Ծառուկյանի որդին կվերադարձվի՞ ՀՀ․ Փաշինյանի չկատարված ու նոր խոստումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.07.2026 | 21:00«Տղեն փախած է, բռնելու ենք, բերենք, նստացնենք: Լակոտ, չե՛ս փախնելու ոչ մի տեղ»,- ենթադրյալ մեղավորներին Հայաստանում արդարադատության առաջ կանգնեցնելու խոստում Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ չէ, որ տալիս է։ Կոշտ բառապաշարով այս ելույթն ուղիղ մեկ ամիս առաջ էր՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի վերաբերյալ։
Ռուսաստան-Բելառուսում ապաստանած Ծառուկյանի որդուն Հայաստան վերադարձնելու վերաբերյալ վարչապետի խոսույթը խիստ մտահոգիչ գնահատելով հանդերձ՝ իրավապաշտպաններն ընդգծում են՝ իսկ որքանո՞վ Փաշինյանին կհաջողվի Նվեր Ծառուկյանին Հայաստան վերադարձնել։
«Ձեռքերը չի հասնում արտասահմանից ՀՀ վերադարձնել նրանց, որոնք մեղադրվում են տարբեր հանցագարծություններում։ Խոստանալ բաներ, որոնք չես կարող անել, վայել չէ, սխալ է, ձախողման նշան է»,- ասում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Երկու տարի առաջ Հայաստանը լքած Նվեր Ծառուկյանին վերադարձնելու հայտարարության ֆոնին հիշարժան են դառնում Փաշինյանի այլ խոստումներ աշխարհի տարբեր երկրներից մեղավորների վերադարձնելու վերաբերյալ։
«Ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու։ Հայաստանում գողերի ժամանակն անցել է, ամերիկաներից լինի, ավստրալիաներից լինի, ռուսաստաններից լինի՝ գտնելու ենք, բերենք գողացած ամեն լումա»,- 2018-ին հեղափոխական հարթակներից հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։
Հեղափոխական Փաշինյանի այս ելույթից հետո ոչ միայն Հայաստանում հարստացած և հեռացածներին վերադարձնել չհաջողվեց, այլ նաև տարբեր քրեական գործերով անցնող նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ լքեցին երկիրը նրա վարչապետության օրոք։
Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանը լքելու միջոցով արդարադատությունից խուսափել են նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստոնյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, նրա խնամին՝ Արա Մինասյանը, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը։ Մեկ ամիս առաջ պարզվեց, որ Խաչատրյանի մյուս որդին՝ Արտյոմ Խաչատրյանը նույնպես երկրում չէ և հետախուզվում է։ Այս իշխանություններին Հայաստան վերադարձնել չի հաջողվել նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին։
Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում կոշտ բառապաշար կիրառելով ոչ միայն Ծառուկյանին էր սպառնում, այլ նաև Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին և այլ ընդդիմադիրների։ Ընտրություններից կարճ ժամանակ անց դիմակավորված ԱԱԾ-ականները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն։
ԲՀԿ ղեկավարին փողերի լվացման մեղադրանք առաջադրվեց՝ իրանցի գործարարների հետ համատեղ բիզնեսին վերաբերող քրեական վարույթի շրջանակում։ Այս ամենը հաջորդում է Փաշինյան-Ծառուկյան սուր լեզվակռվին։ Արդյո՞ք Փաշինյանն այսպիսով վրեժ է լուծում Ծառուկյանից՝ իրեն արու առյուծի վանդակ մտնելու առաջարկի համար, թե՞ որոշել է թալանվածը վերադարձնելու համակարգային գործընթաց սկսել։
«Պետք է հուսանք, որ համակարգային գործընթաց է սկսվում, որովհետև վարչապետի մակարդակով շատ կոշտ է արտահայտվում դատական իշխանության մասին, սա հուսադրող է»,- կարծում է «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։
Նիկոլ Փաշինյանը Դատախազության օրն էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին, քննչական մարմինների ղեկավարներին նկատողություն արել, թե Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականությունը լճացած է։
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում ինձ համար դժվարությունը ծագել է այնտեղ, երբ ստիպված եմ եղել պատասխանել հարցերի արդարադատության բացակայության վերաբերյալ»,- ասել էր վարչապետը։
Քաղհասարակության ներկայացուցիչները մատնանշում են այն բացթողումներն ու չկատարված աշխատանքները, որ Փաշինյանը խոստացել էր արդարադատության ոլորտում, բայց չի իրականացրել։
«Իրավապահ համակարգի բոլոր օղակները պետք է արմատապես մաքրազտման ենթարկեն, ինչը չեն, արել։ Խոստացել էր դատավորներին վեթինգի ենթարկել, հետո խոստովանեց, որ չի արել»,- ասաց Լևոն Բարսեղյանը։
«Վեթինգի ինստիտուտը չի իրականացվել, որը խոստացվել էր։ Սա ՔՊ-ում գտնվող անձանց և դատական համակարգում գտնվողների սերտ կապերի հետևանք է»,- նշեց Հովսեփ Խուրշուդյանը։
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այդպես էլ որևէ ազդեցիկ պաշտոն զբաղեցրած նախկին պաշտոնյա ճաղերի հետևում չհայտնեց։ Ընդհակառակը, տարբեր մեղադրանքերով արդարացվել են Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

