Եթե նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ, ուզում եք ամոթանք տա՞լ ինձ․ Բաթոյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
28.10.2026 | 11:52Ազգային ժողովի նիստում ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանից հետաքրքրվեց, թե ինչու պատգամավորն այս նախաձեռնությամբ հանդես չէր գալիս նախարար եղած տարիներին, և հարցադրում արեց՝ արդյո՞ք Բաթոյանն ինքը բռնության զոհ չէ կամ ինչ-որ մեկի հարկադրանքով չէ նախագիծը բերել խորհրդարան։
«Դուք հանձնաժողովի նիստի ժամանակ էլ փորձեցիք, այսպես ասած, զոհականացնել ինձ: Իսկ եթե ես նույնիսկ բռնության զոհ եմ, օրինակ, ի՞նչ կա դրա մեջ: Նկատի ունեմ՝ Դուք ուզում եք այդ իմաստով ամոթանք տա՞լ ինձ: Սա խիստ դատապարտելի վարքագիծ է, և եթե նույնիսկ այդպես լիներ, դա իմ նախաձեռնությունն ու դիրքերն ավելի կուժեղացներ։ Որևէ մեկն ինձ չի ստիպել այս նախագիծը բերել»,- ընդգծեց Բաթոյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ դեռևս 2020 թվականին, երբ ինքը զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, պետական մակարդակով առաջին անգամ մեկնարկել են բռնության զոհերի համար ապաստարանների ֆինանսավորման և աջակցության ծրագրերը։
Արձագանքելով ԱԺ ճեմասրահում բացված ցուցահանդեսի վերաբերյալ Էդգար Ղազարյանի հարցին՝ Բաթոյանը պարզաբանեց, որ ցուցադրված են բռնության ենթարկված երեխաների նկարները, որոնք տրամադրվել են հոգեբանների և հասարակական կազմակերպությունների կողմից՝ հանրությանը երեխաների ապրումներն ու հույզերը ցույց տալու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

