Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
24.07.2026 | 21:00ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է նորընտիր խորհրդարանի կազմին, իր և Հովիկ Աղազարյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացման պատճառներին և երկրի ապագայի վերաբերյալ իր մտահոգություններին։
Ասլանյանը նոր խորհրդարանը համարում է ոչ թե հայրենիքի համար տառապող մարդկանց հավաքատեղի, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կցորդը․ «Այդ խորհրդարանը պետք է լիներ իր հայրենիքի համար տառապող մարդկանց հավաքատեղի, որը ես չտեսա։ Եթե ութերորդ գումարման ընդդիմությունն ինչ-որ ձևով որոշակիորեն ներկայացնում էր հակաուժ, ապա իններորդը չի ներկայացնելու։ Լինելու է ՔՊ-ի կցորդը»։
Անդրադառնալով ՔՊ-ի հետ իր հարաբերություններին՝ Ասլանյանը նշել է, որ իրեն խաբված է զգում, քանի որ վստահել է նրանց։
«Արիստոտելը մի լավ բան է ասում։ Ասում է՝ եթե առաջին անգամ խաբեցիր ինձ, ամոթ քեզ, եթե երկրորդ անգամ խաբեցիր ինձ, ամոթ ինձ։ Հիմա ինձ առաջին անգամ խաբել են։ Ես խաբվել եմ ոչ թե այն պատճառով, որ հիմար եմ եղել, այլ խաբվել եմ այն պատճառով, որ չափից դուրս վստահել եմ։ Վստահել եմ ՔՊ-ին, որը հրավիրեց ինձ, որը կտրեց ինձ հիմնական այն աշխատանքից, որը շուրջ 40 տարի ես վարում էի»,- նշել է Ասլանյանը։
Նրա խոսքով՝ «Ելք» դաշինքի ժամանակ իրեն հրավիրել են այն պայմաններում, երբ «Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր», և ինքը, ունենալով վստահություն, համաձայնել է։ Սակայն, երբ դեմ է արտահայտվել իր գործընկերոջը՝ Հովիկ Աղազարյանին պետական դավաճանության մեջ մեղադրելուն, իրենց հեռացրել են խմբակցությունից։
«Ես շնորհակալ եմ ՔՊ-ին, որ ՔՊ-ն ինձ վերադարձրել է ինձ։ Նա Ասլանյանին վերադարձրել է Ասլանյանին»,- պնդել է նա։
Հակոբ Ասլանյանը համոզված է, որ երկիրը շարժվում է դեպի ավտորիտարիզմ և տոտալիտարիզմ․ «Նիկոլ Փաշինյանը հստակորեն ավտորիտար գիծ է տանում։ Եվ հիմա նա կանգնած է ավտորիտար և տոտալիտար պետության սահմանագլխին։ Շատ շուտով ինքը դրա սահմանները կանցնի, և երկրում կհաստատվի տոտալ իշխանություն, որի պայմաններում բոլորը խոցելի կլինեն, բացի Նիկոլից ու ՔՊ-ից։ Սա ինձ, նորից եմ ասում, սա ինձ նմանեցնում է, հիշեցնում է ավելի շուտ 34 թվականը»։
Նրա կարծիքով՝ իշխանության նպատակը քաղաքական դաշտը մաքրելն է՝ մինչև 2031 թվականի ընտրությունները թողնելով միայն իրենց վերահսկողության տակ գտնվող ուժերին։
Հակոբ Ասլանյանը բացատրել է, թե ինչու իրենց հիմնադրած «Միացյալ Ազգային Սահմանադրական Կուսակցությունը» (ՄԱՍԿ) չի մասնակցել ԱԺ-ի ընտրություններին․ «Պարոն Աղազարյանը և պարոն Ասլանյանը, լավ հասկանալով, որ նախօրոք խոսք էին տվել, որ ոչ մի ձայն չեն փոշիացնի, և զգալով, որ իրենք չեն կարող հաղթահարել 4%-ը, իրենք իրենց կուսակցությունը չտարան ընտրություններին՝ նույնիսկ գրավը մուծելուց և ցուցակները տալուց հետո։ Հրաժարվեցին մասնակցելուց»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

