Ադրբեջանցի աքսորված բլոգերին Գերմանիայում Բայրամովի և Հաջիևի հետ բախումից հետո «Իրանի գործակալ» են անվանել․ OC Media-ի անդրադարձը
Քաղաքականություն
31.07.2026 | 22:14
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Գերմանիա կատարած այցի ընթացքում աքսորված բլոգեր Ալամդար Բունիաթովը բախվել է նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Զրույցը տեսագրվել և տարածվել է սոցիալական ցանցերում, իսկ ադրբեջանական կառավարամետ լրատվամիջոցները պնդում են, թե Բունիաթովը «սերտ կապեր ունի Իրանի հետախուզական ծառայությունների հետ»։ Այս մասին ասվում է OC Media-ի անդրադարձում։
Կառավարամետ լրատվամիջոցների կողմից որդեգրված դիրքորոշմանը հակառակ՝ տեսանյութը լայնորեն տարածվել է, մարդիկ աջակցություն են հայտնել Բունիաթովին և ընդունել նրա փաստարկների իսկությունն ու կառավարությանն ուղղված քննադատությունը։
Բունիաթովը «Մուսուլմանական միասնության շարժման» անդամ է։ Նա ձերբակալվել, ապա ազատ է արձակվել 2015 թվականի նոյեմբերին Նարդարանի վրա ոստիկանության կողմից կազմակերպված ռեյդից հետո, որի թիրախը կազմակերպությունն էր, որի անդամներին մեղադրում էին իսլամական արմատական լինելու մեջ։ Ռեյդի ժամանակ սպանվել էր վեց մարդ, որոնցից չորսը տեղացի բնակիչներ էին, երկուսը՝ ոստիկաններ։ Ավելի քան 100 մարդ ձերբակալվել էր, իսկ 44-ը՝ դատապարտվել երկարատև ազատազրկման։
Ազատ արձակվելուց հետո Բունիաթովը մեկնել է Գերմանիա։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Գերմանիայի կանցլերի գրասենյակի դիմաց սպասող Բունիաթովը նկատում Հաջիևին և Բայրամովին։ Նա դիմում է նրանց՝ ասելով. «Պարոն նախարար, ես ձեզ համար հարց ունեմ»։ Այնուհետև նա հայտնում է, որ ավելի քան մեկ ամիս առաջ մի խումբ ադրբեջանցիներ, որոնք բողոքում էին անկախ կին լրագրողների և շիա մուսուլման կանանց ձերբակալության դեմ, հացադուլ են հայտարարել։
Լսելով նրա խոսքերը՝ Բայրամովն ասում է. «Անընդունելի է, որ դուք ձեր անձնական կարծիքը ներկայացնեք որպես ճշմարտություն»։ Այնուհետև Բայրամովը հերքում է, որ բանտարկյալները խոշտանգումների են ենթարկվել։
Ի պատասխան՝ Բունիաթովը հղում է կատարում Amnesty International-ին, որը պնդում է, որ կին լրագրողները վատ վերաբերմունքի են ենթարկվել ադրբեջանական բանտերում։
Դրանից հետո միջամտում է Հաջիևը՝ ասելով. «Գիտե՞ք, թե ով է ֆինանսավորել Amnesty International-ին»։ Նա նաև հարցրել է Բունիաթովին, թե ինչ հիմքով է նա բնակվում Գերմանիայում, ինչին բլոգերը պատասխանել է, որ նա քաղաքական պատճառներով է գաղթել՝ Նարդարանի գործի պատճառով։
Հաջիևի հարցին՝ գիտի՞, թե «որ երկիրն է միջամտել Նարդարանի գործին», Բունիաթովը պատասխանել է․ «Դուք կասեիք՝ Իրանը»։
Իրանի հետ հարաբերությունների լարվածության շրջանում Ադրբեջանը հաճախ թիրախավորում է շիաներին և կրոնական ակտիվիստներին։
Բացի այդ, Բայրամովը մեղադրում է Բունիաթովին իր պնդումներին ապացույցներ չունենալու մեջ, ինչին ի պատասխան՝ բլոգերը պնդում է, որ ունի՝ ընդգծելով, որ Նարդարանի ռեյդի ժամանակ կորցրել է երկու զարմիկներին, իսկ մեկը հաշմանդամ է դարձել։ Նա նաև ասում է, որ 2015 թվականից ի վեր Նարդարանում գտնվող իր տան դիմաց ոստիկանական պահակակետ է եղել։
Նա երկու պաշտոնյաներին հարցնում է, թե ինչու են իշխանությունները մեծ թվով ոստիկանների պահում Նարդարանում, ինչին Հաջիևը պատասխանում է, որ իրավապահ մարմինները «միջոցներ են ձեռնարկում՝ ի պատասխան Ադրբեջանի ինքնիշխանության և ազգային անվտանգության սպառնալիքների, ինչպես նաև կառավարության դեմ ուղղված զինված խմբավորումներ ստեղծելու փորձերի»։
Ադրբեջանցի պաշտոնյաները սկսում են հեռանալ, բայց Բունիաթովը հետևում է նրանց և ասում, որ նրանց պնդումները կեղծ են՝ հավելելով, որ ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովն անձամբ իրեն ասել է, որ ինքը ծառայում է Ալիևին, այլ ոչ թե Ադրբեջանին։
Հաջիևը կանգ է առնում, շրջվում և ասում, որ Ալիևընազատագրել է Լեռնային Ղարաբաղը, և հարցնում է Բունիաթովին՝ արդյո՞ք նա ծառայել է բանակում։
«Լեռնային Ղարաբաղն ազատագրվել է աղքատ մարդկանց երեխաների կողմից, և երբ ես ծառայում էի բանակում, Ալիևի որդին ապրում էր Լոնդոնում»,- հայտարարել է Բունիաթովը։
Բայրամովը Բունիաթովին ասում է, որ նա անցել է կարմիր գիծը, և որ քաղաքական խաղեր է խաղում իր և Հաջիևի հետ։ Մինչ նրանք նստում են մեքենան, Բունիաթովը բղավում է՝ «Մի օր արդարությունը կհաղթանակի», նաև հավելում, որ պաշտոնյաները «պետք է ծառայեն ժողովրդին, այլ ոչ թե իշխանություններին»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

