ՌԴ-ն ցանկանում է 50 մլն դոլարով 100,000 հայերի ուղարկել ՀՀ` Փաշինյանի դեմ քվեարկելու. Reuters
Քաղաքականություն
29.05.2026 | 15:04
Արևմտյան հետախուզության և կառավարական պաշտոնյաների տվյալներով՝ Ռուսաստանն ակտիվացրել է գաղտնի ջանքերը՝ խաթարելու Հայաստանի առաջնորդի՝ հաջորդ ամիս կայանալիք վերընտրության հայտը, մտավախություն ունենալով, որ նրա հաղթանակը կարող է նպաստել նախկին խորհրդային հանրապետության միավորմանն Արևմուտքի հետ։ Այս մասին ասվում է Reuters-ի անդրադարձում։
Հունիսի 7-ի ընտրություններից առաջ Մոսկվայի ծրագրերը ներառում են ռուսամետ թեկնածուների օգտին ապատեղեկատվական արշավներ և տասնյակ հազարավոր ռուսահայերի տեղափոխման համարձակ ծրագիր՝ քվեարկության արդյունքների վրա ազդելու համար։ Այս մասին հայտնել են արևմտյան հետախուզության 5 պաշտոնյաներ։ Reuters-ի տրամադրության տակ են հայտնվել նաև մի շարք փաստաթղթեր։
Նշվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հարցումներում առաջատար է, ավելի է մոտեցել Եվրոպային և ՆԱՏՕ-ին՝ դառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակիցը, որը չորեքշաբթի հավանություն է տվել Փաշինյանի վերընտրությանը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթ ժամանել էր Երևան՝ ստորագրելու հանքանյութերի և TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրեր․ առաջարկվող տրանսպորտային միջանցք Հայաստանի միջով, որը կարող է է՛լ ավելի քայքայել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի թաքցրել իր դժգոհությունը Փաշինյանի շրջադարձային քայլից։ Վերջին օրերին Մոսկվան զգուշացրել է, որ Հայաստանը կարող է զրկվել էժան բնական գազի մատակարարումներից և սահմանափակել է հայկական արտադրանքի, այդ թվում՝ մրգերի, բանջարեղենի, ծաղիկների և կոնյակի ներմուծումը։
«Այն, ինչ փորձում է անել Փաշինյանը, սպառնալիք է Ռուսաստանի համար»,- ասել է Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը։
Ըստ նրա՝ դիվերսիֆիկացիան «նշանակում է, որ Ռուսաստանը կորցնում է իր գործնական մենաշնորհը Հայաստանում»։
Արևմտյան երեք պաշտոնյաների խոսքով՝ Մոսկվայի նախընտրելի թեկնածուն Սամվել Կարապետյանն է՝ միլիարդատեր, որը դատվում է կառավարության տապալման կոչ անելու մեղադրանքով։ Ռուսաստանաբնակ Կարապետյանը հերքում է մեղադրանքները։ Նրա փաստաբան Ռոբերտ Ամստերդամը Reuters-ին ասել է, որ իր հաճախորդը տեղյակ չէ ռուսական աջակցության մասին։
Եվրոպան վաղուց մեղադրում է Ռուսաստանին ընտրություններին միջամտելու մեջ, վերջերս՝ Մոլդովայում և Հունգարիայում։ Ռուսաստանը պնդում է, որ ԵՄ-ն ու Միացյալ Նահանգները միջամտում են իր սահմանների մոտ գտնվող երկրների գործերին, որպեսզի նրանց ներքաշեն Արևմուտքի ազդեցության ոլորտ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել մեկնաբանության հարցմանը, սակայն հինգշաբթի լրագրողներին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու մասին պնդումները «լրտեսամանիա» են։
