Կմասնակցի՞, արդյոք, Մոջթաբա Խամենեին հոր հուղարկավորությանը. DW-ի անդրադարձը
Քաղաքականություն
03.07.2026 | 19:40
Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները պետք է սկսվեն Թեհրանում շաբաթ՝ հուլիսի 4-ին, իրանական պատերազմի հենց սկզբում նրա սպանությունից ավելի քան չորս ամիս անց։ Իրանցի պաշտոնյաները ծեսը ներկայացրել են որպես ազգային և կրոնական իրադարձություն, արարողություններ են նախատեսված Թեհրանում, Ղոմում, Իրաքում և, վերջապես, Մաշհադում, որտեղ նախատեսվում է նրան հուղարկավորել հուլիսի 9-ին։ Որոշ պաշտոնական գնահատականներ ենթադրում են, որ մասնակցությունը կարող է հասնել տասնյակ միլիոնների, չնայած նման կանխատեսումները դեռևս անհնար է նախապես ստուգել։ Այս մասին ասվում է DW-ի անդրադարձում։
Հուղարկավորության ժամկետը նաև քննարկումներ է առաջացրել կրոնական մեկնաբանների շրջանում, քանի որ շիական իսլամական ավանդույթի համաձայն՝ հուղարկավորությունը սովորաբար տեղի է ունենում մահից անմիջապես հետո։
Վահիդ Հերոբադին, Եվրոպայում բնակվող նախկին շիա հոգևորական և Իսլամական Հանրապետության քննադատ, DW-ին ասել է, որ հետաձգումը հակասում է հաստատված կրոնական սովորույթին։
«Իսլամական իրավագիտության մեջ մեծ շեշտադրում է արվում մահացածներին անհապաղ թաղելու վրա։ Սա կրոնական կրթության մեջ օգտագործվող դասական օրինակներից մեկն է, երբ բացատրվում է անհապաղ կատարվող պարտավորությունը»,- ասել է նա։
Մինչ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են՝ մեկ հարց մնում է անպատասխան. արդյո՞ք Մոջթաբա Խամենեին, որը հաղորդել է հորը որպես Իրանի գերագույն առաջնորդ, կմասնակցի արարողությանը։
Որտե՞ղ է Մոջթաբա Խամենեին
Իրանցի պաշտոնյաները չեն հաստատել՝ արդյո՞ք Մոջթաբա Խամենեին կներկայանա հուղարկավորության արարողություններին որևէ փուլում։ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի ազգային հուղարկավորության և հրաժեշտի կոմիտեի ղեկավար Ալի Աքբար Փուրջամշիդիանը հուլիսի 1-ին հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեիի ներկայությունը կազմակերպչական կոմիտեի լիազորություններից դուրս է։ Նա ասել է, որ ցանկացած հայտարարություն կլինի գլխավոր հրամանատարի և առաջնորդի գրասենյակներից։
Մոջթաբա Խամենեին ամիսներ շարունակ հրապարակայնորեն չի երևացել։ Նրա բացակայությունն իր ընտանիքի անդամների հետ կապված մի շարք միջոցառումներին ուշադրություն է գրավել Իրանում և արտերկրում։ Դրանց թվում էր նրա կնոջ՝ Զահրա Հադդադ Ադելի խորհրդանշական հուղարկավորության արարողությունը, որի ժամանակ նրա որևէ ձայնային կամ տեսաուղերձ չի հրապարակվել։
Վերջին ամիսներին իրանական և միջազգային լրատվամիջոցներում շրջանառվել են Մոջթաբա Խամենեիի առողջության վերաբերյալ հաղորդագրություններ։ Իրանի իշխանությունները հրապարակայնորեն չեն բացատրել նրա բացակայությունը, նաև նրա առողջական վիճակի վերաբերյալ պնդումներն անկախ կերպով չեն հաստատվել։
Պաշտոնյաները հայտնել են, որ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է նույն հարվածից, որի հետևանքով զոհվել է նրա հայրը։
Հուղարկավորությանը նրա մասնակցությունը կարող է նաև ազդել այն բանի վրա, թե ով կղեկավարի հուղարկավորության աղոթքը։ Շիական ավանդույթում մահացած բարձրաստիճան կրոնական գործչի համար աղոթքը ղեկավարող անձը խորհրդանշական նշանակություն ունի։ Իրանի իշխանությունները չեն հայտարարել, թե ով կկատարի այդ դերը արարողությունների ժամանակ։
Հուղարկավորությանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն նաև մի շարք երկրների պաշտոնական պատվիրակություններ։
Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին հայտարարել է, որ ներկա գտնվողների թվում են նախագահներ, խորհրդարանի խոսնակներ, վարչապետներ և նախարարներ։ Իրանի պաշտոնյաները հայտնում են, որ տասնյակ երկրների ներկայացուցիչներ պատրաստակամություն են հայտնել մասնակցելու արարողություններին։
Reuters-ը հաղորդել է, որ Հնդկաստանը նախատեսում է ուղարկել բարձր մակարդակի պատվիրակություն, և որ Իրանն ակնկալում է ավելի քան 30 երկրների պաշտոնական մասնակցություն։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իրանի ամենաբարձրաստիճան գործիչներից մի քանիսը ներկա են գտնվել սպանված գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հիշատակի արարողությանը։ Մի շարք օտարերկրյա պաշտոնյաներ նույնպես ներկա են եղել՝ հարգանքի տուրք մատուցելով առաջնորդին և ազդարարելով Իրանի նոր ղեկավարությանը շարունակական աջակցությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

