Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության հաղթող Հայաստանի հավաքականին՝ շնորհավորելով մարզիկներին պատմական հաջողության կապակցությամբ և վստահեցնելով, որ պետությունը շարունակելու է աջակցել մարզաձևի զարգացմանը։

«ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և մի շարք գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ հուլիսի 4-12-ը Երևանում անցկացվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը նվաճել է ոսկե մեդալ՝ մրցաշարի ընթացքում գրանցելով 6 անընդմեջ հաղթանակ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է հավաքականի անդամներին՝ ողջունելու և շնորհավորելու նրանց:
Հանդիպմանը ներկա էր նաև Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

«Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել, քանի որ վերջին և միակ անգամ այս տարիքային խմբում հաղթանակ գրանցվել էր գրեթե 10 տարի առաջ: Անգնահատելի են այն հպարտության ու ոգևորության զգացումները, որ պարգևեցիք մեզ: Ֆեդերացիայի, մարզչական կազմի ու թիմի հետ մեր համատեղ ջանքերը տվեցին ցանկալի արդյունքը: Ուզում եմ վստահ լինեք, որ շարունակելու ենք աջակցել բասկետբոլի զարգացմանը: Ձեր այսօրվա հաղթանակները, հուսով եմ, դառնալու են ավելի մեծ հաղթանակների սկիզբ»,- ողջունելով մարզիկներին՝ ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել նրանց հետևողական ջանքերի, հաղթական արդյունքի և դիտարժան խաղերի համար:

Ընդգծելով բասկետբոլ մարզաձևի մասսայականացման պետության քաղաքականությունը՝ նախարարը հիշատակել է վերջին երկու տարում իրականացվող Բասկետբոլի լիգայի մրցումները, որոնց այս տարի ավելի քան 8800 դպրոցականներ են մասնակցել: Նա վստահություն է հայտնել, որ ստեղծվող մարզական նոր ենթակառուցվածքների ավելացումը կնպաստի մասնակիցների թվի բազմապատկմանը: «Կառավարության հաջորդ ծրագրում նախատեսված է կոմբինացված 100 մարզահրապարակի կառուցում տարբեր բնակավայրերում, որոնց բաղադրիչներից մեկը բասկետբոլն է լինելու»,- նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է թիմային մտածելակերպի ձևավորումը, որը հաղթանակների գրանցման առաջնային նախադրյալն է: Նա նաև ընդգծել է՝ տարբեր մրցաշարերի անցկացումը հանրության շրջանում ձևավորում է խաղերին հետևելու մշակույթ՝ որպես սպորտային ժամանցի ձև: Նախարարը մարզիկների հետ զրույցի ընթացքում հետաքրքրվել է՝ ինչպես էին տրամադրված խաղին, առհասարակ ինչ հետաքրքրություններ ունեն, շարունակելու են իրենց գործունեությունը սպորտի ոլորտում և այլն: Ի պատասխան՝ մարզիկներն ընդգծել են՝ խաղին մասնակցել են մեկ նպատակադրմամբ՝ «ոչ մի պարտություն, գնում ենք դեպի ոսկե մեդալ»: Մարզիկների խոսքով՝ իրենց ուժ է տվել նաև հայրենի հողը:

Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանը շնորհակալություն է հայտնել պետության աջակցությամբ մրցաշարն անցկացնելու համար՝ նշելով, որ միջազգային ֆեդերացիան բարձր է գնահատել մրցաշարի անցկացումը, և պետության հետ համագործակցության արդյունքում Հայաստանը բարձր վարկանիշ է գրանցել: Նա համառոտ ներկայացրել է ֆեդերացիայի առաջիկա անելիքներն ու ծրագրերը՝ ուղղված մարզաձևի զարգացմանը:

Հիշեցնենք, որ եզրափակչում Հայաստանի մինչև 16 տարեկանների ընտրանին 97:68 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Մալթայի թիմի նկատմամբ՝ դառնալով մրցաշարի հաղթող»,- ասված է հաղորդագրությունում։