Բյուրոկրատական, թե օրենսդրական խնդրի պատճառով. ինչու կալանավորը մահացավ. Դեպարտամենտի պարզաբանումը
Հասարակություն
26.02.2026 | 22:47
Քրեակատարողական հիմնարկում այս տարվա մահվան առաջին դեպքին Factor TV-ն երեկ անդրադարձ էր կատարել, պարզել, որ օրեր առաջ մահացած կալանավոր Տավրոս Ոսկանյանն իրականում ունեցել է կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն, բայց մահացել է անազատության մեջ։ Factor TV-ն հարց էր բարձրացրել, թե ով պետք է պատասխանատվություն կրի Ոսկանյանի մահվան համար։
Այսօր մեր հրապարակմանն արձագանքել են Դատական դեպարտամենտից։
Հիշեցնենք՝ ՔԿՀ-ում մահվան դեպքի մասին հայտնի դարձավ փետրվարի 23-ին, այնինչ ՔԿԾ հետագա պարզաբանման մեջ պարզվեց՝ կալանավորը մահացել է դեռևս փետրվարի 17-ին.
««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1982թ․ ծնված կալանավորված անձի ինքնազգացողության վատթարացման պատճառով 29․01․2026թ․ կանչվել է շտապօգնություն, որը վերջինիս տեղափոխել է քաղաքացիական բժշկական կենտրոն։ 04․02․2026թ․ կալանավորված անձը տեղափոխվել է պալիատիվ բուժօգնության կենտրոն։ 17․02․2026թ․ կենտրոնում գրանցվել է կալանավորված անձի կենսաբանական մահը»,- Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից։
ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ղեկավար Կամո Մանուկյանը մեր հարցին ի պատասխան նշել էր, որ վերջին շրջանում իրականացված հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ այնպիսի հիվանդություններ ունի, որոնք կարող են համապատասխանել պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին.
«ՊՈԱԿ-ը շատ արագ ձեռնամուխ է եղել փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու միջգերատեսչական հանձնաժողովին, որն էլ իր հերթին դրական եզրակացություն է տվել փաթեթին։ Այն ուղարկվել է քրեակատարողական հիմնարկ, որպեսզի միջնորդություն ներկայացվի դատարան՝ պատժից ազատելու համար։ Այդ ընթացքում, և նույն ժամանակ, թե՛ մեր, թե՛ Քրեակատարողական ծառայության կողմից կապ է հաստատվել փաստաբանի հետ, տեղեկացվել է վերջինիս այդ գործընթացի վերաբերյալ, սակայն միջնորդությունը դատարանի կողմից մերժվել էր»։
Դատական դեպարտամենտի քրեական դատարանների մամուլի քարտուղար Լիանա Ռաֆայելյանը նախ ցավակցել է կալանավորի ընտանիքին և պարզաբանել, թե ինչպես է ստացվել, որ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունեցող Ոսկանյանը մահացավ անազատության մեջ.
«Տավրոս Ոսկանյանի կողմից ենթադրաբար բնակարան ապօրինի մուտք գործելով գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ստացվել 2025 թվականի հուլիսի 7-ին։
Գործը դատարան ստացվելուց հետո վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթի փուլում կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու, անփոփոխ թողնելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը Դատարանի կողմից քննության առարկա է դարձվել երկու անգամ, և 2025 թվականի հուլիսի 31-ին ու նույն թվականի հոկտեմբերի 28-ին կայացրած որոշումներով Դատարանը կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգել է՝ յուրաքանչյուր անգամ 3 ամիս ժամկետով։ Առկա են եղել մեղադրյալի կողմից օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու, նոր հանցանք կատարելու և փախուստի դիմելու հիմքերը։
Խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ չի ներկայացվել որևէ փաստական տվյալ, որը հիմք կտար ասելու, թե մեղադրյալի ունեցած առողջական խնդիրներն անհամատեղելի են եղել նրան արգելանքի տակ պահելու հետ։ Նման հանգամանքի մասին չի բարձրաձայնվել նաև քրեակատարողական հիմնարկի կողմից։
Մինչդեռ, 2025 թվականի հունվարի 7-ին Դատարանի կողմից դատավճիռ, այսինքն՝ դատարանում տվյալ վարույթի ընթացքն ավարտող դատական ակտ կայացնելուց հետո, 2026 թվականի փետրվարի 12-ին դատարան է ստացվել պաշտպան Է․Աղաբեկյանի միջնորդությունը՝ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Միջնորդության հիմք է հանդիսացել այն, որ դատավճիռ կայացվելուց հետո
Տավրոս Ոսկանյանի մոտ ախտորոշվել են կալանքի կրման հետ անհամատեղելի հիվանդություններ։
Նույն օրը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից դատարան են ստացվել Տավրոս Ոսկանյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը, այդ թվում՝ 2026 թվականի փետրվարի 11-ին կազմված մինչգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը, համաձայն որի՝ Տավրոս Ոսկանյանի մոտ ախտորոշվել են կալանքի կրման հետ անհամատեղելի հիվանդություններ։
Հիմք ընդունելով այն, որ գործող օրենսդրական կարգավորումները հնարավորություն չեն ընձեռում դատավճիռ կայացնելուց հետո դատական նիստ հրավիրելու և խափանման միջոց կալանքը վերացնելու հարց քննարկելու՝ Դատարանը 2026 թվականի փետրվարի 12-ին այդ մասին կողմերին տվել է գրավոր պարզաբանում՝ ի թիվս այլնի պարզաբանելով, որ Տավրոս Ոսկանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերանայելու հարցը կարող է քննարկել վերադաս դատական ատյանը՝ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք բերվելու դեպքում, կամ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կարող է քննարկվել պատժի հետ անհամատեղելի հիվանդության հետևանքով դատապարտյալին պատժի կրումից ազատելու հարցը։
Դրանից հետո՝ 2026 թվականի փետրվարի 16-ին, պաշտպանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, և գործն Առաջին ատյանի դատարանն անմիջապես ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան»,- Factor TV-ին ուղարկած պարզաբանման մեջ նշել էր Ռաֆայելյանը։
Ստացվում է, Ոսկանյանը, որն ունեցել է կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն և չպետք է գտնվեր բանտում, մահացել է բյուրոկրատական ընթացակարգերի պատճառով։
Արդյոք հնարավոր չէր կանխել կալանավորի մահը, արդյոք օրենսդրական այս կամ այն բացն է կալանավորի մահվան պատճառը դարձել, ի վերջո, Ոսկանյանի մահվան համար որևէ անձ պատասխանատվություն կկրի, թե պատկան մարմինները պատասխանատվությունը կփորձեն մեկը մյուսի վրա գցել․ այս հարցերի պատասխանները մշուշոտ են։
Ռոզա Վարդանյան