Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
Քաղաքականություն
07.10.2026 | 12:01
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ՌԴ-ում ժանտախտի հնարավոր բռնկման հետ կապված իրավիճակը քննարկելու համար, գրում է Meduza-ն։
Լրագրողների հարցին՝ արդյո՞ք Պուտինի հետ խոսել է ժանտախտի մասին, Թրամփը պատասխանել է, որ զրույցը տեղի կունենա մոտ ապագայում։ Ստեղծված իրավիճակի հետ կապված ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գնահատականների մասին հարցին էլ Թրամփը խոստացել է պատասխանել «վաղը», գրում է AFP-ն։
Ռուսաստանի պետական լրատվական գործակալությունները հրապարակել են Թրամփի և Պուտինի առաջիկա զրույցի մասին հաղորդագրություններ, սակայն չեն նշել, թե ԱՄՆ նախագահն ինչ հարցի շուրջ է պատրաստվում զրուցել Ռուսաստանի նախագահի հետ։
Իրկուտսկի մարզում ժանտախտի հնարավոր բռնկման մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ Շելեխով քաղաքի հիվանդանոցում մահացավ Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի աշխատակիցը։ Միանգամից մի քանի լրատվամիջոցների աղբյուրներ գրել էին, որ կնոջ մոտ կարող էր թոքային ժանտախտ լինել։
«Люди Байкала»-ն հաղորդել էր, որ Իրկուտսկում մի քանի հիվանդանոց կարանտին համար փակվել է։ Սակայն այս տեղեկությունը ո՛չ հաստատվել, ո՛չ էլ հերքվել է։ Ռոսպոտրեբնադզորը պաշտոնապես հայտնել է, որ կնոջ մահվան պատճառը եղել է «չճշտված էթիոլոգիայի թոքաբորբը»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի քաղաքացիներին կոչ է արել Իրկուտսկի մարզում ժանտախտի հնարավոր բռնկման իրավիճակի վերաբերյալ առաջնորդվել միայն Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական տեղեկություններով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կապ է պահպանում Ռուսաստանի առողջապահական մարմինների հետ և առաջարկել է տեխնիկական աջակցություն, X-ում հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Միաժամանակ, նա գրել է, որ ԱՀԿ-ի հարցմանն ի պատասխան՝ Ռուսաստանի առողջապահական մարմինները հայտնել են, որ վերջին շրջանում Իրկուտսկի մարզում ժանտախտի ոչ մի դեպք չի գրանցվել։
«Նրանք ԱՀԿ-ին տեղեկացրել են, որ իրականացվել է համաճարակաբանական հետաքննություն, ձեռնարկվել են կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ, իսկ հայտնաբերված շփված անձինք գտնվել են բժշկական հսկողության տակ և թեստավորվել։ Նրանք հայտնել են, որ շփված անձանց շրջանում բարձր վտանգ ներկայացնող որևէ հարուցիչ չի հայտնաբերվել, և բոլոր հայտնաբերված շփված անձանց նկատմամբ բժշկական հսկողությունն ավարտվել է»,- նշել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։
Նույն գրառման մեջ Գեբրեյեսուսն ընդգծել է, որ կազմակերպությունը «լրացուցիչ տեղեկություններ է խնդրել՝ պարզելու ծանր թոքաբորբի պատճառը, հանրային առողջապահության ոլորտում միջոցառումների ձեռնարկման հիմք հանդիսացած հարուցիչը, ինչպես նաև ստուգելու ԶԼՄ-ների այն հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ մեկ այլ աշխատակից նույնպես տառապում է չճշտված պատճառի թոքաբորբով»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

