Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Քաղաքականություն
10.08.2026 | 19:40
Օգոստոսի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում Մնացական Սաֆարյանը շնորհավորել է առաքելության ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ առաքելություն:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում ակտիվացող համագործակցությունը և պատրաստակամություն են հայտնել շարունակել խորացնել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև փոխգործակցությունն առևտրատնտեսական, տեխնոլոգիական, կրթական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

