Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը չհերքեց, որ ՌԴ ԱԴԾ աշխատակից է եղել․ փորձեց հեգնել՝ սլաքներն ուղղել այլ տեղ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
22.05.2026 | 20:30ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Անդրանիկ Թևանյանի շուրջ ծավալվող իրադարձություններին, Ռուսաստանի հետ հարաբերություններին և ներքաղաքական դաշտում առկա խնդիրներին։
Հարցին, թե ինչու է Անդրանիկ Թևանյանին պետական դավաճանության և լրտեսության մեղադրանք առաջադրվում հենց նախընտրական թեժ փուլում, և արդյոք սա քաղաքական հակառակորդի դեմ ռեպրեսիա չէ, Հարությունյանը պատասխանեց․
«Կարծում եմ, որ դրանք երկու, ամենայն հավանականությամբ, երկու տարբեր դեպքեր են։ Ես չեմ հասցրել ուսումնասիրել երկրորդի մասով [Մարտուն Գրիգորյանի տան խուզարկության], առաջինի մասով եղել են հայտարարություններ, եղել է համապատասխան կառույցի հաղորդագրությունը, և գործողություններ են իրականացվում։ Պրոցեսն այդպես է ընթանում, և կարող է ինչ-որ մի գործընթաց կամ գործընթացներ համընկնեն նախընտրական գործընթացի հետ»։
Անդրադառնալով ԲՀԿ-ին մրցակից համարելու մասին հարցին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է. «Մենք ԲՀԿ-ին չենք համարում մեզ մրցակից, որովհետև ապաքաղաքական, ստի և կեղծիքի վրա հենված մի կուսակցություն է, դատարկ, որոշակի օլիգարխիկ հավակնություններով, և մենք այդ տրամաբանության մեջ չենք գործում»։
Հարցին, թե Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքի հաստատման դեպքում ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Հայաստանը, քանի որ դա կնշանակի երկկողմ պայմանագրի խախտում, Հարությունյանը նշել է. «Ես գիտեմ, որ այդպիսի փաստաթուղթ կա, բայց փաստաթղթին բուն ծանոթ չեմ, և, ամենայն հավանականությամբ, այնտեղ նկարագրված կլինեն, թե դրա խախտման դեպքում ինչ հետևանքներ են լինում։ Երբ որ արձանագրվի, որ այդ փաստերը շատ ամուր են և համապատասխանում են իրականությանը, ամենայն հավանականությամբ, այդ խոսակցությունը կլինի մինչև դատարանի որոշումն էլ։ Ռուսաստանի ղեկավարության հետ համապատասխան գերատեսչությունների մակարդակներով»։
Իսկ ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սուր բանավիճած Արթուր Օսիպյանի կալանավորմանը, Հարությունյանը պարզաբանել է. «Անհամաձայնությունը դա մի բան է, դուք ամբողջ եթերը, ամբողջ օրը հետևում եք, թե մեր վարչապետը ոնց է քարոզչություն իրականացնում՝ բաց և անմիջական, թափանցիկ։ Եվ դուք տեսել եք տասնյակ ու հարյուրավոր դեպքեր, երբ որ եղել է վեճ, բանավեճ, երբ որ եղել է որոշակի հարցերի շուրջ անհամաձայնություն, համաձայնվել են իրար հետ կամ չեն համաձայնվել, իրար նորմալ հրաժեշտ են տվել։ Բայց խուլիգանությունը չի կարող համարվել անհամաձայնություն»։
Խոսելով քաղաքական համակարգում ապօրինի կապիտալի առկայության և իշխանության պատասխանատվության մասին՝ Հարությունյանն ընդունել է.
«Մասամբ, որպես կառավարող ուժի ներկայացուցիչ, դա կընդունեմ, որը ունեցել է որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Բայց ես մի բան կարող եմ հիմա արձանագրել, որ, և որպես պատմաբան հիմա մի հատ անդրադառնամ սրան, այդպիսի արատավոր երևույթները, այդպիսի մաֆիոզ համակարգերը կարճ ժամանակում չեն ապամոնտաժվում»։
Արայիկ Հարությունյանը 300 հազար ադրբեջանցիների այսպես կոչված «վերադարձի» մասին շրջանառվող թեման որակել է «ֆեյք»՝ պայմանավորելով այն ընդդիմության ճարահատյալությամբ. «Դա ֆեյք թեմա է։ Պատճառը ճարահատությունն է, որովհետև ես կարծում եմ՝ իրենք ունեն իրական սոցհարցումներ և ակնհայտ է, որ իրենք ջախջախվում են քաղաքական դաշտում։ Եվ հիմա այս ճարահատությունից ելնելով՝ այս ֆեյք թեմաներն են հնարվում, որպեսզի էմոցիաների վրա խաղան։ Երբ որ դու այս փուչիկ թեմաները բերում ես մեկ, մեկուկես, երկու ամիս առաջ, այդ փուչիկը թսկում է»։
Անդրադառնալով Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններին և դրանց հետևանքով «տնտեսական պատերազմի» հավանականությանը՝ Հարությունյանը նշել է.
«Ես առանձնահատուկ պատճառ չեմ տեսնում, թե ինչու Ռուսաստան պետությունը պետք է փորձի վնասել Հայաստանին։ Ամեն երկիր ունի իր քաղաքականությունը, Ռուսաստանը՝ իր քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետությունը՝ իր քաղաքականությունը, և մենք չենք անելու քայլեր, որը վտանգելու է մեր պետականությանը և մեր շահերին։ Սա հետևանք է Հայաստանից և հայաստանյան որոշ շրջանակներից՝ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Արման Թաթոյան, հրահրվող հակահայաստանյան տրամադրությունների։ Դուք չեք պատկերացնում, սրանք քանի ժամ են իրենց էմիսարները և ներկայացուցիչները անցկացնում որոշակի ռուսաստանյան կառույցների կաբինետներում՝ փորձելով ներկայացնել, թե իրենք ինչպիսի հնարավորություններ ունեն Հայաստանում իրավիճակ փոխելու»։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան