարիներին – 850 մլն դրամ,
🔹Բնակապահովման պետական աջակցության 912 ծրագիր – 15 մլրդ 212 մլն դրամ։
Կատարված աշխատանքները կարևոր հիմք են հանդիսանում Նոյեմբերյան խոշորացված համայնքի հետագա զարգացման համար։
Մեր նպատակն է, որ համայնքի յուրաքանչյուր բնակավայր ունենա զարգացման նոր հնարավորություններ, իսկ յուրաքանչյուր բնակիչ՝ իր համայնքում անվտանգ, բարեկեցիկ և արժանապատիվ ապրելու պայմաններ։
Նոյեմբերյան խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Հորդորում եմ նոյեմբերի 29-ին ակտիվորեն մասնակցել ընտրություններին և կատարել ձեր ազատ ու գիտակցված ընտրությունը»։
Հիշեցնենք, որ Նոյեմբերյանի գործող համայնքապետ Արսեն Աղաբաբյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է, իսկ 2023 թվականի ապրիլից՝ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։ Համայնքապետ է ընտրվել 2021-ի դեկտեմբերին։
Դատախազության փոխանցմամբ՝ դեռ Կողբ համայնքը ղեկավարելու տարիներին Աղաբաբյանը պետական միջոցներով կառուցված և վերակառուցված պոմպակայանը 2018-ին շուրջ 200 հազար դրամով օրինականացրել է մասնավոր ընկերության օգտին։ Հետագայում պետությունը նույն գույքը ստիպված է եղել հետ գնել շուրջ 70 մլն դրամով։ Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու/անցնելու համար, և 2026-ի հուլիսին գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Օգոստոսի 31-ին Աղաբաբյանը ձերբակալվել է, ապա մի քանի ժամ անց ազատ արձակվել՝ երկրից բացակայելու արգելքով։
Ըստ նրա ներկայացրած մանրամասների՝ մեղադրանքը վերաբերում է համայնքին պատկանող մոտ 300 քմ տարածքը առանց գնահատման ամսական 70 հազար դրամով վարձակալության տալուն․ իրավապահների հաշվարկով այն կարող էր վարձակալության տրվել 100 հազարով։
Նոյեմբերի 29-ի ընտրություններում Աղաբաբյանը կրկին գլխավորելու է «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը։
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն Հայաստանի 12 համայնքներում։ Համամասնական ընտրակարգով ավագանի կընտրվի Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր և Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում։ Նույն օրը Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով։

