ՀՀ-ն պիտի ազգայնացնի երկաթուղին, եթե ՌԴ-ն չվաճառի կոնցեսիան․ կա վտանգ՝ խաթարի ապաշրջափակման բացառիկ շանսը․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.02.2026 | 20:00Factor TV-ի հյուրը «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանն է, որի հետ քննարկել ենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահի այցը, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքները և տարածաշրջանային նախագծերի ապագան։
Անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի այցին Հայաստան՝ Գայանե Աբրահամյանը այն չափազանց կարևոր որակեց թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով։ «Սա ուղերձ էր աշխարհի տարբեր ընկերություններին, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիական դաշտում գործող, որ եթե NVIDIA-ի չիպերի տրամադրման որոշում է կայացնում ԱՄՆ-ն, ուրեմն Հայաստանը ոչ միայն մարդկային ներուժի տեսանկյունից կարողունակ և այդ կարողություններն ունեցող պետություն է և աշխատուժ ունի, այլ նաև վստահելի պետություն է»,- նշեց նա։
Խոսելով ռուսական կողմի արձագանքի մասին, մասնավորապես Շոյգուի հայտարարությունների՝ Աբրահամյանը դրանք որակեց որպես սպառնալիք։ «Ինքնին Շոյգուի հայտարարությունը և հենց իր կողմից մեկնաբանությունը արդեն իսկ մտահոգիչ է, որովհետև սա տնտեսական… եթե, ասենք, Օվերչուկը սրա մասին խոսեր կամ գոնե Լավրովն էլ խոսեր, էլի չէինք զարմանա, բայց Շոյգուի խոսելը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարն է, Պաշտպանության նախկին նախարարն է, այսինքն սա դիտարկում են ռազմավարական կարևորության օբյեկտ»,- ընդգծեց նա։
Քննարկելով հայկական երկաթուղիների շուրջ ստեղծված իրավիճակը, Աբրահամյանը հիշեցրեց, որ ռուսական կողմը տարիներ շարունակ չի կատարել իր ներդրումային պարտավորությունները։ Նա նշեց, որ 2018-19 թվականներին հարուցված քրեական գործով բացահայտվել էին չարաշահումներ, այդ թվում՝ 60 միլիոն դոլարի չարված ներդրում։ «Ամեն տարի տրվող սուբսիդիան, որ Հայաստանի Հանրապետությունը մեր գրպանից է ի վերջո տալիս, որովհետև այդ կազմակերպությունը և այդ ընկերությունը առանց շահույթի է գործում, իսկ ո՞վ է իրենց խանգարում շահույթ ունենալ»,- հարցադրում արեց նա։
Աբրահամյանի խոսքով, ռուսական կողմի համար Հայաստանի երկաթուղիները «պատուհան էին դեպի պատ», սակայն այժմ, երբ այդ պատը քանդվում է, նրանք դեմ են ներդրումներին կամ կոնցեսիոն կառավարումն այլ ընկերության փոխանցելուն։ Նա հնարավոր սցենարներից մեկը համարեց ազգայնացումը, սակայն նշեց, որ դա կհանգեցնի Ռուսաստանի հետ կոնֆրոնտացիայի, ինչը ցանկալի չէ։ Այնուամենայնիվ, նա ընդգծեց․ «Եթե սա սպառնալու է ընդհանրապես Հայաստանի տնտեսական զարգացմանը, որովհետև, ի վերջո, մենք խոսում ենք այն բացառիկ, պատմական հնարավորության մասին, որ վերջապես Հայաստանը ունենալու է շանս ապաշրջափակվելու, եթե սա խաթարվելու է, այդ դեպքում, գիտեք, գուցե ուրիշ տարբերակ չկա»։
Գալիք ընտրությունների համատեքստում Աբրահամյանը մտահոգություն հայտնեց ռուսական ազդեցության և ըստ Լավրովի՝ «մոլդովական սցենարի» կրկնության հնարավորության վերաբերյալ։ Նա ընդգծեց, որ ցանկացած ռուսամետ ուժի հաղթանակը կարող է կործանարար լինել Հայաստանի համար։ «Մենք ուղղակի խաղաղության մասին հավերժ կմոռանանք։ Դա կլինի ոչ միայն ինքնիշխանության կորուստ, այլ ընդհանրապես խաղաղության մասին մենք ուղղակի հավերժ կմոռանանք»,- զգուշացրեց նա։
Նա նաև անդրադարձավ ռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչներին՝ նշելով, որ նրանք, անկախ իրենց հռետորաբանությունից, կախյալ են Կրեմլի ռեժիմից։ «Այդ կալիբրի և այդ մասշտաբի կարողություն կուտակած, ձևավորած և բիզնես ունեցող անձը որևէ կերպ չի կարող չլինել կախյալ Կրեմլից, չլինել կախյալ Պուտինյան ռեժիմից»,- պնդեց Աբրահամյանը՝ հավելելով, որ նման ուժերի իշխանության գալը կնշանակի վերադարձ «հին համակարգին», որտեղ Հայաստանը կրկին կդառնա «մանրադրամ» աշխարհաքաղաքական խաղերում։
Աբրահամյանի համոզմամբ, ներկա իրավիճակում Հայաստանի անվտանգության միակ իրական երաշխավորը կարող է լինել ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ համագործակցությունը։ Նրա խոսքով, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և ԱՄՆ-ի ներգրավվածությունը միակ մեխանիզմներն են, որոնք կարող են զսպել Ադրբեջանին։ «Եթե մենք դուրս ենք գալիս այդ տրամաբանությունից և վերադառնում ենք նոյեմբերի 9-ի տրամաբանությանը, որևէ մեկը Ալիևին չի ճնշելու»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան