Google-ը տուգանվեց 890 միլիոն եվրոյի չափով՝ եվրոպական օրենսդրությունը խախտելու համար

Լուրեր

24.08.2026 | 10:42
Կարող ենք արձանագրել, որ «Չորրորդ Հանրապետությունը» հիմնադրված է․ Փաշինյանը ԱԺ-ում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 24-ի դրությամբ
24.08.2026 | 10:19
Ուկրաինան հարձակվել է Ozon-ի երեք պահեստների վրա Դաղստանում, Ադիգեայում և Ստավրոպոլի երկրամասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 4-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
24.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ
24.08.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.08.2026 | 09:30
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականը մեկ մեդալ է նվաճել ԱԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
Բոլորը

Google-ի որոնողական համակարգում ամենևին էլ լավագույն տարբերակները չեն հայտնվում։ Այսօր Եվրոպական հանձնաժողովը կայացրել է միանգամից երկու որոշում Google-ի դեմ՝ արձանագրելով, որ ընկերությունը խախտել է «Թվային շուկաների մասին» օրենքի (DMA) պահանջները՝ Google Search-ում նախապատվությունը տալով սեփական ծառայություններին։

Google-ը նաև սահմանափակումներ է կիրառել Google Play-ում՝ խոչընդոտելով բիզնեսներին սպառողներին ուղղորդել դեպի գնումների այլընտրանքային, ավելի մատչելի ուղիներ։

Այս խախտումների համար Եվրահանձնաժողովը Google-ի նկատմամբ սահմանել է երկու տուգանք 890 միլիոն եվրոյի չափով, համապատասխանաբար, 460 մլն և 430 մլն եվրո։

«Լավագույն պրոդուկտները պետք է հաջողության հասնեն, քանի որ դրանք իսկապես լավն են, այլ ոչ թե այն պատճառով, որ պատկանում են որոնողական համակարգը ղեկավարող ընկերությանը:  Եվրոպացի սպառողներն իրավունք ունեն իմանալու, թե որտեղ կարելի է գտնել լավագույն առաջարկները»,- որոշումը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի՝ Մաքուր, արդար և մրցունակ անցման հարցերով գործադիր փոխնախագահ Տերեսա Ռիբերան։

Ըստ եվրոպական օրենսդրության՝ որպես «դարպասապահ» (gatekeeper) գործող խոշոր հարթակներն իրավունք չունեն որոնման արդյունքներում իրենց իսկ ծառայություններին ավելի բարենպաստ դիրք հատկացնել, քան մրցակիցներին։ Նրանք պարտավոր են ապահովել թափանցիկ, արդար և ոչ խտրական պայմաններ։

Մինչդեռ, ինչպես պարզել է Եվրահանձնաժողովի մանրակրկիտ ուսումնասիրությունը, Google-ը որոնման համակարգում հատուկ վիզուալ էֆեկտների ու զտիչների միջոցով առաջ է մղում սեփական ծառայությունները (հյուրանոցներ, տրանսպորտ,    գնումներ) ՝ ի վնաս այլ ընկերությունների։

Մյուս լուրջ խախտումը վերաբերում է հաճախորդներին «ուղղորդելու» (anti-steering) քաղաքականությանը։ Օրենքը պահանջում է, որ հավելվածների մշակողները կարողանան անվճար տեղեկացնել սպառողներին այլընտրանքային, հաճախ ավելի մատչելի առաջարկների մասին (օրինակ՝ այլ վեբկայքերում կամ խանութներում)։ Google-ը տևական ժամանակ արգելել է մշակողներին ազատորեն հաղորդակցվել օգտատերերի հետ և պայմանագրեր կնքել Google Play-ից դուրս։ Թեև ընկերությունն իրավունք ունի որոշակի միջնորդավճար գանձել հաճախորդ ներգրավելու համար, սակայն Հանձնաժողովն արձանագրել է, որ գանձվող վճարների չափն ու ժամկետները գերազանցել են բոլոր թույլատրելի սահմանները։

Եվրահանձնաժողովը Google-ին տվել է 60-օրյա վերջնաժամկետ՝ որոշման պահանջներն ամբողջությամբ կատարելու համար։ Հակառակ դեպքում Google-ին սպառնում են պարբերական տուգանքներ՝ նրա համաշխարհային ընդհանուր շրջանառության մինչև 10%-ի չափով:

Google-ի մայր ընկերության՝ Alphabet Inc.-ի համաշխարհային ընդհանուր տարեկան շրջանառությունը 2025 թվականին կազմել է 402.8 միլիարդ ԱՄՆ դոլար։

«Google-ը պետք է վերջ դնի խախտումներին և զերծ մնա դրանք ապագայում կրկնելուց: Այսօրվա որոշումները հստակ ուղերձ են, որ մենք չենք վարանի օգտագործել մեր ողջ գործիքակազմը՝ պաշտպանելու համար այն բիզնեսն ու նորարարական հնարավորությունները, որոնք ընձեռում է  «Թվային շուկաների մասին» օրենքը»,- հայտնել է Եվրահանձնաժողովի՝ Տեխնոլոգիական ինքնիշխանության հարցերով գործադիր փոխնախագահ Հեննա Վիրկկունեն։

Տուգանքների հաշվարկման ժամանակ Հանձնաժողովը գնահատել է խախտումների ծանրությունը, տևողությունը և կրկնելիությունը՝ եզրակացնելով, որ տուգանքի սահմանված չափերը լիովին համաչափ են և հիմնավորված։

Մեկ տարի առաջ էլ  Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել էր 2.95 միլիարդ եվրոյով՝ առցանց գովազդային տեխնոլոգիաների ոլորտում չարաշահումների համար։

Եվրահանձնաժողովի երկու որոշումները Google-ը կարող է  բողոքարկել դատարանում։

Կարինե Ասատրյան

Բրյուսել