Թբիլիսիի Trump Tower-ն առաջարկվում է կառուցել Իվանիշվիլիի որդուն պատկանող հողատարածքի վրա․ The Guardian
Քաղաքականություն
27.05.2026 | 23:29
Բրիտանական The Guardian-ը գրում է, որ Թբիլիսիի Trump Tower-ն առաջարկվում է կառուցել վրացի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի որդու՝ Ուտա Իվանիշվիլիի հողատարածքի վրա: Իվանիշվիլին Վրաստանի ամենահարուստ մարդն է, երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահը, գրում է Current time-ը։
The Guardian-ի տվյալներով՝ հողատարածքի սեփականատերը, որի վրա կառուցվելու է երկնաքերը, «Cartu»միջազգային բարեգործական հիմնադրամն է։ Ուտա Իվանիշվիլին ներկայում տիրապետում է բաժնետոմսերի 35%-ին, բայց նախկինում նրան էր պատկանում 100%-ը: Ընկերության մյուս մասի սեփականատերերն անհայտ են, քանի որ նրանցից ոչ մեկը չունի բաժնետոմսերի հինգ տոկոսից ավելին։
Հիմնադրամի սեփականատերերի փոփոխությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին պատժամիջոցներ էր կիրառել Իվանիշվիլի ավագի նկատմամբ՝ Ռուսաստանին աջակցելու համար: ԱՄՆ Պետքարտուղարության (ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման օրոք) հայտարարության մեջ ասվում էր. «Վրացական երազանք կուսակցությունն առաջ է մղել Կրեմլի շահերը և փոխել Վրաստանի զարգացման ուղին եվրաատլանտյան ուղղությամբ, ինչն ուղղակի հակասում է Վրաստանի Սահմանադրությունում ամրագրվածին և վրաց ժողովրդի իրավունքներին»:
Լրատվամիջոցը գրում է, որ Trump Organization-ի և Իվանիշվիլի ընտանիքի միջև կապերը մտահոգություններ են առաջացնում շահերի հնարավոր բախման վերաբերյալ և նշում, որ պատժամիջոցների ռեժիմի համաձայն՝ «ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է առանց թույլտվության զբաղվել բիզնեսով, կատարել վճարումներ կամ անձնական ծառայություններ մատուցել Բիձինա Իվանիշվիլիին»։
Բիձինա Իվանիշվիլիի քննադատներն այս նախագիծը համարում են Վրաստանի իշխող վերնախավի կողմից Թրամփի աջակցությանն ապահովելու փորձ։ Իր հերթին, «Վրացական երազանքը» Trump Tower-ի նախագիծն անվանել է Թրամփի ընկերության վստահության ապացույց Վրաստանի տնտեսության և երկրի կառավարման համակարգի նկատմամբ։
Ապրիլի 20-ին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը հաղորդել էր Թբիլիսիում Trump Tower-ի կառուցման մասին: Այս նախագծում The Trump Organization-ի գործընկերների թվում էին վրացական Archi Group, Biograph Living, Blox Group, Finvest Georgia ընկերությունները և ամերիկյան The Sapir Organization ընկերությունը:
Archi Group-ի հիմնադիրը և վերահսկող խորհրդի նախագահը գործարար Իվլիանե (Իլյա) Ծուլայան է: Իլյա Ծուլայան Վրաստանի խորհրդարանի 8-րդ գումարման միլիոնատեր պատգամավոր էր և ներկայացնում էր «Վրացական երազանք» կուսակցությունը: Նա նաև Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի մտերիմ ընկերն է: Նրա գործընկերների թվում է նախկին բասկետբոլիստ Զազա Պաչուլիան: Ընկերությունը նաև բնակելի շենք է կառուցում Թրամփի հայրենի քաղաքում՝ Մայամիում, 50 միլիոն դոլարի ներդրում կատարելով:
Biographer Living ընկերությունը Wissol Group-ի մաս է կազմում, որը պատկանում է Փխակաձե եղբայրներին: Դրա բաժնետոմսերը պաշտոնապես 50/50 համամասնությամբ պատկանում են Vellagio-ին (որը, իր հերթին, պատկանում է Մալթայում գրանցված Global Investors Limited-ին) և Riverside Invest-ին (որը պատկանում է Վիրջինյան կղզիներում գրանցված Tol Trade-ին): Biographer Living ընկերության գործադիր տնօրենը Վասիլ Փխակաձեն է: Նա գործարար Լևան Փխակաձեի որդին է և Wissol Group-ի հիմնադիր ու բիզնես ասոցիացիայի նախագահ Սոսո Փխակաձեի զարմիկը:
Sapir Organization-ը Նյու Յորքում գործող անշարժ գույքի ընկերություն է, որը պատկանում է Դոնալդ Թրամփի նախկին գործընկեր Ալեքս Սապիրին։
Trump Organization-ն այժմ ղեկավարում են Թրամփի որդիները՝ Դոնալդ կրտսերը և Էրիկը։
Նախատեսվում է, որ գլխավոր երկնաքերը կլինի 79 հարկանի, այն կտեղակայվի քաղաքի Կենտրոնական այգու հարևանությամբ։ Զարգացման ծրագրի համաձայն՝ այնտեղ կկառուցվի յոթ շենքից բաղկացած բազմաբնակարան բնակելի համալիր, որոնցից ամենացածրը կլինի 21 հարկանի, իսկ ամենաբարձրը՝ 79 հարկանի։
Շինարարությունն իրականացնում է Central Park Avenue LLC-ն։ Այս ընկերությունը կապված է Trump Tower նախագծի գործընկերների՝ Wissol Group-ի և Biograph Living-ի հետ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի