Էրդողանը Հունաստանին կոչ է արել դադարեցնել ապառազմականացված կղզիների զինումը․ «Մեր հանգստությունը թուլություն չհամարեք»

Լուրեր

02.09.2026 | 18:50
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Գաջեգործ»-ի սեփականաշնորհումը և պետությանը վերադարձնել 8816 բաժնետոմս
02.09.2026 | 18:40
Վթար Քուչակ-Ապարան ճանապարհին. նախնական տվյալներով՝ կա 5 զոհ
02.09.2026 | 18:30
ՀԱՊԿ-ին ավելի լավ այլընտրանք չեմ տեսնում Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքին դիմագրավելու հարցում․ ՀՀ-ն միայնակ չի կարող․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 18:25
Ֆրանսիայում կանխել են Կիլիան Մբապեի առևանգումը. աղբյուր
02.09.2026 | 18:22
Ըստ փաստաբանների՝ Գագիկ Խաչատրյանը 24 ժամ չի սնվել // ԹՐԻՓՓ քննարկում՝ Սյունիքում․ ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 18:19
Էրդողանը Հունաստանին կոչ է արել դադարեցնել ապառազմականացված կղզիների զինումը․ «Մեր հանգստությունը թուլություն չհամարեք»
02.09.2026 | 18:11
«Ռուսաստանի երկաթուղիների» «թունավորության» հարց ոչ ոք չի բարձրացնում, բացի Փաշինյանից․ Օվերչուկ
02.09.2026 | 18:00
Գագիկ Խաչատրյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ-ին՝ հրատապ միջոց կիրառելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 17:49
Ադրբեջանական SOCAR-ը մտնում է ԱՄՆ գազային շուկա․ Comstock-ը գործարքի հաշվին կկրճատի պարտքը
02.09.2026 | 17:37
Թումանյանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկում է սեպտեմբերի 2-ին․ ԿԸՀ
02.09.2026 | 17:26
Նաիր Թիկնիզյանի գործակալ. «Հենց եղավ «Օլիմպիակոսի» տարբերակը, ընտրությունը կանգ առավ այս մեծ ակումբի վրա»
02.09.2026 | 17:24
Ինչո՞ւ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել ՄՌՏ հետազոտությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 17:18
Կիևում փոխհրաձգություն է տեղի ունեցել Ուկրաինայի երկու ուժային կառույցների ներկայացուցիչների միջև
02.09.2026 | 17:08
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին
02.09.2026 | 16:51
«Ուժեղ Հայաստան»-ի երեք աջակից մեղադրվում է Ալավերդու կայարանում մեքենավարին հարվածելու և խուլիգանություն կատարելու համար
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանին կոչ է արել դադարեցնել ապառազմականացված կարգավիճակ ունեցող կղզիների զինումը՝ նախազգուշացնելով, որ Թուրքիայի հանգիստ մոտեցումը չպետք է շփոթել թուլության հետ,  գրում է Turkiye today-ը։

Էրդողանը այս հայտարարությունն արել է լրագրողների հարցերին պատասխանելիս՝ Բիշքեկից վերադառնալու ճանապարհին։ Նա Ղրղզստանի մայրաքաղաքում մասնակցել էր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։

«Հունաստանը պետք է հրաժարվի այս սխալ ճանապարհից և դադարեցնի ապառազմականացված կարգավիճակ ունեցող կղզիների զինումը»,- ասել է Էրդողանը ու նշել․- «Պատմությունը շատ լավ ուղեցույց է նրանց համար, ովքեր դասեր են քաղում դրանից»։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան ցանկանում է, որպեսզի Հունաստանի հետ հարաբերությունները զարգանան բարիդրացիության հիման վրա, և ընդգծել է, որ Անկարան մշտապես անկեղծ ու կառուցողական է գործել։

«Թուրքիան որևէ մեկի  հողի նկատմամբ աչք չունի, սակայն թույլ չի տա որևէ մեկին ոտնահարել իր իրավունքները», – ասել է նա՝ հավելելով, որ միջազգային համաձայնագրերն անտեսելը ոչ մեկին օգուտ չի տա։ «Նա, ով Թուրքիայի հանգիստ և խոհեմ մոտեցումը թուլություն է համարում, մեծ սխալ է գործում»,- հայտարարել է Էրդողանը։

«Հաղթելու է խաղաղությունը, ոչ թե պատերազմը»

Էրդողանը նշել է, որ Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցկացրել է «շատ արդյունավետ» և «շատ անկեղծ» երկկողմ հանդիպում, որի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես նաև էներգետիկայի, առևտրի, զբոսաշրջության և ներդրումների ոլորտներում համագործակցությունը։ Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար։

«Փաստ է, որ հաղթելու է խաղաղությունը, ոչ թե պատերազմը։ Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել դրա համար», – ասել է Էրդողանը։ Նա հավելել է, որ ո՛չ Պուտինը, ո՛չ Թուրքիան չեն ցանկանում, որ պատերազմը շարունակվի, և նշել է, որ Անկարան ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի։

Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև Մեքքայի պաշտպանության դաշինքի վերաբերյալ Էրդողանը նշել է, որ Ստամբուլում դաշինքի ռազմավարական քաղաքական և ռազմական կոմիտեի առաջին հանդիպումը կարևոր քայլ էր դաշինքի գործարկման ուղղությամբ։

Նրա խոսքով՝ երեք երկրների արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները և գլխավոր շտաբների պետերը քննարկել են քարտուղարության ստեղծման և գործունեության կազմակերպման, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության, ռազմական պատրաստության, ստանդարտացման, ինչպես նաև սպառնալիքների, հնարավորությունների և ռեսուրսների փոխանակման հարցերը։ Էրդողանը նշել է, որ որոշ երկրներ բացահայտ կամ գաղտնի արձագանքել են դաշինքի ստեղծմանը, սակայն ընդգծել է, որ այն ստեղծվել է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը խթանելու նպատակով։

«Մենք մեր եղբայրների հետ միասին ավելի ուժեղ կշարունակենք մեր ուղին», – ասել է նա։

Հարցին, թե հնարավոր է արդյոք Թուրքիայի C-400 համակարգերը փոխանցվեն երրորդ երկրի, Էրդողանը նշել է, որ Պուտինի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը։

Նա նշել է, որ Թուրքիան F-35 ծրագրի գործընկերներից է եղել և հայտնել է, որ շարունակվում են Անկարայի՝ ծրագրին հնարավոր վերադարձի շուրջ բանակցությունները։ Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան շարունակելու է զարգացնել KAAN-ը և սեփական հակաօդային պաշտպանության համակարգերը։

«Մենք չենք հրաժարվում KAAN-ից։ Մենք չենք հրաժարվում սեփական հակաօդային պաշտպանության համակարգերի զարգացումից։ Ընդհակառակը՝ մենք ընդլայնում ենք Թուրքիայի հնարավորությունները»,- ասել է նա։

Էրդողանը կոչ է արել Սև ծովում նավագնացության անվտանգության մշտական մեխանիզմ ստեղծել

Էրդողանը նաև նշել է, որ Սև ծովում բոլոր քաղաքացիական առևտրային նավերի անվտանգությունը կարևոր է Թուրքիայի համար՝ անկախ նրանից՝ դրանք թուրքական դրոշի ներքո են նավարկում, թե շահագործվում են թուրքական ընկերությունների կողմից։ Նրա խոսքով՝ հակամարտությունը չպետք է հասնի այնպիսի կետի, երբ վտանգի տակ հայտնվեն քաղաքացիական անվտանգությունն ու առևտրային գործունեությունը։

«Սև ծովում առևտրային ծովային փոխադրումների անվտանգությունը մշտապես ապահովող մեխանիզմի կարիք կա»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Նա նաև նախազգուշացրել է, որ հացահատիկի ճգնաժամը կրկին սկսում է ի հայտ գալ, հատկապես Աֆրիկայում, և նշել է, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, քանի դեռ խնդիրը չի խորացել։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աշխատել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ։

Բացի այդ ՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ դառնալու հեռանկարը «երբեք չի նշանակում երես թեքել Արևմուտքից»։ Նա  նշել է, որ Անկարան ձգտում է վարել լայն հիմքով արտաքին քաղաքականություն։

«Մեր նպատակն է 360 աստիճան տեսլականով մեծացնել սեփական կշիռը», -ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանը նշել է, որ Բիշքեկի գագաթնաժողովը ցույց տվեց Թուրքիայի վճռականությունը՝ դիվերսիֆիկացնելու իր տնտեսական, քաղաքական և ռազմավարական հնարավորությունները։ Նրա խոսքով՝ Թուրքիան ՇՀԿ անդամ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերություններ ունի Չինաստանից և Կենտրոնական Ասիայից մինչև Ռուսաստան և Հարավային Ասիա ձգվող հսկայական աշխարհագրական տարածքում։

Էրդողանը նշել է, որ վերջին տարիներին Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել կազմակերպության հետ հարաբերություններում, ինչը նրա բազմավեկտոր արտաքին քաղաքականության արտահայտությունն է։

«Թուրքիան երկիր է, որը կարող է հավասարակշռված հարաբերություններ զարգացնել ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ և համապատասխանաբար խորացնել իր կապերը», – ասել է նա՝ հավելելով, որ Անկարան տեսնում է ՇՀԿ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի