Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
Քաղաքականություն
09.10.2026 | 17:08
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել։ Այս մասին Ինտերֆաքս-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո՛, նման հանդիպում տեղի է ունեցել Կասպյան գագաթնաժողովի ավարտից հետո»,- ասել է Պեսկովը։
Թուրքմենստանում Պուտինը մասնակցել է ԱՊՀ և Կասպյան բնապահպանական գագաթնաժողովներին։ Նշվում է, որ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի վերջին եռակողմ գագաթնաժողովից անցել է ինը տարի։
Երեք պետությունների ղեկավարների առաջին հանդիպումը (այն ժամանակ Իրանի նախագահը Հասան Ռոհանին էր) տեղի է ունեցել Բաքվում՝ 2016 թվականի աշնանը, իսկ երկրորդը՝ Թեհրանում, 2017 թվականի նոյեմբերի 1-ին։ Այդ ժամանակից ի վեր նման ձևաչափով գագաթնաժողով չի անցկացվել։
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի առաջնորդների հերթական հանդիպումը նախատեսվում էր անցկացնել Մոսկվայում՝ 2018 թվականին, այնուհետև հետաձգվեց մինչև 2019 թվականը, իսկ հետո կրկին հետաձգվեց՝ տեխնիկական պատճառներով։
Թեհրանի գագաթնաժողովում ստորագրվել էր համատեղ հայտարարություն, որով Ադրբեջանն ու Իրանը հայտարարել էին միջազգային էներգետիկ հարթակներում փոխգործակցությունը խորացնելու և նավթագազային ոլորտում համագործակցելու մտադրության մասին։
Նախագահները նաև հաստատել էին ավտոմոբիլային, երկաթուղային և օդային տրանսպորտի ոլորտներում համագործակցության կարևորությունը՝ «ՀյուսիսՀարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման նպատակով։ Այդ կապակցությամբ կողմերն ընդգծել էին Ռեշտ–Աստարա երկաթուղային գծի կառուցման նախագիծը հնարավորինս շուտ իրականացնելու անհրաժեշտությունը։
Թեհրանի գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Պուտինը հանդես էր եկել երեք երկրների միջև էներգետիկ կամուրջ ստեղծելու օգտին՝ հիշեցնելով, որ այն նախատեսում է էներգետիկ համակարգերի միավորում։ Ինչպես ընդգծել էր ՌԴ նախագահը, «այս նախաձեռնության իրականացումը թույլ կտար բարձրացնել էներգետիկ անվտանգությունը և ապահովել ամբողջ տարածաշրջանի էլեկտրամատակարարման հուսալիությունը»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