Հայաստանի կառավարության հաղորդակցության վարչությունը հրաժարվել է մեկնաբանել այս հոդվածում ներկայացված կոնկրետ մեղադրանքները, սակայն նշել է ապատեղեկատվության դեմ պայքարի ու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ ապահովելու համար ձեռնարկվող միջոցառումները։
Հոկտեմբերին Կրեմլը ստեղծել է մի բաժին, որը հայտնի է որպես Ռազմավարական համագործակցության և գործընկերության վարչություն։ Այն, ըստ չորս աղբյուրների, վերահսկում է Հայաստանում ազդեցության գործողությունները:
Ռուս պաշտոնյաները վերջին ամիսներին քննարկել են Ռուսաստանում բնակվող հայերի կողմից Փաշինյանի հակառակորդներին օգտին քվեարկության ուղարկելու հարցը, անանունության պայմանով ասել են հինգ աղբյուրներ։
Հայերը մեծ համաշխարհային սփյուռք ունեն, այդ թվում՝ Ռուսաստանում, որը, որոշ գնահատականներով, կազմում է ավելի քան 2 միլիոն: Հայաստանի օրենսդրության համաձայն՝ արտասահմանից ընտրություններին քվեարկելու հնարավորություն չկա։
ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, որ հետախուզական համայնքում քննարկման առարկա է, թե Մոսկվան որքան մարդու կարող է հաջողությամբ տեղափոխել Հայաստան։ Այնուամենայնիվ, աղբյուրը նշել է, որ հետախուզության պաշտոնյաները լուրջ են վերաբերվում այս գաղափարին։ Հայերը պարբերաբար ճանապարհորդում են երկրների միջև, ամեն օր տասնյակ չվերթներ են իրականացվում։
Հրապարակման համաձայն՝ ռուսական իշխանությունները հաշվարկել են, որ 100,000 ընտրողի տեղափոխման արժեքը կկազմի շուրջ 50 միլիոն դոլար, ասել են երեք աղբյուրներ։ Մայիսի կեսերին Կրեմլը հրապարակել է յուրաքանչյուր տարածաշրջանի կողմից ուղարկվող հայերի քվոտաները և խնդրել վարչակազմերին՝ զեկուցել նախապատրաստական աշխատանքների մասին, հավելել են պաշտոնական աղբյուրները։
Reuters-ը չի կարողացել պարզել՝ արդյո՞ք նման ծրագիրն ընթացքի մեջ է, թե՞ այն բավարար կլինի առաջատարների միջև եղած լայն տարբերությունը կրճատելու համար։
Այս ամսվա սկզբին անցկացված հարցումը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կզբաղեցնի առաջին տեղը՝ շուրջ 30% ձայներով։ Հարցման համաձայն՝ շուրջ 6% ձայներով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը երկրորդ տեղում կլինի։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ անցյալ տարվա օգոստոսին Փաշինյանն ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքել է խաղաղության համաձայնություն՝ վերջ դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի տարածաշրջանի շուրջ տասնամյակներ շարունակվող հակամարտությանը։ Սա պետք է բացի տրանսպորտային ճանապարհը հարավային Հայաստանի միջով՝ թույլ տալով ապրանքները հոսքն արևելք՝ դեպի Կենտրոնական Ասիա, փոխարենը Ադրբեջանին տալով անմիջական մուտք դեպի Նախիջևանի էքսկլավ և Թուրքիա։ Մոսկվան զգուշորեն ողջունել է համաձայնագիրը։
Վաշինգտոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող անվտանգության աշխատակիցները կարող են վերահսկել նեղ ցամաքային գոտին, որը կանցնի Իրանի հետ սահմանի երկայնքով, ինչը, ըստ հետախուզության պաշտոնյաների, Ռուսաստանը համարում է անընդունելի։
Երկու արևմտյան պաշտոնյաների կարծիքով՝ եթե Փաշինյանը կորցնի իշխանությունը, Թրամփի խաղաղության ջանքերի հիմնական տարրերը, հավանաբար, կձախողվեն։
