Արսեն Թորոսյանը՝ 1-ամյա երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեկուկես տարեկան երեխայի նկատմամբ բռնության դեպքի առնչությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշում է, որ երեխաների նկատմամբ նման մոնիթորինգը համայնքային գործառույթ է, և այն իրականացնում են խնամակալության և հոգաբարձության մարմինները։
«Սա չի նշանակում, որ պատասխանատվությունը դնում եմ այլ մարմնի վրա, բայց պետք է հստակ տարանջատել գործառույթները։ Մենք մշտապես կապի մեջ ենք լինում նրանց հետ, եթե կարիք կա միջամտության, այդ թվում՝ երեխաներին մեր ճգնաժամային կենտրոններ տեղավորելու առումով»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ նման դեպքերը երբեմն կարող են երկար ժամանակ աննկատ մնալ, հատկապես եթե երեխան չի հաճախում մանկապարտեզ կամ այլ հաստատություն․ այդ դեպքում արտաքին միջավայրի հետ շփման բացակայությունը դժվարացնում է վտանգի բացահայտումը։
Թորոսյանը նաև ասաց, որ անապահով ընտանիքները պարբերաբար գնահատվում են, իսկ ահազանգերի դեպքում իրականացվում են միջամտություններ։
«Չի կարելի այդ դժբախտությունը ուռճացնել և ներկայացնել, թե ամբողջ հանրապետությունում այդպիսի վիճակ է»,- ընդգծեց նախարարը։
Հիշեցնենք, որ 1 տարեկան երկու ամսական երեխան ԲԿ էր տեղափոխվել մարտի 16-ին՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ։ Ժամեր անց ՆԳՆ-ն հայտնել էր, որ Արարատի մարզում մեկ տարեկան երեխայի սպանության փորձի համար ձերբակալվել է մեկ անձ։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 1-ամյա երեխան այս տարվա հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը պարբերաբար ֆիզիկական ներգործության է ենթարկվել, իսկ մարտի 15-ին փորձել են դիտավորությամբ կյանքից զրկել փոքրիկին։ Հանրային քրեական հետապնդում էր հարուցվել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։ Նա երեկ երեկոյան երկու ամսով կալանավորվել է։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքում գրել է, որ երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
«Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խորը կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ»,- հայտնել է նախարարը։
Մանրամասները տեսանյութում։
Արփի Հակոբյան