Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
28.10.2026 | 11:18Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցած ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը իշխող մեծամասնությանը մեղադրեց քննարկվող օրակարգից շեղվելու և «լկտի ստեր» տարածելու մեջ։
Վարդևանյանը նախ ընդգծեց, որ իրենց խմբակցությունը դրական դիրքորոշում ունի քննարկվող միջազգային համաձայնագրի վերաբերյալ, քանի որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է բխի բացառապես սեփական պետական շահերից։
Այնուհանդերձ, նա վրդովմունք հայտնեց, իր գնահատմամբ, նախորդ ելույթներում հնչած անձնական և քաղաքական թիրախավորումների առնչությամբ։
Անդրադառնալով Նարեկ Կարապետյանի շուրջ հնչած մեղադրանքներին (քաղաքացիության և ռուսական կառույցների հետ կապերի մասին)՝ ԱԺ փոխնախագահը պահանջեց հրապարակային ներողություն խնդրել։
«Տեղյա՞կ եք, որ այդպիսի նույն գրառում կա հազարավոր ՀՀ քաղաքացիների անձնագրերում, որը որևէ առնչություն չունի նշված կառույցի հետ։ Երբ սուտ եք խոսում, դրանից հետո պետք է դրա հետ առերեսվեք։ Եկե՛ք, ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից՝ դուք, ձեր գործընկերները կամ ով ասել է։ Եկե՛ք նաև ձեր Քննչական կոմիտեի անունից էլ ներողություն խնդրեք, որ քարոզարշավի ամենապատասխանատու փուլում հերթական սև քարոզն արեցիք ու սուտը տարածեցիք»,- հայտարարեց Վարդևանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

