«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
02.09.2026 | 21:30
ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:14
«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:00
«Սիմուլյանտություն», թե՞ առողջական լուրջ խնդիր․ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, ավելի քան 24 ժամ չի սնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:45
Դժվար է հավատալ, որ ՌԴ-ն պատրաստ է հեշտությամբ դուրս բերել իր ռազմաբազան․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:27
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:22
ՀՀ-ն ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
02.09.2026 | 20:09
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Գագիկ Խաչատրյանի հետ
02.09.2026 | 19:43
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
02.09.2026 | 19:30
Մահացու չե՛ն ՌԴ-ի պատժամիջոցները․ ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց՝ ազատականացնում է ՀՀ-ից արտահանման շուրջ 80%-ը․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 19:11
Պապիկյանը 3-րդ բանակային կորպուսի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին
02.09.2026 | 18:56
Վթարի հետևանքով հոսպիտալացվել է 10 տուժած. ԱՆ
02.09.2026 | 18:50
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Գաջեգործ»-ի սեփականաշնորհումը և պետությանը վերադարձնել 8816 բաժնետոմս
02.09.2026 | 18:40
Վթար Քուչակ-Ապարան ճանապարհին. նախնական տվյալներով՝ կա 5 զոհ
02.09.2026 | 18:30
ՀԱՊԿ-ին ավելի լավ այլընտրանք չեմ տեսնում Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքին դիմագրավելու հարցում․ ՀՀ-ն միայնակ չի կարող․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի եվրաինտեգրման թեման Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպման առանցքային թեմաներից էր։ Պուտինը հերթական անգամ հնչեցրեց Կրեմլի տարբեր պաշտոնյաների կողմից արված առաջարկը՝ հարցը լուծել ամենապարզ ճանապարհով՝ հանրաքվեով։

«Համաձայն եմ այն մտքի հետ, որ ժողովուրդը միշտ պետք է ընտրության հնարավորություն ունենա։ Դե ուրեմն կատարեք այն և փակենք թեման։ Ամենաամենապարզ բանը մարդկանց դիմելն է, հարցնելը՝ դուք ի՞նչ եք ուզում՝ այսպե՞ս, թե՞ այնպես։ Եվ վերջ»,- ասաց Պուտինը։

Սակայն Փաշինյանի դիրքորոշումը նույնն էր․ նա պնդեց, որ այս պահին հանրաքվեի համար անհրաժեշտ պայմանները դեռ հասունացած չեն։ Փաշինյանը բացատրեց՝ Հայաստանն այժմ չունի իրականում ձևավորված այլընտրանք։ Իսկ եթե ապագայում այդ այլընտրանքը ստեղծվի, որոշումը կկայացվի՝ հանրաքվեի միջոցով կամ առանց դրա։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Հայաստանը չի տեղեկացրել իր գործընկերներին ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրության մասին և, հետևաբար, այս պահին նման որոշում չկա։

«Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում ուղղակիորեն ասված է, թե ինչպես պետք է գործել, եթե երկիրը որոշում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Ի դեպ, այնտեղ չկա այնպիսի կարգավորում, որ կարելի է անդամ պետությանը հեռացնել կազմակերպությունից, այսինքն՝ այնտեղ նախատեսված է, որ եթե երկիրը որոշում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, ապա պետք է նախապես՝ 6 ամիս առաջ, այդ մասին տեղեկացնի գործընկերներին։ Կարծում եմ՝ մենք այս իրավիճակին պետք է նայենք հենց այս տեսանկյունից»,- ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը հիշեցրեց, որ ԵՄ անդամակցության մասին օրենքի նախագիծը նախաձեռնել էր քաղաքացիական հասարակությունը, և եթե խորհրդարանը չընդուներ այն, նախաձեռնողները հնարավորություն կունենային հավաքել 250 հազար ստորագրություն, որից հետո հարցը կարող էր հասնել հանրաքվեի։

«Այսինքն՝ այս օրենքի ընդունմամբ փաստացի ստացվում է, որ մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից։ Իսկ ինչո՞ւ հրաժարվեցինք․ որովհետև այս հարցը չի հասունացել այն մակարդակի, որ հնարավոր լիներ հարցը ձևակերպել մեր ժողովրդի առջև։ Եվ ինչո՞ւ մենք ընդհանրապես ընդունեցինք այս օրենքը․ նախ՝ որպեսզի հանրաքվե չանցկացնենք, և երկրորդ՝ ինչպես բազմիցս հրապարակայնորեն ասել եմ, մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկիրն ու մեր ժողովուրդն ունենան այլընտրանքներ»,- ասաց Փաշինյանը։

ԵՄ անդամակցության մասին օրենքը խորհրդարանի օրակարգ մտցնելու համար ստորագրահավաք իրականացրած «Եվրաքվե» նախաձեռնության անդամ, «Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանն ասում է՝ Փաշինյանի հայտարարությունն իր համար անակնկալ էր։

«Տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանը խոստովանում է, որ դա հատուկ խաբեություն էր, ծուղակ էր պատրաստում՝ թույլ տալով, որ ժողովրդի, քաղաքացիական հասարակության ճնշման տակ ընդունվի օրենքը։ Նա այդ մասին հիշատակեց նաև Պուտինի հետ հանդիպմանը՝ ասելով, որ վստահ էին, թե նախաձեռնողները, իսկ նախաձեռնողը նախևառաջ «Եվրոպական կուսակցությունն» էր, ապա մեզ միացան ևս երկու կուսակցություններ՝ «Հանրապետությունը» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, կհավաքեին ևս 250 հազար ստորագրություն»,- ասաց Խզմալյանը։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ այս թեման ընդամենը հասարակական ուշադրությունը զբաղեցնելու միջոց է, և դրա ներքո քննարկվում են այլ հարցեր։

«Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանը ընդունել է օրենք, որը դատարկության մասին է, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասում է՝ առարկան չկա։ Փաշինյանը հիմա հայտարարում է, որ այդ օրենքն ընդունելով՝ իրենք կանխել են հանրաքվեն։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը բավականին թափանցիկ ակնարկում է, որ այդ օրենքը, որին, նկատենք, հղում են անում Ռուսաստանի իշխանությունները, ոչնչի մասին է, և պետք չէ այդ օրենքին տալ այդպիսի, այսպես ասած, լուրջ նշանակություն ու դրանից հետևություններ անել»,- նշեց Բադալյանը։

Տիգրան Խզմալյանն ասում է՝ հանրաքվեն, իր համոզմամբ, այս կամ այն փուլում անխուսափելի է, քանի որ Հայաստանի Սահմանադրությունը վերպետական կառույցներին անդամակցելու դեպքում հանրաքվե անցկացնելու պահանջ է նախատեսում։

Հանդիպման ընթացքում Փաշինյանն ընդգծեց, որ եվրոպական ուղղությամբ գործընթացը Ռուսաստանի դեմ չէ։

«Դա չի նշանակում, որ մենք դժգոհ ենք Եվրասիական տնտեսական միությունից, չնայած նրան, որ կան բազմաթիվ հարցեր, աշխատանքային հարցեր, մենք միշտ քննարկում ենք դրանք՝ և՛ ռազմավարական, և՛ մարտավարական հարցերը»,- հավելեց Փաշինյանը։

Պուտինը, մինչդեռ, հենց այստեղ է խնդիր տեսնում։ Նրա գնահատմամբ՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկը և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը երկարաժամկետ հեռանկարում անհամատեղելի են։ Պուտինը նաև պնդեց՝ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ բավական մեծ արտոնություններ է ստանում՝ այդ թվում՝ էներգակիրների գների և ռուսական շուկա մուտքի հարցում։

«Ինձ միշտ հետաքրքիր է Ձեզ հետ քննարկումներ վարել ցանկացած թեմայով, այդ թվում՝ նաև այս։ Բայց գլխավոր հարցում թույլ կտամ ինձ, այնուամենայնիվ, չհամաձայնել Ձեզ հետ։ Դուք ասացիք, որ դուրս գալու մասին չեք հայտարարել, բայց այլ տնտեսական կազմակերպությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակում է հայտարարություն մեր կազմակերպությունից դուրս գալու մասին, որովհետև և՛ այնտեղ, և՛ այստեղ գտնվելն անհամատեղելի է․ դրանում է խնդիրը»,- հայտարարեց Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Հայաստանի ընտրությունը կհարգեն, սակայն այդ ընտրությունից կախված՝ Ռուսաստանն էլ ստիպված կլինի վերանայել Հայաստանի հետ իր տնտեսական քաղաքականությունը։

Ի դեպ, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանն ու Պուտինն առաջին անգամ էին հանդիպում։ Հանդիպման հրապարակային հատվածում Պուտինն այդպես էլ չշնորհավորեց հայ գործընկերոջը հաղթանակի կապակցությամբ։

Հանդիպումից օրեր առաջ էլ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Կրեմլը մտահոգված է Հայաստանում Ռուսաստանի հետ ավելի լավ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից ընդդիմադիր առաջնորդների զանգվածային ձերբակալություններով։ Ըստ Ուշակովի՝ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը Բիշքեկի հանդիպմանը պետք է քննարկեին այդ հարցերը։ Հանդիպման բաց հատվածում այս հարցը ևս չքննարկվեց։ Վարչապետի մամուլի քարտուղարը մեր հարցին կարճ պատասխանեց, որ հրապարակել են հանդիպման մանրամասները։

Փաշինյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա՝ իր ձևակերպմամբ՝ կառուցողական ու անկեղծ խոսակցությունը շարունակելու համար։ Իսկ Պուտինի խոսքով՝ Փաշինյանի հետ պայմանավորվել են հանգիստ պայմաններում շարունակել քննարկումները և մանրամասն վերլուծել հայ-ռուսական համագործակցության բոլոր ուղղությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան