Ինչի համար է ՀայՓոստը. վարչապետից բարձր վարձատրվող պաշտոնայի ղեկավարած կառույցի ՇԵՐՏԵՐԸ

Լուրեր

17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
17.08.2026 | 20:00
Ինչի համար է ՀայՓոստը. վարչապետից բարձր վարձատրվող պաշտոնայի ղեկավարած կառույցի ՇԵՐՏԵՐԸ
17.08.2026 | 19:47
ԵՄ-ում մեզ չեն սպասում, եթե հիմա գործընթաց սկսենք, գիտե՞ք երբ կլինի, է հե՜յ. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 19:33
«Սպիսատ արածներին չեմ պատասխանում». Նարեկ Կարապետյանը` Ալեն Սիմոնյանի գրառման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 19:18
Ոնց որ անդաստիարակ, չար երեխա լինի. Լևոն Քոչարյանը` Ալեն Սիմոնյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 19:06
ՀՔԱՎ-ը գնահատել է ԶՈՒ բարեփոխումներին ուղղված ՀՀ կառավարության 2021 – 2026 թթ. գործողությունները
17.08.2026 | 18:51
«Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում ստուգումներ են ընթանում․ երկու օբյեկտում խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ
17.08.2026 | 18:40
ԵՄ-ին անդամակցությունը մեր առաջնահերթությունը չէ. Էրդողան
17.08.2026 | 18:31
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները ՄԹ դեսպանի հետ քննարկել են դատաիրավական համակարգի խնդիրները
17.08.2026 | 18:20
Ժոզե Մոուրինյոն աչքի կապտուկով է ներկայացրել «Ռեալի» խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Նախորդ շաբաթ համացանցում բարկացած քննարկում էին․ «Հայփոստի» տնօրենի աշխատավարձն ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետության նախագահինն ու վարչապետինը՝ միասին վերցրած։

Առաջին հայացքից սա դասական հայկական սկանդալ է՝ «ով որքան է տանում պետական բյուջեից» թեմայով։ Բայց «Ինչքան ենք վճարում Հայփոստին» հարցից առաջ կա մեկ ուրիշ հարց՝ իսկ ինչո՞ւ ենք դա անում և ի՞նչ է անում կառույցն այդ փողերով։
Կոմունալ վճարումնե՞ր․ կարելի է անել հեռախոսով՝ մեկ հպումով։ Առաքումներ արտասահմանից կամ դեպի արտասահմա՞ն․ մասնավորը, կարծես, հարմար պայմաններ է առաջարկում։ Նամակագրությո՞ւն․ եթե Ձեզ նամակ է եկել Հայփոստով, ուրեմն կա՛մ ճանապարհային տուգանք ունեք, կա՛մ Ձեզ դատարան են կանչում (ի դեպ, այս ամենի մասին էլ կարող եք իմանալ առցանց)։

Ուրեմն ինչի՞ համար է Հայփոստը․ փորձելու ենք բացել կառույցի գործունեության շերտերը։

***

«Վաստակավոր պետական գործիչ կար՝ Վլադիմիր Մովսիսյանը։ Մի օր Կառավարության նիստի ընմիջմանը նախարարներից մեկը Վլադիմիր Միհրանիչի փողկապը շուռ է տալիս, նայում է՝ լավ ֆիրմա է, ասում է՝ Վլադիմիր Միհրանիչ, էս ո՞վ է Ձեզ կաշառք տվել։ Ասում է՝ ա՛յ տղա, ձերը նվեր է, իմը կաշա՞ռք»։

Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այս պատմությունը հնչում է «կուժ քեզ ասեմ, կուլա, դու լսիր» տրամաբանությամբ։ Ընդդիմությունը բարձրացնում էր այն հարցը, որ Հայփոստի՝ անսպասելիորեն բարձր աշխատավարձ ստացող տնօրենն ԱԺ-ի արդեն փոխնախագահ, իշխանական Հայկ Կոնջորյանի կինն է։ 

«Հարցը իշխող կուսակցության ներկայացուցչի կնոջ բարձր, շատ բարձր պաշտոնի նշանակումն է»,- պնդում է պատգամավորը։ 

