ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
09.09.2026 | 15:33Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար ստուգումներ է իրականացրել Նարեկ Նալբանդյանի հետ փոխկապակցված բիզնեսներում` այդ թվում «88» սուպերմարկետների ցանցում: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, պատասխանելով Factor TV-ի հարցին, ընդգծեց՝ ստուգումները չեն իրականացվում քաղաքական կամ անձնական կապերից ելնելով, այլ ռիսկերի գնահատման համակարգի հիման վրա։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ իր պաշտոնավարման ընթացքում Նալբանդյանի հետ փոխկապակցված տարբեր բիզնեսներ պարբերաբար հայտնվել են կոմիտեի ուշադրության կենտրոնում։
«Եթե ռիսկերի համակարգով մենք տեսել ենք՝ որևէ ռիսկ կա, անցած տարի էլ է եղել, այս տարի էլ է եղել։ Իմ պաշտոնավարման ընթացքում պարբերաբար տարբեր բիզնեսներ հայտնվել են մեր ուշադրության կենտրոնում»,- ասաց նա։
Հակոբյանի խոսքով` վերջին ստուգումներից մեկը իրականացվել է այս տարվա առաջին կեսին։ Արձանագրված խախտումների վերաբերյալ, սակայն, ՊԵԿ նախագահը կոնկրետ թվեր չհիշեց՝ նշելով, որ եղել են ինչպես էական, այնպես էլ փոքր ու միջին խախտումներ։ ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ Փաշինյանի՝ Նալբադյանի վերաբերյալ հայտարարություններից հետո նրա բիզնեսներում նոր ստուգումներ չեն իրականացվել։
Միաժամանակ, նա հերքեց, որ հարկային ստուգումները կարող են պայմանավորված լինել քաղաքական իշխանության ցուցումներով․ «Մենք այդ ձևով չենք աշխատում պետական եկամուտների կոմիտեում։ Բոլոր բիզնեսները՝ կախված իրենց ռիսկերից, անցնում են մեր ստուգումներով»։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ ստուգումների հիմքում կարող են լինել ինչպես օպերատիվ գործողությունների արդյունքում ստացված տվյալներ, այնպես էլ գրասենյակային վերլուծություններ և արհեստական բանականության գործիքներով հայտնաբերված ռիսկեր:
Նա նաև ընդգծեց, որ քրեական գործերի շրջանակում իրականացվող գործողությունները, այդ թվում՝ բիզնեսների կապարակնքումը, ՊԵԿ-ի հարկային վարչարարության գործիքակազմից չեն և իրականացվում են իրավապահ մարմինների կողմից։
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ հինգշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ գործարար Նարեկ Նալբանդյանը նյարդայնացնում է իրեն ու իր ընտանիքին:
«Ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն։ Եվ եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան, ավելի քան դաժան, քան սովորական ձևերով»,- ասել էր վարչապետը։
Հայտարարությունից ժամեր անց հայտնի դարձավ, որ 2026-ի փետրվարի 26-ին «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ։ Թե ինչ հոդվածով՝ Գլխավոր դատախազությունից չէին մանրամասնել:
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան

