Էրդողանի խորհրդականը մեկնաբանել է Ադրբեջանին քննադատելու համար իր պաշտոնանկությունը
Քաղաքականություն
26.10.2026 | 15:30Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը պաշտոնապես մեկնաբանել է իր պաշտոնանկությունը։
«Այսօր ես հրաժարական եմ տալիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդականի պաշտոնից, պաշտոն, որը ես մեծ պատվով, հպարտությամբ և պատասխանատվությամբ եմ զբաղեցրել 2016 թվականից։ Պաշտոնները գալիս ու գնում են, կոչումները ձեռքից ձեռք են անցնում։ Իրական խնդիրը ոչ թե այն է, թե որ պաշտոնն ես զբաղեցնում, այլ այն, թե ինչ արժեքներ ես պաշտպանում։ Թող Աստված մեզ դարձնի ոչ թե նրանցից, ովքեր իշխանության ստվերում են ուժ փնտրում, այլ նրանցից, ովքեր անսասան կանգնում են ճշմարտության լույսի ներքո։ Թող մեզ դարձնի նրանցից, ովքեր պաշտպանում են իրենց հավատացած արժեքները՝ անկախ այն գնից, որ ստիպված կլինեն վճարել»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Սարալը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից դպրոցներում գլխաշոր կրելու արգելքի սահմանումը Թուրքիայում բողոքի ակցիաների և Բաքվի հասցեին քննադատությունների տեղիք է տվել։ Սարալը սոցիալական ցանցերում նույնպես գրառում էր կատարել՝ քննադատելով այդ որոշումը և կոչ անելով Բաքվին չեղարկել այն։ Բաքուն, իր հերթին, Անկարայից պահանջել է պաշտոնից հեռացնել Սարալին։
Ավելի վաղ Սարալը լրատվամիջոցներին հաստատել էր, որ հեռանում է Էրդողանի խորհրդականի պաշտոնից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