Մայիսին առցանց տարածված տեսանյութում դիմակավորված անձինք, որոնք խոսում էին հայերեն բարբառով, սպառնում էին սպանել Փաշինյանին: Reuters-ը չի կարողացել պարզել՝ արդյո՞ք սպառնալիքն իրական էր, կամ ով էր կանգնած դրա հետևում: Գործը քննվում է Հայաստանում։
Աղբյուրներից երեքը, այդ թվում՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան, լուրջ և շարունակական մտահոգություններ են հայտնել Հայաստանի ղեկավարի անվտանգության վերաբերյալ՝ առանց մանրամասնելու։ ԱՄՆ կառավարության որոշ անդամներ, այդ թվում՝ ԿՀՎ-ն, վերջին տարիներին գաղտնի կերպով օգնել են Փաշինյանի անձնական պաշտպանությանը՝ ըստ ամերիկյան աղբյուրների և պայմանավորվածության մասին տեղյակ երրորդ անձի։ Մի աղբյուր ասել է, որ օգնությունը ներառում էր հնարավոր սպառնալիքների մասին տեղեկատվության փոխանակում։
Սպիտակ տունը, Պետքարտուղարությունը, ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը և Փաշինյանի գրասենյակը չեն արձագանքել վարչապետի անվտանգության իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ տալու խնդրանքներին: ԿՀՎ-ն հրաժարվել է մեկնաբանություն տալ։
Ռուս պաշտոնյաներն ակտիվացրել են առկա առցանց ապատեղեկատվական արշավները՝ Փաշինյանի կառավարությունը վարկաբեկելու համար, հավելել են պաշտոնյաները։
Դեպքերից մեկում Ռուսաստանի կողմից աջակցվող առցանց արշավը կեղծ մեղադրանք է ներկայացրել կոռուպցիոն հողային գործարքի վերաբերյալ, որում ներգրավված է Փաշինյանը երկու սենատորներ Ջին Շահինի և Թոմ Թիլիսի հետ, որոնք ապրիլին հրապարակավ մտահոգություն էին հայտնել ռուսական ապատեղեկատվության վերաբերյալ, ասել է ամերիկացի պաշտոնյան։
Եվրոպացի պաշտոնյաներից մեկը նշել է, որ արշավներին ներգրավված է Կրեմլի հետ կապված «Storm 1516» անունով բոտերի ցանցը, որը դեր է խաղացել ԱՄՆ վերջին ընտրություններին միջամտելու ջանքերում։
Աղբյուրներից երեքը նշել են, որ Կրեմլը ներգրավել է ռուսական քաղաքական խորհրդատվական ընկերություններին և վերլուծական կենտրոններին, այդ թվում՝ Սոցիալական դիզայնի գործակալությանը (SDA), որը պատժամիջոցների տակ է Եվրամիության և Միացյալ Թագավորության կողմից՝ Ուկրաինային աջակցությունը խաթարելու նպատակով ապատեղեկատվություն տարածելու համար։
Լրատվամիջոցը վերանայել է ռուսալեզու հինգ փաստաթուղթ, որոնք, ըստ աղբյուրների, կազմվել են SDA-ի կողմից: Լրատվականը չի կարողացել անկախ կերպով հաստատել, որ SDA-ն է կազմել փաստաթղթերը: Դրանցից մեկում առաջարկվում էր Ռուսաստանի հայկական սփյուռքի համար ստեղծել Yerevan1 անվամբ լրատվամիջոց՝ Փաշինյանի նկատմամբ «բացասական վերաբերմունք» տարածելու համար՝ «հիմնական նարատիվով», որ «Հայաստանը կարող է բարգավաճել միայն Ռուսաստանի հետ սերտ դաշինքում և նրա պաշտպանության ներքո»։
Ո՛չ SDA-ը, ո՛չ էլ Yerevan1-ը չեն արձագանքել մեկնաբանությունների հարցումներին։
Փաստաթղթում գնահատվել է, որ ռուսահայերը կարող են վճռորոշ դեր խաղալ ընտրություններում, եթե «ապահովվի նրանց շրջանում բարձր մասնակցություն»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի