Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
15.09.2026 | 20:00«Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ընդդիմության խնդիրներին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի՝ իշխող կուսակցության հետ դաշինք կազմելուն և արտաքին քաղաքական հարցերին։
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի՝ ՔՊ-ի հետ դաշինք կազմելու որոշման համատեքստում Սուրեն Սուրենյանցը նշել է մի քանի գործոն։ Նրա խոսքով՝ ՏԻՄ ղեկավարների վրա գործադրվող ճնշումները և ռեպրեսիվ միջավայրը նրանց դրդում են խուսափել քաղաքական հակազդեցությունից։
«Ինչքան ռեպրեսիվ մեքենան ուժեղանա, այնքան ՏԻՄ-երի նշանակությունը թուլանալու է, որովհետև այդ մարդիկ քաղաքական հակազդեցության լծակներ իրականում չունեն էլ», – նշել է նա՝ ընդգծելով, որ տեղական բյուջեների սուղ հնարավորությունները ՏԻՄ ղեկավարներին զրկում են ինքնուրույն գործելու հնարավորությունից։
Միևնույն ժամանակ, Սուրենյանցը քննադատել է ընդդիմությանը՝ ՏԻՄ ղեկավարներին քաղաքական սկզբունքային գործիչների կերպար հաղորդելու համար։ «Հենց ընդդիմության մեղքով մենք այդ տղերքից ինչ-որ բան ենք կերտել, որ իրենք չեն եղել։ Նրանք գուցե լավ համայնքապետ են, իրենց համայնքներում սիրված տղերք են, բայց երբեք քաղաքական սկզբունք չեն էլ ունեցել, որ մի հատ էլ դրան դավաճանեն»։
Սուրենյանցի համոզմամբ՝ ընդդիմության հիմնական խնդիրը ինստիտուցիոնալ այլընտրանքի և քաղաքական այլընտրանքային օրակարգի բացակայությունն է։ Նրա խոսքով՝ այս պահին երկրում գործում է միայն մեկ՝ ՔՊ-ի օրակարգը, իսկ քաղաքական դաշտը դիրքավորված է «կողմ կամ դեմ» սկզբունքով։
«Երբ որ չկա քաղաքական այլընտրանքային օրակարգ և ըստ դրա ինստիտուցիոնալ պատկերացումներ, լոկալ լուծումները չեն կարող արդյունքի բերել», – նշել է նա։
Նա զուգահեռներ է անցկացրել 2008 թվականի հետ՝ ընդգծելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, չնայած քաղբանտարկյալների առկայությանը, զուգահեռաբար զբաղվում էր սեփական քաղաքական օրակարգի գեներացիայով։ «Դա ավելի շուտ նպաստեց բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմանը, քան իշխանությունն անընդհատ մեկին բռնի, մենք հետևից գնանք», – ասել է նա՝ հավելելով, որ ընդդիմությունը պետք է առաջարկի քաղաքական այլընտրանքային կոնցեպտ։
«Պետք է ներկայացնել նոր իրավիճակում ինչպիսի Հայաստան ենք մենք պատկերացնում։ Այնտեղ բաներ կան, որ պարտադիր չի բոլոր հարցերում ճգնես՝ անպայման Նիկոլ Փաշինյանի թեզերին հակադրվես», – ընդգծել է քաղաքագետը։
Սուրեն Սուրենյանցը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում. «Հայաստանը և Ռուսաստանը կորցրել են հարաբերությունների նախկին դաշնակցային մոդելը, դա էլ չի գործում։ Նորի շուրջ, թե ինչպիսի մոդել նոր հարաբերությունների պետք է լինի, կոնսենսուս չկա»։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի իշխանության քաղաքականությունը «ոչ աշխարհաքաղաքական» է, ինչը մեծացնում է ռիսկերը։ «Դաշնակցային հարաբերություններն էքսկլյուզիվ են, դա ոչ մի կերպ դիվերսիֆիկացիային չի հակասում», – ասել է նա՝ քննադատելով իշխանությանը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու համար՝ առանց անվտանգային այլընտրանք ունենալու։
«Ռուսական անվտանգային անկատար համակարգը դուք իրավունք չունեք համեմատել գոյություն չունեցող իդեալական համակարգի հետ։ Դուք դա պետք է համեմատեք դրա հնարավոր բացակայության հետևանքով առաջացող մարտահրավերների հետ», – շեշտել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանը չի կարող լինել արտաբլոկային երկիր։
«Ամբողջ խնդիրն այն է, որ դու ռուսական, թեկուզ անկատար, անվտանգային համակարգից հրաժարվելով՝ մնում ես վակուումի մեջ, որովհետև այն, ինչ Նիկոլ Փաշինյանն առաջին մասով անում է՝ էքսկլյուզիվ հարաբերություններ Ռուսաստանի հետ չի ուզում, ես էլ եմ ասում՝ չես ուզում, լավ ես անում, այլընտրանքային երաշխիքներդ ասա»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