Այս հաղորդման շրջանակում մենք աշխատավարձերին դեռ կանդրադառնանք։ Բայց նախ արժե հասկանալ՝ ի՞նչ են անում այդ աշխատավարձը ստացողն ու իր ղեկավարած կառույցը։ Այս հարցի հասցեատերը ՀայՓոստն է, որտեղից, սակայն, հարցազրույցի մեր առաջարկը մերժեցին՝ հորդորելով ուղարկել գրավոր հարցում կամ ուսումնասիրել կառույցի կայքը՝ գործունեությանը ծանոթանալու համար։ Հենց այդպես էլ արել ենք։ 

Ընկերությունն առաջարկում է մոտ 3 տասնյակ ծառայություն, որոնք բաժանվում են 4 խմբի։ Փորձեցինք գտնել այնպիսիք, որոնցում ՀայՓոստը մենաշնորհ ունի։

Ի սկզբանե զտեցինք կապոցների, փաթեթների, նամակների առաքումները՝ նկատելով, որ կառույցն առաջարկում է նաև ուղարկել նամակներն էլեկտրոնային տարբերակով՝ խոստանալով տպել դրանք, դնել ծրարի մեջ ու ուղարկել հասցեատիրոջը։ 

Մեկ այլ խումբ ֆինանսական ծառայություններն են, որոնք հնարավոր է կատարել բանկով։

Ահա այն, ինչ մնաց առաջնային զտումից հետո․ դուք կարող եք վարձել ձեր անվանական փոստարկղը Նալբանդյան 28 հասցեի բաժանմունքում ու ստանալ ձեր առաքանիներն ու նամակներն այնտեղից։ Կարող եք բաժանորդագրվել ձեր սիրելի թերթերն ու ամսագրերը տուն ստանալու համար։ Օնլայն առևտրով զբաղվող կորպորատիվ հաճախորդները կարող են ՀայՓոստին վստահել լոգիստիկ և վճարների ընդունման հարցերը, պատվիրակել ապրանքների ներմուծման ու պահեստավորման, վիզուալ բովանդակության ստեղծման, փաթեթավորման և այլ հարցեր։ Կարելի է պատվիրել դռնեդուռ գովազդ, վարձակալել տարածք ՀայՓոստին պատկանող շենքերում։ Եվս մեկ առաջարկ․ ՀայՓոստը նաև օնլայն խանութ ունի։

Թվարկված բոլոր ծառայությունները կարող են մատուցել նաև այլ ընկերություններ։ Դրանցից որևէ մեկում ՀայՓոստն անփոխարինելի չէ։ Եվ միայն մեկ բան՝ Նալբանդյան 28 հասցեում գտնվող մի դռնից այն կողմ գտնվողն է, որի մենաշնորհային իրավունքը պատկանում է Հայփոստին։ 

Հայփոստը նամականիշեր է թողարկում։ Միլիոնավոր նամականիշեր։

Վերջին 4 տարիներին տպագրված նամականիշերի թիվը յուրաքանչյուր տարվա համար չի գերազանցում 1,6 միլիոնը, իսկ 5 տարի առաջ՝ 2022-ին, օրինակ, տպագրվել է 10 միլիոն 158 հազար նամականիշ։ Տպագրվում են նաև փոստային բացիկներ, քարտ-մաքսիմումներ, առաջին օրվա ծրարներ։

«Պետությունը սովորաբար ունի պարտավորություն մատուցելու որոշակի հանրային ծառայություններ, և սովորաբար այդպիսի ծառայությունների թվին են պատկանում նրանք, որոնք բավարար չափով շահութաբեր չեն, և որոնցով մասնավոր հատվածը չի հետաքրքրվում։ Պետություններն ավանդական կերպով փոստային ծառայություններ են ստեղծել։ Վերջին 25-30 տարիներին նաև մասնավոր ընկերություններն են մտել այս ոլորտ, բայց սա նոր ֆենոմեն է»,- ասում է պետական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը։

Հին ֆեմոմենը գործելու համար 2025-ին 10,12 միլիարդ դրամ է ծախսել։ Ավելի քան 8 միլիարդը վաճառքի ինքնարժեքն է, 40 միլիոնը՝ իրացման ծախսերը, 1,7 միլիարդը՝ վարչական ծասխսերը և այլն։

Ինքնաֆինանսավորվող այս կառույցը 2025 թվականին մոտավորապես 9,5 միլիարդ դրամ եկամուտ է ունեցել։ Այսպիսով՝ աշխատել է ավելի քան 532 միլիոն դրամ վնասով։

«Արդարացվածությունը գնահատելու համար մենք պետք է գնահատենք նպատակը: Ե՛վ Արևմտյան Եվրոպայում, և՛ Հյուսիսային Ամերիկայում փոստային ծառայությունների համար շատ դժվար է շահույթով աշխատել։ Դրանց մեծ մասի նպատակների թվում ֆիքսված էլ չէ ֆինանսական կայունությունը․ պարտադիր չէ, որ շահույթով աշխատեն։ Մի քանի օր առաջ նայում էի ԱՄՆ-ի փոստային ծառայության հաշվետվությունը, կարծես 3 եռամսյակով 2,5 միլիարդ դոլարի վնաս կար։ Այնպես որ՝ բոլոր փոստային ծառայությունների համար է դժվար այսօր կյանքը, սակայն այդ ծառայությունները հարկավոր են»,- ասում է նա։

Պետությունը պիտի հոգա, որ Հայաստանի ամեն անկյունում կապ լինի երկրի ներսի ու դրսի հետ։ Մասնավորը կարող է որոշել, որ, օրինակ, չի սպասարկում հեռավոր գյուղերը։ Ըստ պետական կառավարման մասնագետի՝ ազգային փոստային օպերատորը նման ռիսկերը չեզոքացնելու համար է։ Բայց կա վերաիմաստավորման կարիք։

«Բառացիորեն մի քանի օր առաջ նայում էի՝ ՀայՓոստով աղբահանության 1001 դրամ և ավելի վճար կատարելու դեպքում միջնորդավճարը կազմում է 300 դրամ, այսինքն՝ 30 տոկոսի չափով։ Պարզ է, որ մարդկանց մեծ մասը կօգտվի այլընտրանքային ծառայություններից։ Հետաքրքիր և կարևոր կլինի, որ հանրությունը՝ որպես շահառու, իմանա, թե, օրինակ, քանի հոգի է իր աղբահանության վճարը կատարել ՀայՓոստի միջոցով։ Սա ես մի դեպք եմ պատմում, բայց, իհարկե, ՀայՓոստի գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունն ընդհանրապես շատ կարևոր է»,- ասում է Քյուրումյանը։

Եվ հենց այստեղ է առաջանում ռիսկը։ 

«Քո մարդիկ ամենուր»․ սա է ՀայՓոստի կարգախոսը, որը մոտ 800 բաժանմունք ու ավելի քան 3500 աշխատակից ունի։ Ի՞նչ գործառույթ են կատարում այս մարդիկ, որ ամենուր են, ովքե՞ր և ինչպե՞ս են ղեկավարում ՀայՓոստը։ 

Կառույցի տնօրենին ընտրում է հատուկ ձևավորված խորհուրդը։ 2024-ի նոյեմբերին  որոշվեց, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Շուշան Ալեքսանյանը՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կինը։ Նրա տարեկան աշխատավարձը 118 միլիոն դրամ է՝ ամսական 3,6 միլիոն դրամ կամ շուրջ 10 հազար դոլար։ Թափանցիկության պակասն է, որ անհանգստացնում է կառավարման մասնագետին։

«Պետական բոլոր կառույցների՝ ՊՈԱԿ-ների, հիմնադրամների, ՓԲԸ-ների տնօրենների կամ կառավարման խորհուրդների գործունեությունը միանշանակ ուղղորդվում է։ Իրենք անկախ չեն իրենց որոշումներում, և դա համակարգային կոռուպցիայի դրսևորում է։ Եթե համակարգային կոռուպցիան նախկինում այլ տեսք ուներ, հիմա արդեն այս տեսքն ունի»,- նշում է նա։

Բացի Շուշան Ալեքսանյանից՝ քանի՞ անձ է մասնակցել տնօրենի թափուր հաստիքի համալրման մրցույթին և ովքե՞ր են նրանք՝ գաղտնի է պահվում։ Չեն հրապարակվում նաև մրցութային նիստի արձանագրությունները։ 

«Եթե սովորական դեպքերում անհրաժեշտ է, որ խորհուրդները հրապարակեն  նիստերի արձանագրությունները, այս դեպքում ոչ միայն արձանագրություններ, նիստերի սղագրություններն են հարկավոր, որպեսզի տեսնենք՝ խորհրդի անդամներն ի՞նչ հարցեր են տվել թեկնածուներին, արդյո՞ք որակյալ պատասխան ստացել են, թե՞ թե ոչ։ Այսինքն՝ գործընթացը արդյո՞ք եղել է մրցակցային և ընտրվել է լավագույն թեկնածուն»,– ասում է Արտակ Քյուրումյանը։

Խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ այս հարցերի պատասխանները բացասական են, և պատասխան են պահանջում արդեն ԱԺ փոխխոսնակ Հայկ Կոնջորյանից։

«Ձեր գործընկերների հարցադրումն այն մասին է՝ արդյո՞ք Հայկ Կոնջորյանը միջամտել է, որպեսզի իր կինը նշանակվի ՀայՓոստի տնօրեն։ Ես ոսկեղենիկ հայերենով, մեսրոպատառ, բանավոր ասացի, որ ո՛չ, ես չեմ միջամտել, և ես չէի կարող միջամտել»,- ասում է Հայկ Կոնջորյանը։ 

Նա նաև պնդում է՝ իր կինը ոչ միայն պետությունից չի վարձատրվում, այլև ստանում է ՀայՓոստի պատմության մեջ ամենացածր վարձատրությունը և հիշեցնում՝ պատկերը փոխվում է դիտանկյունը փոխելուց․ «Հայկ կոնջորյանի կինը ստացել է այսքան միլիոն դրամ աշխատավա՞րձ, թե՞ Հայկ Կոնջորյանի կինը ստացել է ՀայՓոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձը»։

Այս թեմային ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր նաև Շուշան Ալեքսանյանը՝ բացատրելով՝ 2025 թվականին ընկերության ֆինանսական արդյունքը, 2024 թվականի համեմատ, բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով։ 

***

ՀայՓոստն ավելի քան 100 տարվա պատմություն ունի։ Ժամանակին այն անփոխարինելի անհրաժեշտություն էր։ Մարդիկ գալիս էին, օրինակ, Սարյան 22 և սպասում, թե երբ աշխատակիցն իրենց կհրավիրի հեռախոսախցիկ՝ դեպի Մոսկվա, ԱՄՆ կամ այլ երկիր զանգելու։ Այստեղ սիրտը թրթռում էր նոր նամակ ուղարկելիս կամ ստանալիս, այստեղից դրսում բարեկամ ունեցողները ստանում էին «իմպըրտնի իրերով պասիլկան»։

Հիմա գործառույթներն ավելացել են, անհրաժեշտ գումարը՝ ևս, իսկ եզակիությունը՝ հակառակը։ Կենտրոնական շենքն էլ, որում վաղուց վերոնշյալ ծառայությունները չեն մատուցվում, շուտով կքանդվի։

Գուցե ՀայՓոստի աշխատանքն ավելի հասկանալի լիներ, եթե պետության, թերևս, ամենաթանկ վարձատրվող պետական աշխատողը խոսեր՝ բացելով այն շերտերը, որոնցում ՀայՓոստի ստեղծած արժեքն արժանի է այդքան բարձր վարձատրության։ Քանի դեռ դա չի եղել, շարունակվում է քննարկվել տնօրենի ընտանեկան կապերը՝ որպես կոռուպցիայի տեսակներին ավելացած ժամանակակից շերտ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արուսյակ Կապուկչյան