Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
28.10.2026 | 11:11Ազգային ժողովի նիստում «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հակադարձեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին՝ նրան մեղադրելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը խեղաթյուրելու մեջ:
Բաղդասարյանը նշեց, որ Էդգար Ղազարյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը մշտապես աղավաղելուց բացի, այժմ էլ թյուրիմացության մեջ է գցում հանրությանը՝ սխալ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի արտահայտությունը։
«Իրականում ի՞նչ էր ասել նախագահ Թրամփը «Խաղաղության խորհրդի կանոնադրության» վավերացման միջոցառման ժամանակ: Պարո՛ն Ղազարյան, հերթական լիկբեզը Ձեզ համար. նախագահ Թրամփն ասել էր «compatriot», և այդ բառն ամերիկյան անգլերենում նշանակում է գործընկեր: Ես ենթադրում եմ, որ Դուք կարող է բրիտանական անգլերենի փայլուն տիրապետող եք, բայց առաջարկում եմ Ձեզ Քեմբրիջի բառարանն աչքի անցկացնել և տեսնել, թե այդ բառն ինչ կիրառում ունի Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում»,- դիմելով ընդդիմադիր պատգամավորին՝ ասաց Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ երեկ Էդգար Ղազարյանն իր ելույթի ժամանակ հիշեցրել էր միջազգային միջոցառումներից մեկի ընթացքում տեղի ունեցած մի դրվագ, երբ, իր ներկայացմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հարցրել էր՝ «իսկ ո՞ւր է քո հայրենակիցը», ինչին Ալիևը ցույց էր տվել Նիկոլ Փաշինյանին։
«Միացյալ Նահանգները ամենահզոր արտաքին հետախուզական ծառայությունը ղեկավարող երկիրն է։ Միացյալ Նահանգների նախագահը չի կարող սխալվել․ մենք անհանգստանալու բան ունենք»,- ասել էր Ղազարյանը։
Անդրադառնալով նախագծին՝ ՔՊ-ական պատգամավորն ընդգծեց, որ Խաղաղության խորհրդին Հայաստանի անդամակցությունը զուտ իրավական ընթացակարգ չէ, այլ երկրի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային անվտանգության ապահովման առանցքային գործիք:
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

