Էրդողանի մրցակից Անկարայի քաղաքապետը դուրս է եկել ընդդիմադիր կուսակցությունից
Քաղաքականություն
23.09.2026 | 20:49
Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը հայտարարել է Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP) դուրս գալու մասին՝ նշելով, որ շարունակելու է պաշտոնավարել որպես անկախ քաղաքապետ։ Նա այս որոշումը կայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից երկու շաբաթ անց, որը քաղաքական գործչի հետագա քաղաքական հեռանկարի վերաբերյալ ենթադրությունների տեղիք էր տվել։
Յավաշը երկու անգամ ընտրվել է Անկարայի քաղաքապետ և դիտարկվում է որպես Էրդողանի հնարավոր մրցակից նախագահական ընտրություններում։ Հեռանալով՝ նա հայտնվում է պառակտված ընդդիմության երկու թևերից դուրս՝ այն ժամանակ, երբ հետաքննություններն արդեն հասել են նաև նրա ղեկավարած քաղաքապետարան և ընդդիմության կողմից կառավարվող այլ քաղաքներ։
X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ Յավաշը նշել է, որ «այսօր արված որոշ հայտարարություններ» իրեն դրդել են հեռանալ CHP-ից։ Նա չի նշել, թե ովքեր են արել այդ հայտարարությունները և կոնկրետ ինչ են ասել։ Յավաշը նաև հստակ հայտարարել է, որ չի պատրաստվում միանալ որևէ այլ կուսակցության։ Նրա խոսքով՝ Անկարայի ընտրողներն իր օգտին քվեարկել են որպես CHP-ի թեկնածու, և ինքը նրանց կողմից ստացած մանդատը չի փոխանցի այն կուսակցությանը, որին նրանք չեն ընտրել։
Յավաշը CHP-ում մնացել էր այն բանից հետո, երբ դատարանը չեղարկել էր Օզգյուր Օզելի՝ կուսակցության 2023 թվականի համագումարում նախագահ ընտրվելը և վերականգնել նրա նախորդի՝ Քեմալ Քըլըչդարօղլուի լիազորությունները։ Օզելն ու 90 պատգամավորներ հեռացել էին կուսակցությունից՝ ստեղծելով «Նոր կուսակցություն»։ Յավաշը փորձել էր ապահովել, որ երկու կուսակցությունների անդամները շարունակեն միասին աշխատել Անկարայի քաղաքային խորհրդում։ Նա չորեքշաբթի հայտարարել է, որ ամիսներ շարունակ զգուշացրել է՝ ղեկավարության համար պայքարը կարող է պառակտել ընդդիմությանը և նվազեցնել Էրդողանին հաղթելու հնարավորությունները։
Վեճը ծավալվում է այն պայմաններում, երբ CHP-ն բախվում է իր քաղաքապետերի դեմ իրականացվող հետաքննությունների ալիքի։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որն Էրդողանի գլխավոր մրցակիցներից է, 2025 թվականի մարտից կալանավորված է և սպասում է դատավարությանը՝ կոռուպցիայի մեղադրանքներով, որոնք նա հերքում է։
Ընդդիմության այլ քաղաքապետեր նույնպես ձերբակալվել են։ Ընդդիմության առաջնորդները պնդում են, որ այդ գործերը քաղաքական դրդապատճառներ ունեն, մինչդեռ կառավարությունը հերքում է դատարանների գործունեությանը միջամտելու մեղադրանքները։
2024 թվականին CHP-ի թեկնածուների հաղթած մի շարք շրջաններ հետագայում անցել են իշխող Արդարություն ու զարգացում կուսակցության կամ կառավարության կողմից նշանակված կառավարման ներքո՝ ձերբակալությունների, կուսակցափոխությունների և ավագանու քվեարկությունների արդյունքում։ Ստամբուլի Ուսքյուդար շրջանում ԱԶԿ-ն վերահսկողություն է հաստատել այն բանից հետո, երբ ընտրված քաղաքապետը բանտարկվել է, CHP-ի ցուցակով ընտրված քաղաքային խորհրդի չորս անդամ միացել են իշխող կուսակցությանը, իսկ ընդդիմության երկու ավագանու անդամներ բանտարկվել են։
Անկարան նույնպես հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Ներքին գործերի նախարարությունը թույլատրել է հետաքննություն սկսել Յավաշի և նրա աշխատակազմի ղեկավարի նկատմամբ՝ քաղաքապետարանի համերգների համար կատարված ծախսերի վերահսկողության հետ կապված։ Ավելի ուշ նախարարությունը թույլատրել է ևս մեկ հետաքննություն՝ 2023 թվականի նախընտրական հանրահավաքի ժամանակ քաղաքապետարանի տրանսպորտային միջոցների ենթադրյալ օգտագործման վերաբերյալ։ Յավաշը համերգների ծախսերի հետ կապված հետաքննությունն անվանել է քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, իսկ քաղաքապետարանը հերքում է տրանսպորտային միջոցների օգտագործման հարցում որևէ խախտում թույլ տալը։
Այս ֆոնին Յավաշի՝ սեպտեմբերի 9-ին նախագահական նստավայրում Էրդողանի հետ հանդիպումը զայրացրել է ընդդիմության որոշ աջակիցների։ Յավաշը հայտարարել է, որ հանդիպման խնդրանքով ինքն է դիմել՝ մետրոյի շինարարության և Անկարայի այլ ծրագրերի հարցերը քննարկելու նպատակով։ Նա հերքել է, որ քննարկել է Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը համալրելու հարցը։
Միաժամանակ, Օզելն անցած շաբաթ T24 լրատվական կայքին հայտնել էր, որ Յավաշը նախապես քննարկել էր իր հետ այդ այցը, և ինքը դեմ չէր մետրոյի ծրագրերի վերաբերյալ հանդիպմանը։ Նա մերժել է այն ենթադրությունները, թե այցը կարող էր նշանակել Յավաշի՝ ԱԶԿ-ին միանալու կամ նրա նախագահական հավակնությունների ավարտը՝ Յավաշին անվանելով կարևոր տարբերակ այն դեպքում, եթե Իմամօղլուն չկարողանա առաջադրվել։
Վերջին հարցումները որոշակի պատկերացում են տալիս այդ հեռանկարի մասին։ Օգոստոսին 2,000 ընտրողների շրջանում անցկացված հարցման արդյունքում HBS Research-ը պարզել է, որ երկթեկնածու նախագահական ընտրությունների պայմանական սցենարի դեպքում հարցվածների 54,8 տոկոսը կընտրեր Յավաշին, իսկ 45,2 տոկոսը՝ Էրդողանին։ Հարցումն անցկացվել էր նախքան Յավաշի՝ հրաժարականի մասին հայտարարությունը։
CHP-ին միանալուց առաջ Յավաշը անդամակցել է ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցությանը (MHP) և եղել է Անկարայի շրջաններից մեկի՝ Բեյփազարիի քաղաքապետը։ Նա CHP-ի թեկնածուի կարգավիճակով 2019 թվականին հաղթել է Անկարայի քաղաքապետի ընտրություններում և 2024 թվականին վերընտրվել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

