Ճապոնիան հաջողությամբ սարք է ուղարկել Մարսի արբանյակ, որը պետք է հողի նմուշներ վերցնի
Քաղաքականություն
20.10.2026 | 12:56
Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) հայտնել է, որ հաջողությամբ տիեզերք է արձակվել H3 հրթիռը՝ MMX սարքով, որը պետք է ուսումնասիրի Մարսի արբանյակ Ֆոբոսը և նրա մակերևույթի հողի նմուշներ վերցնի։ Մեկնարկը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին՝ Տանեգասիմա կղզու տիեզերակայանից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Ամբողջ նախագիծը և դեպի Մարս ուղարկված հինգ տոննա կշռող սարքը կոչվում է MMX՝ Martian Moons Exploration («Մարսի արբանյակների ուսումնասիրություն»)։ Սարքը Երկիր պետք է վերադառնա 2031 թվականին։ Ֆոբոսի ուղեծիր հասնելու և հետ վերադառնալու ճանապարհը յուրաքանչյուր ուղղությամբ կտևի մոտ մեկ տարի։
Սարքը երեք տարի կանցկացնի ուղեծրում՝ ուսումնասիրելով Ֆոբոսը և Մարսի մյուս արբանյակը՝ Դեյմոսը։ Դրանց տրամագծերը, համապատասխանաբար, ընդամենը շուրջ 20 և 10 կմ են։ Նախատեսվում է նաև վայրէջք կատարել Ֆոբոսի վրա՝ այն ուսումնասիրելու և հողի նմուշներ հավաքելու համար։ Սկզբում պետք է վայրէջք կատարի փոքր ինքնավար մարսագնացը, այնուհետև՝ ամբողջ սարքը։
Այս նախագծի արժեքը գնահատվում է 578 միլիոն դոլար։ Դրան մասնակցում են Ճապոնիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան ու Եվրոպական տիեզերական գործակալությունը։ Ֆրանսիան և Գերմանիան պատրաստել են Idefix մարսագնացը, որն անվանվել է ի պատիվ Աստերիքսի և Օբելիքսի մասին կոմիքսների շան։
Միկրոալիքային վառարանի չափերով քառանիվ մարսագնացը պետք է առաջինը վայրէջք կատարի Ֆոբոսի վրա և այնտեղ անցկացնի շուրջ 100 օր՝ շարժվելով վայրկյանում ընդամենը 1 մմ արագությամբ։ Իսկ MMX տիեզերական սարքը Ֆոբոսի մակերևույթին կմնա ընդամենը երկու ժամ՝ 10 գրամ հողի նմուշ վերցնելու համար։
ԽՍՀՄ-ը և Ռուսաստանը երեք անգամ փորձել են դեպի Ֆոբոս առաքելություն ուղարկել՝ դրա մակերևույթին վայրէջք կատարելու նպատակով։ Մարսի արբանյակին հասնել և Երկիր լուսանկարներ փոխանցել հաջողվել է միայն «Ֆոբոս-2» սարքին՝ 1989 թվականին։ Սակայն այդ փորձերից և ոչ մեկի ընթացքում վայրէջք կատարել չի հաջողվել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

