ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь»-ի աշխատանքը բացահայտվել է Չեխիայում․ հետաքննություն

Լուրեր

14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրեմլամետ «Рыбарь» մեդիանախագծի նկարահանող խմբերը մեկնել են Չեխիա ու եվրոպական այլ երկրներ, որտեղ հարցազրույցներ են ձայնագրել քաղաքական գործիչների, լրագրողների և փորձագետների հետ։ Միևնույն ժամանակ, զրուցակիցները միշտ չէ, որ հասկացել են, թե կոնկրետ որ նախագծի համար են նախատեսված այդ նյութերը։ Այս մասին ասվում է չեխական Seznam Zprávy-ի հետաքննության մեջ։

Լրագրողները կարողացել են դուրս գալ ցանցի մասնակիցների հետքի վրա այն բանից հետո, երբ ապատեղեկատվության հարցերով փորձագետ Բոգումիլ Կարտոուսին առաջարկվել է հարցազրույց տալ։ Seznam Zprávy-ն հանդիպում է կազմակերպել Պրահայում և թաքնված տեսախցիկների միջոցով հետևել դրան։ Նկարահանման համար ժամանել են Գերմանիայում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներ Վիտալի Չաշչուխինը և Իգոր Դոլմատովը։ Զրույցի ընթացքում Չաշչուխինը հաստատել է, որ աշխատում է «Рыбарь» նախագծի վրա։ Երբ Seznam Zprávy-ի լրագրողները բացահայտել են իրենց ինքնությունը և սկսել հարցեր տալ նախագծի վերաբերյալ, երկու ռուսներն էլ լքել են հանդիպման վայրը։

Հետաքննության տվյալներով՝ հարցազրույցների կազմակերպմամբ և զրուցակիցների որոնմամբ զբաղվել է Մոսկվայում գտնվող Բորիս Դվորկինը։ Լրագրողները պարզել են, որ նրա նախագծերից մեկը ֆինանսավորել է Ռուսաստանի Հայրենիքի պատմության հիմնադրամը, որը ստեղծվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով։ Հիմնադրամի խորհրդի նախագահը Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն է։ Ինքը՝ Դվորկինը, Seznam Zprávy-ի հետ զրույցում հերքել է, որ աշխատում է ռուսական հատուկ ծառայությունների համար։

«Рыбарь»-ի հիմնադիր Միխայիլ Զվինչուկը գտնվում է Եվրամիության պատժամիջոցների տակ։ ԵՄ-ում նրան անվանում են ռուս ռազմական բլոգեր և քարոզիչ, որն ապատեղեկատվություն է տարածում Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի վերաբերյալ։ Զվինչուկի նկատմամբ պատժամիջոցների սահմանված կարգավիճակի պատճառով նախագծի հետ համագործակցությունը կարող է իրավական հետևանքներ ունենալ նաև ԵՄ-ում նրա հետ աշխատող անձանց համար։

Չեխիայի կողմի համաձայն՝ պատժամիջոցների տակ գտնվող անձի կողմից վերահսկվող ընկերությանը ծառայություններ մատուցելը կարող է դիտարկվել որպես նրան տնտեսական ռեսուրսների անուղղակի տրամադրում։ Չեխիայում պատժամիջոցների խախտման համար նախատեսվում է մինչև 50 մլն կրոնի տուգանք, իսկ որոշ դեպքերում՝ նաև քրեական պատասխանատվություն։ Seznam Zprávy-ն պարզել է, որ «Рыбарь»-ի ներկայացուցիչները Չեխիայում հասցրել են նաև այլ հարցազրույցներ ձայնագրել։ Մասնավորապես, Չեխիայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար Անդոր Շանդորը հաստատել է, որ զրուցել է նկարահանող խմբի հետ։ Նրա խոսքով՝ հետագայում ինքը հետ է կանչել ձայնագրության օգտագործման համաձայնությունը, քանի որ իրեն դուր չեն եկել կազմակերպիչների վարքագիծն ու տրված հարցերի բովանդակությունը։

Հետաքննությունը ցույց է տալիս, որ Չեխիան երկրներից միայն մեկն էր, որտեղ նախագիծը նախատեսում էր աշխատանքներ իրականացնել։ Նկարահանումներ էին նախապատրաստվում նաև Սլովակիայում, Սերբիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ավստրիայում, Հունգարիայում, Բելգիայում և Ֆրանսիայում։  Seznam Zprávy-ի վարկածով՝ խոսքն առանձին այցերի մասին չէ, այլ եվրոպական լսարանի համար բովանդակության արտադրության ցանց ստեղծելու փորձի։

«Рыбарь» նախագծի հիմնադիր Միխայիլ Զվինչուկը գտնվում է Եվրամիության պատժամիջոցների ներքո։ ԵՄ-ի պատժամիջոցների հիմնավորման մեջ նշվում է, որ նա ընդգրկված է Վլադիմիր Պուտինի կողմից 2022 թվականի դեկտեմբերին ստեղծված աշխատանքային խմբում, որի նպատակն էր համակարգել Ուկրաինայի դեմ պատերազմի պայմաններում Ռուսաստանի մոբիլիզացիոն ջանքերը։

ԵՄ-ն Զվինչուկին նաև անվանում է ռուսամետ ռազմական «Рыбарь» ալիքի ստեղծող, որը տեղեկություններ է տարածում Ռուսաստանի ռազմական գործողությունների և ուկրաինական դիրքերի վերաբերյալ, ինչպես նաև ապատեղեկատվություն և կրեմլամետ քարոզչություն։ Նախագծի ռուսալեզու  տելեգրամ ալիքն ունի ավելի քան 1,5 միլիոն բաժանորդ, իսկ անգլալեզուն՝ գրեթե 80 հազար։

2026 թվականի հուլիսին «Рыбарь»-ի դեմ պատժամիջոցներ է սահմանել նաև Մեծ Բրիտանիան։ Սահմանափակումները տարածվել են նաև նախագծի հետ առնչվող տասը անձանց, այդ թվում՝ ղեկավարների և բովանդակություն ստեղծողների նկատմամբ։

Բրիտանական իշխանությունները հայտարարել են, որ «Рыбарь»-ը ֆինանսավորվում է Ռուսաստանի պետության կողմից, Ուկրաինայի վերաբերյալ կեղծ նարատիվներ է տարածում և միջամտում եվրոպական ընտրություններին, այդ թվում՝ Մոլդովայում և Հայաստանում։

ԱՄՆ-ում էլ այս  նախագծի գործունեությունը ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռևս 2024 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը «Рыбарь»-ի  աշխատակիցների վերաբերյալ տեղեկությունների համար հայտարարել էր մինչև 10 մլն դոլարի պարգևավճար։ Ամերիկյան իշխանությունների պնդմամբ՝ նախագիծն իրականացրել է տեղեկատվական արշավ, որի նպատակն էր խորացնել հասարակական հակասությունները և միջամտել նախագահական ընտրություններին։

ԱՄՆ-ի տվյալներով՝ նախկինում նախագծին ֆինանսավորել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, իսկ նախագիծը նաև պատվերներ է ստացել ռուսական պետական ռազմարդյունաբերական «Ռոստեխ» կոնցեռնից։

2026 թվականի փետրվարին OpenAI-ն հայտնել էր  «Рыбарь»-ի ցանցի հետ կապված հաշիվների արգելափակման մասին։ Ընկերության տվյալներով՝ դրանք օգտագործվել են ChatGPT-ի միջոցով տարբեր լեզուներով մեծ թվով կարճ հաղորդագրություններ ստեղծելու, այնուհետև դրանք X-ում և տելեգրամում տարածելու համար։ Նշվում է, որ նպատակն է եղել  ստեղծել այնպիսի տպավորություն, թե ռուսամետ հաղորդագրությունները հրապարակում են տարբեր երկրներից իրական օգտատերեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի