Ավինյանը նախընտրական շրջանում ֆոտոխցիկ է նվիրել․ պնդում է՝ 1,5 տարի առաջ պետք է նվիրեր, բայց չի ստացվել․ խախտվե՞լ է բարեգործության արգելքը
Քաղաքականություն
08.05.2026 | 17:36
Երևանի քաղաքապետ, իշխող ՔՊԿ նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական շրջանում երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ է նվիրել։ Լուրը հայտնել է Radar Armenia-ն։ Արդյո՞ք նախընտրական շրջանում պատգամավորի թեկնածու Տիգրան Ավինյանի քայլն օրենքի խախտում չէ։
Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 221-ի համաձայն ընտրական շրջանում բարեգործություն իրականացնելն արգելվում է։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավ իրականցնող Ավինյանը Factor TV-ի հարցին ի պատասխան վերահաստատեց, որ երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ է նվիրել և պարզաբանեց, թե ինչու հենց այս փուլում։ «Խոսքը մանկատան մեր սանի մասին է, որին այցելել եմ մեկ ու կես տարի առաջ, համապատասխան ֆինանսավորում էինք փոխանցել մանկատանը, որ տեսախցիկը գնվեր, բայց չէր գնվել։ Մենք նորից գնում ենք արել և նախընտրական քարոզարշավի հետ կապ չունի»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Մեր դիտարկմանը, որ նախընտրական փուլում է նվերը տեղ հասել, Ավինյանն արձագանքեց․«Ինքը մի բան է ստացել, որը չէր ստացել մեկ տարի առաջ»։
Հարցին՝ նախընտրական փուլում նվեր տալը խնդրահարույց չի համարո՞ւմ, Ավինյանը բացասական պատասխան տվեց։ «Չեմ կարծում, որ խնդրահարույց է, եթե խոսքը մի բանի մասին է, որը մեկ ու կես տարի առաջ պետք է տեղի ունենար։ Մենք դեռ պետք է ներողություն խնդրենք, որ պատշաճ չի արվել»,-ասաց Աինյանը։
ՔՊ-ական Տիգրան Ավինյանի կողմից ֆոտոխցիկ նվիրելու ֆոնին հիշարժան է դառնում մեկ այլ դրվագ, երբ իրավապահները քրեական վարույթ հարուցեցին մեկ այլ կուսակցության թեկնածուի կողմից հեռուստացույց նվիրելու փաստով։ Խոսքը Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսկացության թեկնածու Գոհար Ղումաշյանի մասին է, որին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք էր առաջադրել բարեգործության արգելքը խախտելու համար։
Ղումաշյանն ավելի վաղ Factor TV-ին տված հարցազրույցում նշել էր, որ հեռուստացույց ցանկացել է նվիրել Հայրենական պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանին։ Ընդ որում՝ Ղումաշյանը պնդել էր, թե այդ հեռուստացույցը Աբգարյանի նախորդ տարվա ծննդյան նվերն է, որը չի հասցրել նվիրել։
Ուշագրավ է, թե Ավինյանը, թե Ղումաշյանը նախընտրական շրջանում են փորձում «մարել» նախորդ տարիների նվերները։
«Հանրաքվեի կամ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում` Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը) թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում` կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք (բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշները կամ թեկնածուի անունը, ազգանունը կամ պատկերը բովանդակող և 3000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող արժեքով քարոզչական տպագիր և այլ նյութի կամ առարկայի) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը`պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով»,- նշված է ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 221-ում։
Նարեկ Կիրակոսյան