Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
Քաղաքականություն
10.09.2026 | 22:32
Եմենի հութի ապստամբները վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի ափին գտնվող ռազմավարական նշանակության նավահանգստային Մոխա քաղաքի նկատմամբ և սկսել են առաջխաղացումը դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց։ Այս մասին հայտնել է Եմենի ռազմական աղբյուրը, գրում է Euronews-ը։
Ականատեսները հայտնել են, որ տեսել են, թե ինչպես են հութիների ուժերը մտնում քաղաք՝ բացականչելով «Մա՛հ Ամերիկային, մա՛հ Իսրայելին» կարգախոսը։ Քաղաքը, որը գտնվում էր Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության վերահսկողության տակ, օգոստոսի սկզբից ի վեր անընդհատ հարձակումների է ենթարկվում. մի քանի օրվա ընթացքում քաղաքի վրա արձակվել է ավելի քան 25 հրթիռ, ինչը ստիպել է նավահանգստին դադարեցնել գործունեությունը։ Եմենի կառավարությունը դեռևս հրապարակայնորեն չի հաստատել քաղաքի կորուստը։
Հութիները վերահսկում են Եմենի տարածքի շուրջ մեկ երրորդը, ընդ որում՝ երկրի ամենախիտ բնակեցված շրջանները։ Այժմ նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Ասիան և Եվրոպան Կարմիր ծովի ու Սուեզի ջրանցքի միջոցով կապող նեղ ծովային ուղու նկատմամբ և, հնարավոր է, խոչընդոտել դրանով շարժին։ Հորմուզի նեղուցի հետ միասին Բաբ էլ-Մանդեբով անցնող բեռնափոխադրումները ապահովում են նավթի և նավթամթերքի օրական համաշխարհային մատակարարումների շուրջ մեկ քառորդը և համաշխարհային ծովային բեռնափոխադրումների գրեթե մեկ երրորդը։
Ըստ հաղորդումներ ՝ այս ամռանը հութիները Թեհրանի հետ քննարկել են նեղուցով անվտանգ անցման համար վճար սահմանելու հարցը, ինչը դիտարկվում է որպես համաշխարհային տնտեսությանը ևս ավելի ուժեղ հարված հասցնելու փորձ։ Եմենի կառավարությունը բազմիցս նախազգուշացրել է, որ հութիները ծրագրում են վերահսկողություն հաստատել այս ծովային անցուղու նկատմամբ, որի անվանումը արաբերենից թարգմանաբար նշանակում է «Արցունքների դարպաս»։
Կառավարության հետ կապված և նեղուցին հարակից շրջանները վերահսկող Ազգային դիմադրության ուժերի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Սադեք Դուվայդն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ հութիների կողմից Մոխայի պաշարումն առանցքային մանևր է, որը նրանց հնարավորություն կտա ամրապնդվել Կարմիր ծովի ափին։
«Շարունակելով հարձակումները Մոխայի և նրա նավահանգստի վրա՝ հութիների միլիցիան ձգտում է ամրապնդվել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ափին և այդ տարածքը վերածել այնպիսի գոտու, ինչպիսին մենք տեսնում ենք Հորմուզի նեղուցում»,- օգոստոսի կեսերին հայտարարել էր նա։
Այժմ հութիների հիմնական ռազմական թիրախներն են համարվում Դուբաբ ափամերձ քաղաքը և Պերիմ կղզին՝ նեղուցի կենտրոնում գտնվող ժայռոտ հրաբխային կղզին, որը այն բաժանում է երկու նավարկելի ուղիների։
Ռազմական գործողությունները շարունակում են սրվել
Հութիները, որոնք պաշտոնապես կոչվում են «Անսար Ալլահ», անցած շաբաթ խոշոր հարձակում են սկսել Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարական ուժերի դեմ: Նրանք հարվածներ են հասցրել նաև Սաուդյան Արաբիայի տարածքին՝ վիրավորելով տասնյակ մարդկանց։ Ի պատասխան՝ Էր Ռիադը սկսել է ամեն օր ռմբակոծել հութիների վերահսկողության տակ գտնվող շրջանները։ Հութիները հինգշաբթի հայտնել են,որ սաուդյան ուժերը մոտ 40 ավիահարված են հասցրել հարձակումների նոր շարքի շրջանակներում:
«Թշնամական սաուդյան ռազմաօդային ուժերը վերջին ժամերին մոտ 40 հարված են հասցրել Թաիզ, Հոդեյդա, Ալ-Ջաուֆ և Մարիբ նահանգներում»,- հաղորդում է հութիների կողմից վերահսկվող Saba գործակալությունը:
Չորեքշաբթի Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, որը պատերազմում է հութիների դեմ, հայտարարել էր, որ խմբավորումը բալիստիկ հրթիռներ է արձակել և անօդաչու թռչող սարքեր ուղարկել թագավորության հարավում գտնվող մի քանի քաղաքների ուղղությամբ։
Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը «հնարավոր վտանգի» մասին նախազգուշացումներ է տարածել երկու շրջաններում՝ Խամիս Մուշայթում և Աբհայում։
Հութիներն ավելի մոտ են Բաբ էլ-Մանդեբին
Հութիներն իշխանության են եկել 2014 թվականի վերջին՝ գրավելով մայրաքաղաք Սանան, նախագահական պալատը և կարևորագույն ռազմական օբյեկտները՝ ստիպելով Եմենի կառավարությանը հեռանալ։ ՄԱԿ-ի միջնորդությամբ 2022 թվականի ապրիլին ձեռք է բերվել զինադադարի պայմանավորվածություն, որը մեծապես դադարեցրել է տարիներ շարունակվող ռազմական գործողությունները, սակայն այդպես էլ չի հանգեցրել կայուն քաղաքական կարգավորման։
Խմբավորումը մտնում է Թեհրանի, այսպես կոչված, «դիմադրության առանցքի» մեջ՝ տարածաշրջանի տարբեր երկրներում գործող զինված խմբավորումների ցանցի մեջ, որի կազմում են նաև Լիբանանի «Հըզբոլլահը», Գազայի հատվածում գործող «ՀԱՄԱՍ»-ը և Իրաքում գործող զինված խմբավորումները։ Դրանք տարբեր աստիճանի աջակցություն, պատրաստություն և սպառազինություն են ստանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից։
Թեև հութիները չեն վերահսկում Բաբ էլ-Մանդեբի նեղուցին անմիջականորեն հարող Եմենի ափամերձ հատվածը, նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքը նեղուցից 100 կիլոմետրից պակաս հեռավորության վրա է։
Խմբավորումը հուլիսին նպաստել է Եմենի քաղաքացիական պատերազմում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսմանը, երբ թույլ տվեց իրանական ինքնաթիռին վայրէջք կատարել՝ հակառակ Եմենի օդային տարածքի նկատմամբ Սաուդյան Արաբիայի սահմանած վերահսկողությանը։ Ի պատասխան՝ Էր-Ռիադը հարված է հասցրել օդանավակայանին։
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, որը 2015 թվականից ռազմական գործողություններ է իրականացնում հութիների դեմ՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությանն աջակցելու նպատակով, հայտարարել է, որ «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն ու գործողությունները՝ սպառնալիքի աղբյուրներին պատասխանելու և այն չեզոքացնելու համար»։
AFP-ի հաշվարկներով, որոնք հիմնված են մի քանի աղբյուրների տվյալների վրա, անցյալ շաբաթվանից Եմենում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ, հիմնականում բախումների մասնակիցներ։
Հութիների հարձակումները նավթային ենթակառուցվածքների և սաուդյան լցանավերի վրա լրացուցիչ խթանել են նավթի գների աճին, հինգշաբթի այն գերազանցել է 100 դոլարը մեկ բարելի դիմաց։
Հութիների գործողություններն ավելի վաղ լրջորեն խաթարել էին Բաբ էլ-Մանդեբով բեռնափոխադրումները։ Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում նրանք հարձակումներ էին իրականացնում, ինչպես պնդում էին, Իսրայելի հետ կապված նավերի դեմ՝ հայտարարելով, որ այդ կերպ ցուցադրում են աջակցությունը պաղեստինցիներին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

